Պիզելի. Վարուժան Սուքիասյանը նոր փիլիսոփայություն կբերի թիմ
Մարզումներից հետո ֆուտբոլիստները պատասխանել են լրագրողների հարցերին:
Մարկոս Պիզելի. Ամեն ինչ անում ենք, որ թիմի համար լավ լինի
Ես լավ մարզավիճակում եմ գտնվում ու պատրաստ եմ հավաքականի առաջիկա հանդիպմանը: Երբ առաջին անգամ եկա Հայաստան, Վարուժան Սուքիասյանն ինձ շատ օգնեց այստեղ հարմարվելու հարցում: Նա նոր մարզիչ է թիմի համար, ու, բնականաբար, նոր փիլիսոփայություն կբերի իր հետ:
Բոլորս աշխատում ենք, որպեսզի թիմի համար ամեն ինչ լավ լինի, այնպես որ, համատեղ ուժերով շարունակելու ենք մարզումները: Իհարկե, Ռոբերտ Արզումանյանը, Յուրա Մովսիսյանն ու Գեւորգ Ղազարյանը իմ լավ ընկերներն են, սակայն կազմը ես չեմ որոշում, իսկ թիմ հրավիրված նոր տղաներն էլ, կարծում եմ, կկարողանան իրենց լավագույնս դրսեւորել:
Էդգար Մանուչարյան. Պետք է ընկերական խաղերում ամբողջովին տրվել
Տպավորություններն առաջին մարզումից լավն են, բոլորն էլ գիտեն, որ Վարուժան Սուքիասյանը փորձառու մարզիչ է: Ընկերական խաղերի արդյունքներից կերեւա թիմի պոտենցիալը: Իհարկե, պետք է ընկերական խաղերում ամբողջովին տրվել, հաղթել ու ԱԱ-2018-ի ընտրական մրցաշարին լավ մարզավիճակում մոտենալ:
Բելառուսի դեմ հանդիպումը վերջինն է լինելու Ռոման Բերեզովսկու համար: Վաղ թե շուտ նա հեռանալու էր: Ցանկանում ենք, որ նա առողջ լինի, շարունակի մեզ հետ մնալ ու պատանի ֆուտբոլիստներին ճիշտ ուղղություն ցույց տալ:
Մենք կզգանք թիմից հեռացածների կարիքը, բայց ֆուտբոլ է, պետք է շարունակենք առաջ նայել: