Երկար սպասված վերադարձ. «Նաիրի» կինոթատրոնը վերաբացվել է
Երեւանի մշակութային կյանքի կարեւոր հանգրվաններից մեկը՝ «Նաիրի» կինոթատրոնը, տարիների դադարից հետո վերաբացվում է՝ համադրելով պատմական հիշողությունն ու ժամանակակից տեխնոլոգիաները։
Վերաբացմանն ընդառաջ կազմակերպված մամուլի ասուլիսում ներկայացվել են վերագործարկման մանրամասները եւ զարգացման ծրագրերը։
«Կինոթատրոնի վերադարձը կարեւոր իրադարձություն է ոչ միայն կինոոլորտի, այլեւ ողջ մշակութային կյանքի համար։ Խոսքը մի վայրի մասին է, որն ունի ձեւավորված պատմություն եւ իր հաստատուն տեղը քաղաքի մշակութային քարտեզում», - ասել է հանրային կապերի մասնագետ Գոհար Սարգսյանը։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը «Նաիրի» կինոթատրոնը որակեց որպես «պատմական պահ»։ Նա շեշտեց, որ տարիներ շարունակ դադարած մշակութային գործունեությունից հետո «Նաիրի»-ի վերագործարկումը կարեւոր քայլ է կինոյի ռազմավարական զարգացման ճանապարհին։
Դանիել Դանիելյանը անդրադարձավ նաեւ ոլորտում վերջին զարգացումներին՝ ընդգծելով, որ հայկական կինոն աստիճանաբար ակտիվանում է։ Նրա խոսքով՝ ներդրվել է կինոարտադրության համար ներդրումների մասնակի վերադարձի մեխանիզմ, որի շրջանակում արդեն շուրջ 100 միլիոն դրամ է վերադարձվել արտադրողներին։
Կինոթատրոնի տնօրեն Լիանա Թամրազյանը ներկայացրեց կատարված աշխատանքներն ու ապագա ծրագրերը՝ նշելով, որ շենքը գտնվել է ծանր վիճակում, սակայն վերանորոգման արդյունքում ստեղծվել է միջազգային չափանիշներին համապատասխան տարածք։ Նրա խոսքով՝ «Նաիրի»-ն արդեն հագեցած է ժամանակակից տեխնիկայով՝ ներառյալ լազերային պրոյեկտոր, բարձրակարգ ձայնային համակարգ եւ 3D ցուցադրման հնարավորություններ։
Միեւնույն ժամանակ, Լիանա Թամրազյանը շեշտեց, որ առաջնայինը ոչ թե տեխնոլոգիան է, այլ հանդիսատեսի հետ վերականգնվող կապը.
«Կարեւոր է այն մթնոլորտը, որը կարողանում ենք ստեղծել՝ վերադարձնելով կինոդիտման մշակույթը»։
Կինոթատրոնը չի սահմանափակվելու միայն ֆիլմերի ցուցադրությամբ։ Այն կդառնա բաց հարթակ՝ քննարկումների, մշակութային միջոցառումների, հանդիպումների եւ նույնիսկ փառատոնների համար։ Արդեն նախատեսվում է նաեւ շենքի ամբողջական վերակառուցում, որի արդյունքում կինոթատրոնը մի քանի դահլիճ կունենա։
Լիանան Թամրազյանը ընդգծեց պետական եւ մասնավոր հատվածների համագործակցության կարեւորությունը՝ նշելով, որ նախագծին աջակցել են տարբեր գործընկերներ։
«Նաիրի»-ի շենքը ներկայում չի գործում որպես միասնական մշակութային տարածք. դրա որոշ հատվածներ վարձակալված են տարբեր սուբյեկտների կողմից։ Լիանա Թամրազյանի խոսքով՝ այս հարցի կարգավորման ուղղությամբ այժմ ընթանում են իրավական գործընթացներ Globbing ընկերության հետ։ Նպատակն է վերականգնել շենքի ամբողջական գործառույթը։
Կինոթատրոնն արդեն սկսել է աշխատանքը. ցուցադրություններն ընթացքի մեջ են, եւ հանդիսատեսը կարող է այցելել «Նաիրի»՝ դիտելու ինչպես հայկական, այնպես էլ միջազգային ֆիլմեր։ Ծրագրում ընդգրկված են նաեւ մանկական ցուցադրություններ։
Աստղիկ Հովհաննեսով
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի