Պետությունը կհոգա արտերկրում զինծառայողների բուժման ծախսերը
ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հաստատել է Հայաստանից դուրս զինծառայողի բուժման, կեցության եւ ճանապարհածախսի գումարի հատկացման կարգը եւ պայմանները:
«Առաջարկվել էր, որ պաշտպանության նախարարությունն իր ֆինանսական ﬕջոցների հաշվին իրականացներ այդ ծախսերը, բայց փաստորեն, այս որոշումով կառավարությունն այդ ծախսերը վերցնում է իր վրա»,- ասել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Բուժման (հետազոտության) գումարը զինծառայողի համար ներառում է օտարերկրյա պետության բժշկական կազմակերպության կողմից վիրահատական միջամտությամբ կամ այլ եղանակով հիվանդանոցային պայմաններում բուժման (հետազոտության) ծախսերը, ներառյալ` հետվերականգնողական բուժման եւ դեղերի ծախսերը:
Ճանապարհածախսի գումարը ներառում է զինծառայողի եւ ուղեկցող անձի համար մեկնելու եւ վերադառնալու համար տրանսպորտային միջոցի տոմսի արժեքը, որը որոշվում է ՀՀ ուղեւորատրանսպորտային փոխադրուﬓեր իրականացնող առնվազն երեք կազմակերպությունից ստացված տեղեկատվության հիման վրա:
Կեցության գումարը զինծառայողի համար ներառում է հիվանդանոցային պայմաններում կեցության հետ կապված ծախսերը` համաձայն տվյալ բժշկական կազմակերպությանունից ստացված տեղեկատվության, իսկ զինծառայողին ուղեկցող անձի համար` կառավարության համապատասխան որոշմամբ օտարերկրյա պետությունում գտնվելու համար սահմանված օրապահիկի եւ գիշերավարձի` համապատասխանաբար 50%-ի չափով ծախսերը:
Կառավարությունում ընդգծել են, որ որոշումը վերաբերում է ոչ միայն լայնամասշտաբ ռազմական գործողությունների մասնակիցներին, այլեւ բոլոր այն զինծառայողներին, որոնք վնասվածք են ստացել մարտական հերթապահություն իրականացնելիս կամ առաջնագծում ծառայողական պարտականությունները կատարելիս: