18-ամյա Մերի Հակոբյան. Եթե փոփոխության հիմքում չլինես դու, ապա՝ ո՞վ
Մենք ամեն օր ընտրություն ենք կատարում՝ ինչ հագնել, ուտել, ինչպես անցկացնել օրը։ Շատ դեպքերում այդ որոշումները կայացնում ենք առանց դրանց նշանակության մասին երկար մտածելու։ Բայց կան ընտրություններ, որոնք մեր առօրյա կյանքից բացի, ազդեցություն ունենում են բոլորիս կյանքի վրա:
2026 թվականին Հայաստանում շատ երիտասարդներ առաջին անգամ կմասնակցեն համապետական ընտրություններին։ Սա կլինի նրանց առաջին փորձը՝ կարծիք եւ դիրքորոշում արտահայտելու ու գիտակցելու՝ ինչ դեր կարող է ունենալ անգամ մեկ ձայնը երկրի կյանքում։
«Ընտրելու եմ առաջին անգամ» շարքում Մեդիամաքսը ներկայացնում է Երեւանում եւ Հայաստանի մարզերում բնակվող այն երիտասարդներին, որոնք առաջին անգամ են քվեարկելու:
Զրուցել ենք 18-ամյա Մերի Հակոբյանի հետ՝ Արարատի մարզի Այգավան համայնքից։
Հակաուտոպիան, մոգական ռեալիզմն ու պայքարն արդարության համար
18-ամյա Մերի Հակոբյանն առաջին կուրսի ուսանող է։ Սովորում է Երեւանի պետական համալսարանի Եվրոպական լեզուներ եւ հաղորդակցություն ֆակուլտետում՝ Անգլերեն, գերմաներեն եւ հաղորդակցություն բաժնում։
«Գերմաներեն սովորելու որոշումս մեծապես պայմանավորված է իմ հոբբիներով։ Շատ եմ սիրում կարդալ եւ ունեմ նախընտրած ժանրեր՝ հակաուտոպիա, մոգական ռեալիզմ, էքզիստենցիալ գրականություն։ Ինձ վրա մեծ ազդեցություն են թողել Կաֆկան, Քամյուն եւ Ժան-Պոլ Սարտրը»,- պատմում է Մերին՝ ավելացնելով, որ կարդալուց բացի մեծ տեղ է հատկացնում նաեւ երաժշտությանը։
«Լսում եմ Pink Floyd, Queen, Black Sabbath»։
ԵՊՀ-ն ավարտելուց հետո Մերին նախատեսում է կրթությունը շարունակել արտերկրի բուհերից մեկում, բայց շեշտում է՝ անպայման Հայաստան վերադառնալու եւ ստացած գիտելիքն ու փորձն այստեղ կիրառելու նպատակով։
Ապրելով Արարատի մարզի Վեդի համայնքի Այգավան գյուղում՝ նա 16 տարեկանից «Մարզերի երեխաները մարզերում» (ՄԵՄ) սոցիալ-կրթական հասարակական կազմակերպության կամավոր է եւ զբաղվում է համայնքային ակտիվությամբ.
«Մեր գյուղն այնքան էլ մեծ չէ, բայց կարողանում ենք այստեղ իրականացնել տարատեսակ նախաձեռնություններ»։
Երբ հարցնում եմ իր անձնային հատկանիշների մասին, ժպտում է.
«Շրջապատիս մարդիկ ասում են՝ ամենավառ հատկանիշներիցս մեկն արդարության համար մշտապես պայքարելն է: Իսկապես չեմ կարողանում լռել, երբ տեսնում եմ որեւէ խտրականություն կամ անարդարություն: Շատ եմ բարձրաձայնում երիտասարդների իրավունքների եւ նրանց համար հնարավորություններ ստեղծելու կարեւորության մասին»։
«Կամավորությունը երիտասարդին տալիս է ամեն ինչ, բացի՝ գումարից»
«Մեր կազմակերպության՝ ՄԵՄ-ի հիմնադիր եւ տնօրեն Մայիս Մարգարյանը միշտ ասում է՝ կամավորությունը երիտասարդին տալիս է ամեն ինչ, բացի՝ գումարից։
Իսկապես այդպես է, քանի որ ինքս այս տարիների ընթացքում գիտելիք եւ բազմաթիվ կարեւոր հմտություններ եմ ձեռք բերել, որոնք կարող եմ կիրառել թե՛ առօրյա կյանքում, թե՛աշխատաշուկայում։ Օրինակ՝ ժամանակի ճիշտ կառավարումը, միջոցառումների կազմակերպումը, խնդիրներ նկատելը, լուծումներ փնտրելը, նախաձեռնող լինելը, կապերն ու նոր ծանոթ-ընկերները Հայաստանի բոլոր անկյուններից», - ասում է Մերին:
Միեւնույն ժամանակ նկատում է՝ ցավոք, Հայաստանում չկան սահմանված առավելություններ, որոնք կտրվեն համայնքային ակտիվիզիմով զբաղվողներին եւ կոգեշնչեն նաեւ մյուսներին.
«Այս դեպքում դու շարունակում ես գործել՝ հիմնվելով սեփական մոտիվացիայի եւ համայնքիդ հանդեպ ունեցած պատասխանատվության վրա: Իսկապես ցանկանում ես փոխել, բարելավել որեւէ բան, բայց դա անում ես սեփական ռեսուրսների, առաջին հերթին՝ անձնական ժամանակի հաշվին»:
«Ապակենտրոնացումը՝ կարեւորագույն քայլ Հայաստանի զարգացման համար»
Մեծանալով մարզային համայնքում՝ 18-ամյա աղջիկը համոզված է, որ Հայաստանի զարգացման համար անհրաժեշտ առաջնային քայլերից մեկն ապակենտրոնացումն է։
Մերին նշում է՝ ցավոք, գրեթե բոլոր կրթական, ժամանցային, աշխատանքային եւ այլ հնարավորություններն այսօր կենտրոնացած են Երեւանում, իսկ մարզերում անհասանելի են.
«Միեւնույն ժամանակ, երբ փորձում ենք գնալ ապակենտրոնացման ճանապարհով ստացվում է հետեւյալ պարադոքսալ երեւույթը: Երբ պետությունը կամ բարերարները փորձում են մարզերում որեւէ ներդրում կատարել, հիմնականում ընտրում են Երեւանից առավել հեռու գտնվողները: Ստացվում է, որ նույն Արարատի մարզում, որը Երեւանից 30-40 րոպե հեռավորության վրա է, որեւէ ռեսուրս չի կենտրոնանում: Այստեղ կրթական նախագծեր, ինչ-որ միջոցառումներ կամ համերգներ գրեթե չեն իրականացվում: Այո՛, շատերն ասում են, որ Արարատի մարզից կարելի է հեշտ հասնել Երեւան եւ լրացնել այդ բացը:
Օրինակ՝ ծնողներս կարողացել են ինձ պարբերաբար բերել մայրաքաղաք՝ տարբեր մանկական ակտիվությունների մասնակցելու, բայց պետք է հասկանալ՝ ոչ բոլոր ընտանիքները կարող են գումար ծախսել ճանապարհի ու երեւանյան ակտիվությունների վրա: Երեւանին մոտ գտնվելը չպետք է պատճառ դառնա, որ տվյալ մարզը կամ համայնքն անտեսվի»:
Մերիի խոսքով՝ այսօր էլ իր գյուղում կան բազմաթիվ երեխաներ, որոնք երբեք Երեւանում չեն եղել, թատրոն, կինո չեն այցելել, կենդանի երաժշտություն չեն լսել.
