Новости по-русски

Վահան Թուրեկյան. Հայաստանում նորարարության ոգին ամենուր է

Ապրիլի 14-ին Հայաստանի ամերիկյան համալսարանում դասախոսությամբ հանդես եկավ գիտության և տեխնոլոգիաների հարցերով ԱՄՆ-ի պետքարտուղարի խորհրդական, մեր հայրենակից Վահան Թուրեկյանը:

«Գիտության դիվանագիտություն. նշանակությունը եւ հաջողության գործոնները» դասախոսության ընթացքում նա ներկաներին պատմեց, որ իր` որպես անհատի ձեւավորման վրա մեծ ազդեցություն են ունեցել իր մայրական եւ հայրական պապերը, որոնք ԱՄՆ-ում ապրել են հայ միգրանտների կարգավիճակում:

«Ես իմ պապերից սովորել եմ չապրել անցյալով, այլ կենտրոնանալ ապագայի վրա եւ զարգացնել միտքը, քանի որ այն ոչ ոք չի կարող խլել մեզնից»,- ասաց Վահան Թուրեկյանը:

Նա շրջակա միջավայրի միջազգային պահպանության, գիտության, տեխնոլոգիայի և առողջապահության հարցերով ԱՄՆ պետքարտուղարի խորհրդականն է 2015թ. սեպտեմբերից: Խոստովանում է, որ պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից պլանավորել է պաշտոնական այցով լինել Հայաստանում:

«Վերջին անգամ Հայաստանում եմ եղել 16 տարի առաջ, երբ եկել էի Ամերիկյան համալսարան`որպես հրավիրյալ դասախոս: Քանի որ իմ աշխատանքը պետքարտուղարությունում գիտության եւ տեխնոլոգիաների գծով է, հատկապես երբ դրա ուղղվածություններից մեկը ամերիկյան գիտնականների եւ աշխարհի տարբեր երկրների գիտնականների միջեւ կապերի ամրապնդումն է, որոշեցի այստեղ գալ պարզելու, թե ինչ է փոխվել այստեղ 16 տարիների ընթացքում: Ինձ համար կարեւոր է տեսնել, թե այս հրաշալի երկրում ինչպիսին է գիտության եւ նորարարության վիճակը»,- ասել է Վահան Թուրեկյանը:
 
Նա նշել է, որ իր վերջին այցից հետո շատ բան է փոխվել Հայաստանում, բայց անփոփոխ է մնացել իր հավատը, որ այս երկրի ապագան երիտասարդներն են` իրենց բացառիկ տաղանդով:

Ըստ նրա, «Հայաստանի Ամերիկյան համալսարան» անվանումը խորհրդանշական է:
[[gallery1]]
«Այս պահին ես ամերիկացի եմ Հայաստանում, իսկ երբ վերադառնամ Միացյալ նահանգներ, ես կլինեմ ԱՄՆ քաղաքացի, ով ունի հայկական արմատներ»,-ասաց նա:

Վահան Թուրեկյանը պատմեց, որ պապերից բացի, իր վրա մեծ ազդեցություն է գործել հայրը՝ Կարլ կամ Գարեգին Թուրեկյանը: «Հայրս աղքատ երեխա է եղել, նույնիսկ մինչեւ 5 տարեկան անգլերեն չի իմացել, միայն հայերեն է խոսել: Բայց հետագայում դարձել է  Երկիր մոլորակի հետազոտություններով զբաղվող ամենահեղինակավոր գիտնականներից մեկը, 57 տարի դասախոսել է Յելի համալսարանում եւ եղել Ամերիկայի գիտությունների ազգային ակադեմիայի պատվավոր անդամ»,- ասաց նա:

Թուրեկյան-ավագը եղել է այն քիչ գիտնականների թվում, որոնց հաջողվել է լինել  ԽՍՀՄ-ում՝ ճեղքելով Երկաթյա վարագույրը: Ըստ Թուրեկյանի, դա հաջողվել է իր հորը, քանի որ գիտությունը միշտ կարողացել է կապեր ստեղծել մարդկանց միջեւ:

