Լեւոն Ալթունյան. «Ինգո Արմենիա»-ի ցուցանիշներն աճել են ԱՊՊԱ-ի հաշվին
«Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերության գործադիր տնօրեն Լեւոն Ալթունյանն ասել է, որ ընկերության 2016թ. ֆինանսական ցուցանիշների աճը տեղի է ունեցել հիմնականում ԱՊՊԱ-ի հաշվին:
Այս մասին Լեւոն Ալթունյանն ասել Երեւանում տեղի ունեցած քննարկման ժամանակ` պատասխանելով Banks.am-ի հարցին:
«Ընկերության ապահովագրական պորտֆելի շուրջ 48%-ը կազմում է ԱՊՊԱ-ն, իսկ մյուս մասը հիմնականում բաշխված է ունեցվածքի եւ բժշկական ապահովագրության ճյուղերի միջեւ: Ընկերության արձանագրած ֆինանսական ցուցանիշների աճն այս տարի տեղի է ունեցել հիմնականում ԱՊՊԱ-ի հաշվին»,- ասել է ընկերության տնօրենը:
Լեւոն Ալթունյանը նշել է, որ «Ինգո Արմենիան»-ն ավանդաբար աճ է արձանագրում նաեւ բժշկական ապահովագրության ուղղությամբ: Այս ոլորտում ընկերությունն աշխատում է հիմնականում կորպորատիվ հաճախորդների հետ:
Ինչ վերաբերում է ունեցվածքի ապահովագրությանը, ընկերության տնօրենը նշել է, որ այն մեծապես կախված է ՀՀ-ում օտարերկրյա ներդրումների ծավալների դինամիկայից: Իսկ բանկերի միջոցով ունեցվածքի ապահովագրության աճի մասին խոսելը, ըստ Լեւոն Ալթունյանի, այնքան էլ իրատեսական չէ, քանի որ վերջին շրջանում ՀՀ բանկային հատվածում նկատվում է վարկավորման ծավալների անկում:
Հարկ է նշել, որ «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերության շահույթը, ըստ միջանկյալ ֆինանսական հաշվետվության, 2016թ. առաջին եռամսյակում կազմել է շուրջ 203,2 մլն դրամ՝ անցած տարվա 5,8 մլն դրամ վնասի փոխարեն, իսկ ընկերության ակտիվներն աճել են 0,5%-ով եւ կազմել 9,7 մլրդ դրամ: