Новости по-русски

Քաղաքական գործընթացի նոր փուլ է սկսվում, ասել է Օսկանյանը

Քաղաքական գործընթացի նոր փուլ է սկսվում, ասել է Օսկանյանը

«Բոլորիս ջանքերի շնորհիվ հնարավոր եղավ խուսափել ավելի մեծ արյունահեղությունից, եւ դա առաջին հերթին հասարակության հստակ պահանջի եւ «Սասնա ծռերի» խոհեմ ու խիզախ որոշման արդյունքն էր»,- ասել է Վարդան Օսկանյանը:

Նա վաղ է համարել ամբողջական գնահատական տալը տեղի ունեցածին՝ այդուհանդերձ, առանձնացնելով երկու կետ՝

«1.Այս երկու շաբաթվա ընթացքում տեղի ունեցող զարգացումները արտացոլումն էին տարիներ շարունակ հայ ժողովրդի մոտ կուտակված հիասթափության, անելանելիության, հուսալքության եւ դժգոհության, ինչպես նաեւ խորացող չքավորության։

2.Այսպես այլեւս հնարավոր չէ կառավարել մեր երկիրը, ուստի անհրաժեշտ են խորքային փոփոխություններ»։

«Հայաստանում սկսվում է քաղաքական գործընթացի նոր փուլ՝ նոր, լեգիտիմ եւ գործունակ իշխանություն ձեւավորելու նպատակով»,- նշել է Վարդան Օսկանյանը՝ ընդգծելով, որ «Համախմբում» կուսակցությունը մյուս քաղաքական ուժերի հետ պատրաստ է ժողովրդին առաջարկել այդ գործընթացի ճանապարհային քարտեզը։

ՀՀ նախկին արտգործնախարարը կարեւորել է նաեւ Սփյուռքի ներուժի ներգրավումը հայաստանյան փոփոխություններին:

«Մենք պետք է շատ արագ հասնենք վերջին օրերի խաղաղ հավաքների ընթացքում ձերբակալվածների ազատ արձակմանը` Արմեն Մարտիրոսյանի, Անդրիաս Ղուկասյանի, Ալեք Ենիգոմշյանի եւ մյուսների:

Մեր ջանքերը պետք է ուղղված լինեն խաղաղ քաղաքացիների նկատմամբ բիրտ ուժ կիրառելու հանգամանքները բացահայտելուն։

Մենք պետք է հասնենք նրան, որ պատժվեն լրագրողների նկատմամբ ցուցադրական եւ քստմնելի հարձակումների բոլոր կազմակերպիչներն ու կատարողները»,- հայտարարել է Վարդան Օսկանյանը:

Читайте на 123ru.net