«Ոսկե ծիրան»-ի շրջանակում Երեւան կայցելի Ժակլին Բիսեթը
Այս մասին այսօր հայտնել է փառատոնի միջազգային բաժնի ղեկավար Տաթեւիկ Մանուկյանը:
Նա տեղեկացրել է, որ «Ոսկե Ծիրան»-ի շրջանակում կցուցադրվեն դերասանուհու մասնակցությամբ ֆիլմերը:
Փառատոնի կազմակերպիչները նշել են, որ «Ոսկե Ծիրան»-ի արտամրցութային ծրագրում ներկայացված են Կաննի, Բեռլինի եւ Վենետիկի միջազգային փառատոնների մրցանակակիր ֆիլմերը: Փառատոնի շրջանակում, ընդհանուր առմամբ, կցուցադրվի 92 արտամրցութային ֆիլմ:
Ամենայն Հայոց Կաթողիկոսի «Եղիցի լույս» մրցանակն այս տարի կհանձնվի Ռոման Բալայանին:
Հետահայաց ցուցադրությունների ծրագրում կներկայացվի «հարավսլավական սեւ ալիք»-ի ամենախոշոր ներկայացուցիչներից սերբ ռեժիսոր Ժելմիր Ժիլնիկի ֆիլմերի ընտրանին:
Փառատոնի շրջանակում կցուցադրվեն նաեւ անվանի ռեժիսոր եւ օպերատոր Ֆրեդ Քելեմենի աշխատանքները:
Այս տարի «Ոսկե Ծիրան» փառատոնը կփակի Դարդեն եղբայրների «Անծանոթուհին» ֆիլմը:
13-րդ «Ոսկե ծիրան»-ի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ: