Новости по-русски

Ընդդիմության առաջարկած լրացումները կընդգրկվեն Ընտրական օրենսգրքում

ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի. /ԱՌԿԱ/. ԱԺ-ն չորեքշաբթի կայացած արտահերթ նիստի ժամանակ չորրորդ ընթերցմամբ ընդունեց Ընտրական օրենսգրքի լրացումները, որոնք մշակվել են ընդդիմության հետ համատեղ:

Ընտրական օրենսգիրքն ընդունվել է խորհրդարանի կողմից մայիսի 25-ին` 2017 թ.-ի հերթական խորհրդարանական ընտրությունների նախաշեմին: Դրանք կլինեն առաջին ընտրությունները Սահմանադրության բարեփոխումներից և խորհրդարանական իշխանավարման անցնելուց հետո: Օրինագծի ընդունումից հետո առաջարկվել է խորհրդակցություններ անցկացնել ընդդիմության հետ և համաձայնություն է ձեռք բերվել լրացումների շուրջ, որոնք թույլ կտան բարձրացնել կեղծիքները կանխարգելող մեխանիզմների արդյունավետությունը:

Ինչպես նշել է կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը, լրացումներով առաջարկվում է չեղարկել դիտորդների հավաստագրման պարտադիր պահանջը, վերանայվել է քվեարկության արդյունքների բողոքարկման կարգը և երկարաձգվել բողոքարկման ժամկետը:

«Լրացումներով առաջարկվում է խորհդարանական ընտրությունների ժամանակ թույլ տալ իրականացնել առցանց հեռարձակում և ամփոփել արդյունքները հատուկ ստեղծված կայքերի միջոցով, իսկ հեռարձակումը պետք է իրականացվի պրոֆեսիոնալ ընկերության կողմից», - ասել է Հարությունյանը:

Նրա խոսքով, փոփոխությունները նախատեսում են նաև ներդնել ընտրողների նախնական գրանցման համակարգ մատնահետքերի միջոցով: Նա նշել է, որ այն քաղաքացիները, որոնք չունեն ID քարտեր և չեն գրանցվել դրանք ձեռք բերելու համար, չեն ներառվելու ընտրացուցակների մեջ` բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերը:

Լրացումները նախատեսում են նաև, որ ընտրությունների օրը ընտրողների գրանցումը ընտրատարածքներում իրականացվելու է էլեկտրոնային սարքավորման միջոցով` մատնահետքերի սկանավորման հիման վրա: Ընդ որում, եթե էլեկտրոնային համակարգում վառվում է կարմիր լույս, նշանակում է, որ ընտրողը փորձում է քվեարկել երկորոդ անգամ, և նա դուրս կբերվի ընտրատարածքից:

«Սակայն, եթե մինչև 2016 թ.-ի սեպտեմբերի 1–ը ԿԸՀ-ն չհայտնի, որ տեխնիկական սարքավորման և ծրագրային ապահովման համար անհրաժեշտ ֆինանսավորումն առկա է, ապա տվյալ նախագիծը կճանաչվի անվավեր», - ասել է Հարությունյանը:

Ընդ որում, նա նշել է, որ առաջարկված լրացումների տեխնիկական ապահովման համար անհրաժեշտ է մոտ 16 մլն դոլար,  որից 3 մլն-ը պատրաստ է տրամադրել պետությունը, իսկ մնացած միջոցները կներգրավվեն դոնորներից:

«Եթե մինչ նախատեսված ժամկետը միջոցներ չգտնվեն, ապա լրացումները կճանաչվեն անվավեր, չնայած, որ կարող են կիրառվել հաջորդ ընտրությունների ժամանակ, մասնավորապես` 2022 թ.-ին», - ասել է Հարությունյանը: 

Ընդդիմությունն, ընդհանուր առմամբ, դրական է գնահատել կատարված փոփոխություններն` ընդգծելով, որ դրանք արդյունավետ աշխատանքի արդյունք են և թույլ կտան կրճատել հնարավոր կեղծիքները: Ընդ որում, ընդդիմության պատգամավորները նշել են, որ կան հարցեր, որոնք դեռևս հարկավոր է քննարկել, որոնք, մասնավորապես, կապված են բաց ցուցակների ձևավորման հետ: -0-

Читайте на 123ru.net