Новости по-русски

ԼՂՀ ՊՆ–ն հերքում է Ադրբեջանի ՊՆ–ի հերթական ապատեղեկատվությունը

ԼՂՀ ՊՆ–ն հերքում է Ադրբեջանի ՊՆ–ի հերթական ապատեղեկատվությունը

Արցախի պաշտպանության նախարարությունը հերքում է Ադրբեջանի ՊՆ–ի տարածած հերթական ապատեղեկատվությունը։

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի. /ԱՌԿԱ/. Արցախի պաշտպանության նախարարությունը հերքում է Ադրբեջանի ՊՆ–ի տարածած հերթական ապատեղեկատվությունը, հաղորդում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

«Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից այսօր տարածված տեղեկատվությունն առ այն, թե իբր հայկական ուժերը մարտի 3-ի լույս 4-ի գիշերը փորձել են մոտենալ իրենց դիրքերին, սակայն կորուստներ կրելով հետ նահանջել, հակառակորդ երկրի ռազմական գերատեսչության քարոզիչների հերթական վառ երևակայության արդյունքն է», – նշվում է հաղորդագրության մեջ։

ԼՂՀ ՊՆ–ն նաև հայտնում է, որ այսօր ժամը 15:20-ի սահմաններում հակառակորդը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային ուղղությամբ կիրառել է տարբեր տրամաչափի ականանետեր:

«ԼՂՀ պաշտպանության բանակը ադրբեջանական զինուժի ակտիվությունը ճնշելու համար դիմել է պատժիչ գործողությունների և վերջինիս ստիպել ձեռնպահ մնալ իրադրությունը սրելու հետագա քայլերից», – նշվում է հաղորդագրության մեջ։

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին: 

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-

Читайте на 123ru.net