Новости по-русски

Օր առաջին. Ժամանում Ռիո

Օր առաջին. Ժամանում Ռիո

Օլիմպիական եռուզեռը մեզ համար տրվել էր դեռ Լիսաբոնում, որտեղից 31-րդ խաղերի մայրաքաղաք էին ժամանում տարբեր թիմերի մարզիկներ ու պատվիրակություններ:

 

Խաղերի բարեհամբույր ու ժպտերես կամավորները Ռիոյի օդանավակայանում ամենուր են, նրանք օգնում են բոլորին ու փոխանցում օլիմպիական տրամադրությունը:

 

Բոլոր նախատեսված գործընթացներն ավարտելուց հետո, երբ ճամպրուկներով պատրաստվում էինք հեռանալ, կամավորներից մեկը միանգամից բացականչեց. «Սերժ Թանգյան, SOAD»: Նա խոստովանեց, որ մեր երկիրը ճանաչում է աշխարհահռչակ երգչի ու խմբի շնորհիվ:  

 

Արդեն մեքենայում փորձում ենք առաջին տպավորությունները ստանալ: Սակայն հենց առաջին րոպեներից այս շատ մեծ ու բազմաշերտ քաղաքի մասին կարծիք հայտնելը սխալ է:

 

Մեզ ուղեկցող ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը նկատեց, որ այս 8 օրերի ընթացքում ինչ Ռիոյում են, հիացած են, թե ինչպես են բրազիլացիներն անխտիր զբաղվում սպորտով: Դրանում մենք էլ համոզվեցինք եւ «Մարականայի» շրջակայքում նկատեցինք վազող ու մարզվող տարեց մարդկանց:

 

Այսօր կայացել է նաեւ օլիմպիական ավանում Հայաստանի դրոշի բարձրացման արարողությունը: «Մեր մարզիկները մարտական են տրամադրված ու սպասում են իրենց ելույթներին»,- նշեց Ռոստոմյանը

 

Դեռ ընդամենը մի քանի ժամ է, ինչ Ռիոյում ենք, ու ավելի մանրամասն կառնավալների ու ֆուտբոլի հայրենիքի մասին կպատմենք առաջիկա 21 օրերի ընթացքում:

  

Ռիոյից՝ Գոհար Նալբանդյան, Հասմիկ Բաբայան

 

Նախագծի գործընկեր 

 

Читайте на 123ru.net