Новости по-русски

Վարչապետը ծանոթացել է արյունաբանական կենտրոնի վերակառուցման աշխատանքներին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը նախօրեին այցելել է ՀՀ առողջապահության նախարարության Ռ. Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն:

Ինչպես հաղորդում են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից, վարչապետը ծանոթացել է կենտրոնի յոթհարկանի բուժական մասնաշենքի եւ նոր՝ եռահարկ մասնաշենքի կառուցման շինարարական աշխատանքներին:

Վարչապետին ներկայացվել են արյունաբանական կենտրոնի արդիականացման աշխատանքները, ինչպես նաեւ տարածաշրջանային նշանակություն ունեցող Ոսկրածուծի փոխպատվաստման բաժանմունքի (ՈՓԲ) եւ ցողունային բջիջների լաբորատորիայի ստեղծման գործընթացը:

Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ իրականացվող «Հիվանդությունների կանխարգելում եւ վերահսկում» ծրագրի շրջանակում ներկայում ընթանում են մասնաշենքերի ներքին հարդարման, ինժեներական համակարգերի տեղադրման եւ արտաքին երեսպատման աշխատանքները: Առաջիկա ամիսների ընթացքում կմեկնարկեն նաեւ բժշկական սարքավորումների, կահույքի եւ պարագաների մատակարարման աշխատանքները:

Երկհարկանի ախտորոշիչ մասնաշենքի տեղում կառուցված եռահարկ նոր մասնաշենքում կտեղակայվի միջազգային չափանիշներին համապատասխանող տարածաշրջանային նշանակություն ունեցող ցողունային բջիջների հավաքագրման, մշակման եւ պահպանման լաբորատորիան, որը կբավարարի ISO եւ GMP չափորոշիչներին:

Արյունաբանական կենտրոնը կունենա 88 մահճակալ եւ տարեկան 75 հիվանդի փոխպատվաստում իրականացնելու հնարավորություն: Կենտրոնի ծառայություններն առավել ամբողջական դարձնելու նպատակով նախատեսվում են բժշկական անձնակազմի վերապատրաստման դասընթացներ:

Կարեւորելով տարածաշրջանում միջազգային չափանիշներին համապատասխան միակ կենտրոնի կառուցումը՝ Հովիկ Աբրահամյանը գոհունակություն է հայտնել, որ ներդրված գումարները նպատակային են ծախսվել, իսկ շինաշխատանքները՝ որակով կատարվել:

Читайте на сайте