Новости по-русски

Խնամիր եւ հոգ տար քո մեջ ապրող երեխային

-Փորձե՞լ ես պատկերացնել Անահիտ աստվածուհու աչքերը:

-Չէ (ծիծաղում եմ):

-Քո աղջիկը, կարծում եմ, իր աչքերն ա ունենալու:

-Սիրուն ասեցիր: Հա, կուզեմ: «Անահիտաչքերով»` «անահիտաղջիկ»: 

Մանկության ընկերուհուս ու իմ զրույցը, չգիտեմ էլ` ինչո՞ւ, հիշեցի այսօր, 10 տարի անց: Ինքնավստահ, քիթը վեր ցցած` հայտարարում էր, որ իր պատվին աղջկաս անունն Անահիտ եմ դնելու: Գյուղում պառկում էինք խոտերին ու 15 տարեկան աղջկական երազանքներ ուղարկում երկինք. հարմար տեղավորվում էին կենդանիներ հիշեցնող ամպերի ուսերին: Էսօր առավոտյան զգացի, թե ինչքան եմ կարոտել ընկերուհուս, ում չեմ տեսել արդեն 8 տարի (Հայաստանում չի ապրում): Երկու բալիկ ունի` ամենասիրուն աչուկներով:

***

Հունիսի մեկը Երեխաների պաշտպանության միջազգային օր են հռչակել: Ինչ-որ մի պահի, ուրեմն, եղել է անհրաժեշտություն, որ էդ օրը երեխաներին պաշտպանելուն նվիրեն (տխրում եմ. նման անհրաժեշտություն չպետք է լիներ): Երեխաներին չսիրել (չպաշտպանել) չի կարելի:

***

Մի երեխա էլ կա, որն իսկապես ունի սիրելու, փայփայելու եւ պաշտպանելու կարիք ամեն օր: Ու դա մեր մեջի երեխան է: Մենք ինքներս պիտի անենք այդ ծանր ու պատասխանատու գործը: Մարդու աչքերում թրթռացող կայծերից ավելի սիրուն բան տեսած կա՞ք: Էդ կայծերը գալիս են մեր մանկությունից: Եթե մի օր արթնանաք ու հասկանաք, որ ձեր մեջ ապրող այդ երեխան չի ուզում խենթություններ անել, սկսել է ապրել «թվերի աշխարհում», ուրեմն ինչ-որ պահի սխալ եք գործել, նեղացրել եք էդ փոքրիկ մարդուկին ու հետո ամբողջ կյանքի ընթացքում զգալու եք ձեր ներսում առաջացած դատարկությունը:

***

Մի անգամ ընկերս համոզված հայտարարեց, որ ես իսկական մանկություն եմ ունեցել (չգիտեմ էլ, որտեղից էր վերցրել), դրա համար էլ հիմա այսքան կենսուրախ եմ: Էդ պահին աչքերիս առաջ մեկ տարեկան հասակում արված նկարս էր` մյուս կողմում հորաքրոջս մակագրությունը. «Իմ Մարին: 1 տարեկան եւ այնքան հասուն»:

Դեմքի խիստ արտահայտությամբ սկսեցի համոզել, որ փոքր տարիքում իրականում շատ լուրջ երեխա եմ եղել, առանձնապես չարություններ ու գժություններ չեմ արել: Օրինակելի եմ եղել, ու դա հետագայում պատճառ դարձավ, որ ծնողներս ինձ վրա դնեն «միշտ ճիշտ ու խելացի լինելու» պարտավորությունը:

Հետո հասկացա, որ պարզապես հաջողացրել եմ չսպանել իմ մեջի երեխային` անկախ նրանից, թե ինչքան հասուն էր միշտ ձեւանում այդ փոքրիկ աղջիկը: Իհարկե, ամեն պահի կա վտանգը, որ մի օր կարթնանամ ու կհայտնաբերեմ, որ ես էլ եմ ամբողջությամբ տեղափոխվել «թվերի աշխարհում» ապրելու: Ու ամեն առավոտ կրկնում եմ ինձ` խնամիր եւ հոգ տար քո մեջ ապրող երեխային, նեղացրեցիր, կորած ես:

***

-Մամ, ես փոքր ժամանակ ամենից շատ ինչ էի սիրում ուտել,- էսօր առավոտ մամային տված հարցս ծիծաղեցրեց եղբորս:

-Քեռիիդ բերած վարդագույն քաղցր բամբակները: Ավտոբուսից որ իջնում էր, տեղիցդ պոկվում էիր ու լույսի արագությամբ վազում ընդառաջ:

Ծիծաղելով դուրս եմ գալիս տնից: Այսօր կգնամ քաղցր բամբակ ուտելու:
 
Մարի Թարյանը Մեդիամաքսի լրագրող է:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Читайте на 123ru.net