Новости по-русски

Երևանն արձագանքեց կրոնական տոների նախաշեմին հրադադարի ռեժիմը պահպանելու մասին ԵԱՀԿ–ի կոչին

ԵՐԵՎԱՆ, 18 մարտի. /ԱՌԿԱ/. ՀՀ պաշտպանության նախարարությունն արձագանքեց կրոնական տոների նախաշեմին հրադադարի ռեժիմը պահպանելու մասին ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշչիկի կոչին։

Ս. Հարության և Նովրուզ Բայրամի կապակցությամբ Կասպրշչիկը կոչ է արել ղարաբաղյան հակամարտության կողմերին խստորեն հետևել հրադադարի ռեժիմի պահպանմանն ու խուսափել լարվածության աճին հանգեցնող ցանկացած գործողություններից շփման գծում կամ սահմանին։

«Արձագանքելով ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի կոչին հայտարարում ենք, որ ՀՀ ԶՈւ պատրաստ են խստորեն պահպանել հրադադար ՀՀ սահմաններում և չեն ձեռնարկի որևէ քայլ, որը կարող է հանգեցնել զինված դիմակայության լարվածության աճին՝ մի պայմանով, եթե ադրբեջանական ԶՈւ-ը ևս դրական կարձագանքեն վերոհիշյալ կոչին», – Facebook սոցցանցի իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։

Մարտի 21–ին Ադրբեջանում կնշվի մուսուլմանական Նովրուզը։ Մարտի 27–ին Հայաստանը կնշի Սուրբ Հարության տոնը։ 

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-

Читайте на 123ru.net