«Կարծում եմ՝ ՏԻՄ մարմինների համապատասխան բաժիններն այստեղ անելիք ունեն»։
«Երիտասարդների վրա ռեսուրսներ կենտրոնացնելն ապագայի համար ամենաճիշտ որոշումն է»
«Բնականաբար, Հայաստանում կան բազմաթիվ դրական երեւույթներ, բայց տեսնում եմ նաեւ խնդիրներ: Օրինակ՝ կրթության ոլորտում», - ասում է Մերին եւ ընդգծում՝ թեեւ կան որոշակի դրական տեղաշարժեր, բայց հատկապես այս ոլորտում դեռեւս պահպանվում է խորհրդային մոտեցումների ազդեցությունը.
«Դասախոսների եւ ուսուցիչների շրջանում դասավանդման մեթոդները հաճախ չեն թարմացվում: Կրթության հիմքում շարունակում է մնալ ստիպելու կամ պատժելու տրամաբանությունը, այն դեպքում, որ լավ կրթություն կարելի է ապահովել միայն սովորողի մոտ հետաքրքրություն, ցանկություն, մոտիվացիա արթնացնելով։ Չկա նաեւ դասավանդման անհատական մոտեցում, իսկ յուրաքանչյուր մարդ սովորելու իր մեթոդն ունի»։
Մերին նկատում է նաեւ երիտասարդներին տրվող հնարավորությունների պակասը.
«Այս խնդրի լուծումը կարեւորում եմ ոչ միայն այն պատճառով, որ ինքս էլ եմ երիտասարդ, այլեւ՝ քանի որ կարծում եմ՝ հենց երիտասարդներն են ցանկացած պետության շարժիչ ուժը: Նրանց վրա ռեսուրսներ կենտրոնացնելն ապագայի համար ամենաճիշտ որոշումն է, հակառակ դեպքում՝ շատերը կարող են հեռանալ արտերկիր՝ փնտրելով կրթության, աշխատանքի, կյանքի ավելի լավ հնարավորություններ: Սրանից խուսափելու համար երիտասարդը պետք է գիտակցի, որ իրեն արժեւորում են սեփական երկրում»։
«Պետք է դուրս գալ «դե լա՜վ, ժողովուրդն ի՞նչ կարա անի» մտածողությունից»
Մերին շատ է կարեւորում, որ ընտրություններ կատարելու իրավունք ունի։ Գնահատում է սա՝ գիտակցելով, որ միշտ չէ այսպես եղել.
«Ցավոք, շատերն այսօր չեն արժեւորում ընտրություն ունենալու հնարավորությունը՝ անտեսելով պայքարը, որ եղել է այս իրավունքը «վաստակելու» համար: Այսօր ես կարող եմ կատարել ընտրություն եւ առանց վախի բարձրաձայնել դա: Կարող եմ կարծիք արտահայտել, ընտրել՝ ինչ գրականություն կարդալ կամ ինչ երաժշտություն լսել՝ առանց վախի: Այս տարի ունեմ նաեւ քաղաքական ընտրություններին մասնակցելու իրավունք եւ անպայման քվեարկելու եմ»։
Նրա խոսքով՝ Հայաստանը ժողովրդավարական երկիր է, իսկ ժողովրդավարության հիմքում մարդիկ են:
«Եթե փոփոխության հիմքում չլինես դու, ապա՝ ո՞վ: Քեզ տրված է իրավունք փոխել միջավայրդ, դրանում առկա խնդիրները տեսնելուց հետո բարձրաձայնել, փնտրել լուծումներ: Եթե դու միայն անդադար բողոքես առկա խնդիրներից, բայց ինքդ երբեք ոչ մի քայլ չանես, անգամ՝ չմասնակցես ընտրություններին, կստացվի անելանելի, փակ շղթա»։
Մերին ասում է՝ իր շրջապատում էլ կան մարդիկ, որոնք կրկնում են՝ «սա մեր գործը չէ, մեր ամբողջ կյանքը չենք նվիրելու խնդիրների լուծմանը»: Բայց 18-ամյա աղջկա համար այս մոտեցումն անընդունելի է.
«Չեմ կարծում, որ սա ենթադրում է «կյանքը նվիրել», հակառակը՝ դու հնարավորություններիդ սահմաններում բարելավում ես միջավայրը, որում էլ անցնում է կյանքդ: Հատկապես մեր ավագ սերունդը սովոր է դեռ խորհրդային տարիներից մնացած կառավարման մոդելին, երբ իշխանություն-քաղաքացի կապը տեղի էր ունենում ծնող-երեխա մոդելով. իշխանությունն ասում էր, ժողովուրդն՝ անխոս ենթարկվում: Այսօր պետք է գիտակցել՝ դու ինքդ ունես խոսելու, փոփոխություն բերելու ու քեզ տրված պատասխանատվությունը կրելու իրավունք: Պետք է դուրս գալ «դե լա՜վ, ժողովուրդն ի՞նչ կարա անի» մտածողությունից»:
«Անտարբերության հիմքում հիասթափվելու վախն է»
«Իմ սերունդն արդեն հասցրել է տեսնել 2020թ.-ի 44-օրյա պատերազմը, հետո՝ արցախցիների տեղահանումը: Մեզ մոտ վստահության հետ կապված լուրջ հոգեբանական խնդիրներ կան։ Մենք հիասթափվելու, նորից կորցնելու վախեր ունենք», - խոստովանում է Մերին: Բայց նաեւ վստահ է՝ անգործությունից այդ վախը միայն կրկնապատկվում է.
«Այո՛, դու ոչինչ չես փոխում, վրայիցդ հանում ես պատասխանատվությունը, բայց փաստացի՝ միջավայրդ եւ շուրջդ եղած իրավիճակն էլ են մնում նույնը: Վախը պետք է հաղթահարել, քանի որ առաջընթացի հիմքում շարժումն ու փոփոխությունն է»:
«Եթե խուսափեք ձեր բաժին պատասխանատվությունից, հետո մի փորձեք բողոքել»
Մերին ասում է՝ հիմա նախընտրական քարոզչության համար ակտիվ օգտագործվում են սոցիալական ցանցերը, որոնց միջոցով էլ հետեւելու է տրվող խոստումներին եւ առաջարկվող լուծումներին.
«Առավել ուշադիր եմ լինելու ուժերի նկատմամբ, որոնք իրենց ծրագրերում մեծ տեղ են տալու երիտասարդների հնարավորությունների ընդլայնմանը: Կարեւորելու եմ կրթական ոլորտի զարգացումը, ապակենտրոնացումն ու մարզերին ուղղված ուշադրությունը»:
Ընտանիքի հետ եւս երիտասարդ աղջիկն ունենում է քաղաքական քննարկումներ: Ժպիտով նշում է՝ հիմնականում կարծիքների եւ դիրքորոշումների բախում է լինում, բայց՝ «առանց ճնշումների որեւէ կողմից»։ Մերին շեշտում է՝ «ո՞ւմ ընտրել» որոշումը կայացնելու է ինքնուրույն.
«Իսկ հասակակիցներիս ուզում եմ հիշեցնել՝ պետության կառավարումը ձե՛ր ձեռքում է: Իհարկե, ընտրությունների ընթացքում կարող են լինել կեղծիքներ, այս ռիսկերը միշտ կան, բայց առնվազն չպետք է խուսափեք ձեր բաժին պատասխանատվությունից։ Մասնակցե՛ք քվեարկությանը։ Հակառակ դեպքում՝ հետագայում մի փորձեք բողոքել, քանի որ փոփոխություն բերելու ձեզ տրված իրավունքից ժամանակին հրաժարվել եք»։
Յանա Շախրամանյան
Լուսանկարները՝ Դավիթ Ղահրամանյանի