Новости по-русски

Շարմազանով. Ադրբեջանի վայրագությունները հիշեցնում են ԴԱԻՇ-ի գործելաոճը

Շարմազանով. Ադրբեջանի վայրագությունները հիշեցնում են ԴԱԻՇ-ի գործելաոճը

Ապրիլի 1-ից սանձազերծված և չորս օր ադրբեջանական զինված ուժերի կողմից կատարված վայրագություններն ամբողջությամբ, ըստ Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի, հիշեցնում են ԴԱԻՇ-ի` «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գործելաոճը։

Երեկ լեհական Պոզնան քաղաքում Լեհաստանի Սեյմի փոխնախագահ Ռիչարդ Տերլեցկու հետ հանդիպման ժամանակ Շարմազանովն ընդգծել է, որ մասնավորապես տեղի են ունեցել դիակների անդամահատումներ, գլխատումներ, ինչպես նաև քաղաքացիական անձանց սպանություններ իրենց տներում:

«Դպրոցների ուղղությամբ արձակված կրակահերթերը նաև երեխայի կյանք են խլել», - Ազգային ժողովի փոխնախագահի աշխատակազմի փոխանցմամբ, ասել է Շարմազանովը:

Հայաստանի ԱԺ փոխնախագահը հիշեցրել է Սեյմի փոխնախագահին նաև պաշտոնական Ադրբեջանի կողմից ոչնչացված հազարավոր խաչքարերի մասին:

Հանդիպման ավարտին Շարմազանովը Սեյմի փոխնախագահին է փոխանցել ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացված վայրագություններն ապացուցող բազմաթիվ նյութեր:

Վստահեցնելով, որ Հայաստանի խորհրդարանը մեծապես կարևորում է հայ-լեհական համագործակցությունը ոչ միայն երկկողմ ձևաչափով, այլև բազմակողմ, Էդուարդ Շարմազանովը հատկապես ընդգծել է միջազգային խորհրդարանական վեհաժողովների շրջանակներում երկու բարեկամ երկրների խորհրդարանների ներկայացուցիչների միջև կառուցողական գործակցության զարգացումը:

Տերլեցկին բարձր է գնահատել լեհ-հայկական բարեկամությունը և հույս հայտնել, որ այն շարունակական զարգացում կունենա: Սեյմի փոխնախագահը նաև տեղեկացրել է, որ արդեն սկսվել են Լեհաստան-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի ստեղծման աշխատանքները:

Читайте на 123ru.net