Новости по-русски

Արմեն Սարգսյան. «Կան ժամանակներ, երբ ավելի լավ է չխոսել»

Այդ մասին նա ասել է AGBU Magazine ամսագրում հրապարակված «Պարտքն ու ճակատագիրը. Գիտության հանճարից մինչեւ պետության ղեկավար՝ Արմեն Սարգսյանի բազմաթիվ կյանքերը» հոդվածում:

«Դա կանոն է, եթե մտածում ես պետական ծառայության եւ քո երկրին ծառայելու մասին: Կան ժամանակներ, երբ ավելի լավ է չխոսել: Նախագահ եւ վարչապետ եղած ժամանակ արել եմ այն, ինչ կարող էի: Հիմա խոսելը մեծ օգուտ չի բերի, եթե, իհարկե, ինձ չեն խնդրում, որ խոսեմ». – ասել է Հայաստանի նախկին նախագահը: 

Մեդիամաքսը հիշեցնում է, որ 2025 թվականի հունիսին Հայաստանի նախկին նախագահ Արմեն Սարգսյանն հայտարարել էր, որ դեմ էր 2015 թվականի սահմանադրական փոփոխություններին:

Նախկին նախագահի այս խոսքերը մեջբերել էր Daily Bruin պարբերականը՝ Կալիֆորնիայի համալսարանի (UCLA) Բարքլ կենտրոնում Արմեն Սարգսյանի կարդացած դասախոսության մասին պատմող հոդվածում:

Արմեն Սարգսյանն ասել էր, որ ընդդիմանում էր 2015 թվականի փոփոխություններին, քանի որ «Սահմանադրությունը հիմնականում գրվել էր գերմանացի խորհրդատուների կողմից»: Նա նշել էր, որ Հայաստանի եւ Գերմանիայի միջեւ առկա տարբերությունների պարագայում խորհրդարանական կառավարման համակարգը հարմար չէր Հայաստանի համար:

«Բոլորի համար նույն կաղապարը չի կարող հարմար լինել։ Յուրաքանչյուրն ունի իր պատմությունը, իր մշակույթը, իր ինքնությունը։ Հայերը գերմանացիներ չեն», - ասել էր Արմեն Սարգսյանը:

Արմեն Սարգսյանը ՀՀ նախագահի թեկնածու էր դարձել եւ հետագայում ստանձնել էր այդ պաշտոնը սահմանադրական փոփոխությունները նախաձեռնած Սերժ Սարգսյանի հրավերով, որը դրանց արդյունքում նախագահական երկու ժամկետներից հետո ստանձնելու էր վարչապետի պաշտոնը:

2018 թվականի մարտի 2-ին Արմեն Սարգսյանը Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանն ասել էր. 

«Շատ գնահատելի է վերջին տարիների ընթացքում Ձեր տեսլականը եւ փոփոխությունները, որոնք կատարվում են մեր հայրենիքում՝ անցումը դեպի նոր՝ խորհրդարանական կառավարման հանրապետության, որը նոր դռներ է բացում ժողովրդավարության ամրապնդման համար»:

Читайте на сайте