Новости по-русски

Մենք երբեք չենք քննարկել և չենք քննարկի Ադրբեջանի կազմում Ղարաբաղի ինքնավարության հնարավորությունը. Նալբանդյան

ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայկական կողմը երբեք չի քննարկել և չի քննարկի Ադրբեջանի կազմում Ղարաբաղի ինքնավար կարգավիճակի հնարավորությունը, հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը չորեքշաբթի Գերմանիա ԱԳ նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Ֆրանկ Վալտեր Շթայնմայերի հետ Երևանում կայացած համատեղ ասուլիսի ժամանակ։

Նրա խոսքով` հիմա Ադրբեջանը, ինչպես նշել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրներից մեկի ներկայացուցիչը, «փորձում է պարանը դեպի իրեն ձգել» կամ հասարակության շրջանում ստեղծել տպավորություն, թե ձեռք բերված պայմանավորվածությունները ձեռնտու են ադրբեջանական կողմին։ «Չեմ կարծում, որ այս մոտեցումը կարող է օգտակար լինել բանակցային գործընթացի համար», – հայտարարեց Նալբանդյանը։

Նա հիշեցրեց, որ ժամանակին հայաբնակ Նախիջևանում այսօր ոչ մի հայ չկա, այնտեղ ոչնչացված է հայկական մշակութային հարուստ ժառանգությունը, սակայն հիմա Ադրբեջանի ղեկավարը Նախիջևանի օրինակը բերում է որպես հեռանկար Ղարաբաղի համար։

Ինչպես նշեց Նալբանդյանը, դա ևս մեկ անգամ ապացուցում է այն փաստը, թե ինչու նման երևույթը չի կարող և չի լինի բանակցությունների առարկա։

Նա հիշեցրեց, որ ՄԽ համանախագահ երկրները, նախագահների մակարդակում, բազմիցս հայտարարել են, որ Ղարաբաղի վերջնական կարգավիճակը պետք է որոշի Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը ազատ կամարտահայտության միջոցով, որը կունենա միջազգային իրավական ուժ։

«Այս մասին է խոսում Հայաստանը, այս մասին են խոսում համանախագահ երկրները ամենաբարձր մակարդակում», – հայտարարեց Նալբանդյանը։

«Ու՞մ հավատալ` Ադրբեջանի՞ն, թե՞ միջազգային հանրությանը։ Այնպես որ, սա Ադրբեջանի ղեկավարության մտացածին տարբերակն է», – հայտարարեց ՀՀ ԱԳ նախարարը։ –0–

Читайте на 123ru.net