Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունը 2016 թ.–ի երկու ամսվա ընթացքում ավելացել է 7%–ով
ԵՐԵՎԱՆ, 22 մարտի. /ԱՌԿԱ/. Տարեսկզբի երկու ամիսներին Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրության ծավալները 7 տոկոսով ավելացել են, տեղեկացրեցին ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության մամուլի ծառայությունից։
Նախարարության տվյալներով` հունվար-փետրվարին ընդհանուր առմամբ Հայաստանում արտադրվել է 1,3 մլրդ կՎտ ժամ էլեկտրաէներգիա։
«Աճ է արձանագրվել ինչպես ատոմակայանում, այնպես էլ ՋԷԿ-երում և ՀԷԿ-երում։ ՀԱԷԿ-ում արտադրության ծավալներն ավելացել են 1,8, ջերմային կայաններում՝ 2, հիդրոկայաններում՝ ավելի քան 27 տոկոսով», – նշվում է հաղորդագրության մեջ։
Տարեսկզբի երկու ամիսներին ՀԱԷԿ-ում արտադրվել է 541 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա։ Ջերմային կայաններում արտադրության ծավալները կազմել են 459 մլն կՎտ ժամ։ Նախորդ տարվա 246 մլն կՎտ ժամի դիմաց՝ ՀԷԿ-երում էլեկտրաէներգիայի արտադրության ծավալը գերազանցել է 313 մլն կՎտ ժամը։–0–