«Հայրիկիս կարեւոր խրատներից մեկն այն էր, որ կյանքն ուղիղ գիծ չէ եւ այն չի կարող մշտապես պլանավորված լինել: Նրա սիրելի աստվածաշնչյան ցիտատը Ժողովող գրքից էր՝ «ընթացքը վազողներինը չէ, եւ ոչ էլ պատերազմը՝ քաջերինը, եւ ոչ էլ հացը՝ իմաստուններինը, եւ ոչ էլ հարստությունը՝ հասկացողներինը, եւ ոչ էլ շնորհքը՝ գիտուններինը. որովհետեւ ժամանակ եւ դիպված է պատահում ամենքին»։
[[gallery2]]
«Այդպիսին էր նաեւ այն ճանապարհը, որով ես եմ անցել, դառնալով ԱՄՆ պետքարտուղարի խորհրդական»,-ասաց նա:

Վահան Թուրեկյան ստացել է մթնոլորտային քիմիայի դոկտորական աստիճան, բայց մշտապես հետաքրքրված է եղել միջազգային հարաբերություններով:

«Հայրս նաեւ ինձ սովորեցրել է մարտահրավեր նետել ընդունված տեսություններին: Թվում է, թե շատ տարօրինակ է լինել գիտնական եւ դիվանագետ միեւնույն ժամանակ: Գիտական շրջանակներում դիվանագիտությունը չեն հասկանում, իսկ դիվանագետները չեն կարեւորում գիտնականների դերը պետդեպարտամերտում: Իսկ ես հրաշալի հնարավորություն ունեմ համախմբել տարբեր երկրների գիտնականներին»,- ասաց նա:

«Հայաստանի պարագայում շատ կարեւոր է Սփյուռքի հետ կապվելը: Նաեւ հարկավոր է օգտվել այն մտավոր մեծ ներուժից, որ ունի այս երկիրը: Ամենահրաշալի բաներից մեկն այն է, որ Հայաստանում նորարարության ոգին ամենուր է: Երեկ ես տեսա Ազգային ինժեներական լաբորատորիան, այսօր՝ Իմփաքթ հաբը, վաղը կլինեմ Թումոյում: Այս փոքր էկոհամակարգը ստեղծարարությամբ է զբաղված», - նշեց նա:

Պետքարտուղարի խորհրդականը եղել է նաեւ Դիլիջանում եւ UWC Dilijan քոլեջի ուսանողների հետ խոսել գիտության կարեւորության մասին այնպիսի հարցերի համատեքստում, ինչպիսիք են կլիմայի փոփոխությունը, կայուն զարգացումը:

Նա հայ երիտասարդներին խորհուրդ է տալիս զբաղվել նրանով, ինչն իսկապես հուզում է իրենց:

«Եթե դուք տանել չկարողանաք ձեր աշխատանքը, դուք այն վատ կանեք եւ այդ ամենը երկար չի տեւի: Պետք է զբաղվեք մի բանով, որը ձեր սրտից է գալիս: Կարեւոր է նաեւ հիշել, որ ժամանակակից աշխարհում բազում դիսցիպլիններ խաչվում են: Դուք կարող եք լինել կենսաբան, ոը հետաքրքրված է ճարտարագիտությամբ կամ ֆիզիկոս՝ հետաքրքրված արվեստով: Բոլոր հանճարեղ նորարարությունների հիմքում սա է ընկած: Օրինակ` Apple-ի հեռախոսները ստեղծելիս համատեղ ջանքեր են գործադրել էլեկտրաինժեներները, ֆիզիկոսները, դիզայներները, արվեստագետներն ու բիզնեսի մարդիկ: Նորարարության մեջ շատ կարեւոր տարր է բազմազանությունը՝ գաղափարների, մարդկանց եւ նրանց փորձառությունների: Այս բազմազանությունն առաջնորդում է դեպի հանճարեղ փոփոխություններ: Ընտրեք մի բան, որը ձեզ մոտ լավ է ստացվում եւ միշտ ձեր միտքն ազատ պահեք»,-եզրափակեց Վահան Թուրեկյանը:

Մարիամ Մանոյան

Читайте на 123ru.net