Новости по-русски

ՊՊԾ գնդի շուրջ ստեղծված ճգնաժամից հետո աշխատանքից հեռացվել են ԱԱԾ և Ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաներ

ՊՊԾ գնդի շուրջ ստեղծված ճգնաժամից հետո աշխատանքից հեռացվել են ԱԱԾ և Ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաներ

Զինված խմբի կողմից ՀՀ ոստիկանության պարեկապահակային գնդի տարածքի գրավման պատճառով ստեղծված ճգնաժամի հանգուցալուծումից օրեր անց աշխատանքից հեռացվել են Ազգային անվտանգության ծառայության և ոստիկանության չորս բարձրաստիճան պաշտոնյաներ։

Թեև օրերս նախագահ Սերժ Սարգսյանը շնորհակալություն էր հայտնել իրավապահ մարմիններին ճգնաժամի հանգուցալուծման գործում գրագետ աշխատանքի համար, այսօր հայտնի դարձավ, որ աշխատանքից ազատվել են Հայաստանի ազգայինանվտանգության ծառայության (ԱԱԾ) տնօրենի առաջին տեղակալ Հրանտ Եպիսկոպոսյանը և ԱԱԾ քննչական վարչության պետ Մնացական Մարուքյանը։

Եթե Եպիսկոպոսյանի հեռացման դեպքում որևէ պատճառ չի նշվում, ապա Մարուքյանը, ըստ պաշտոնական հաղորդագրության, անցել է թոշակի։

«Ի սկզբանե ՊՊԾ գունդը գրավելու այդ դեպքը նոնսենս է պետության համար։ Այսինքն՝ մի 20 մարդ եկել և գրավել են մի հսկայական զորամաս, և այստեղ անգործության է մատնված եղել Անվտանգության ծառայությունը և Ոստիկանությունը», - մեկնաբանում է իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը։

Փոփոխություններ կան նաև ոստիկանական համակարգում․ երեկ հայտնի դարձավ, որ աշխատանքից ազատվել է Ոստիկանության Էրեբունու բաժնի պետ Գևորգ Հակոբյանը:

Ինչպես «Ազատությանն» ասաց Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը՝ Հակոբյանի ազատումը կապված է ՊՊԾ գնդի տարածքի գրավման հետ։ Ահարոնյանի խոսքով՝ «դա նույն տարածքն էր՝ Պարեկապահակետային ծառայության գունդը այդ տարածքում է գտնվում»։ 

Այսօր էլ աշխատանքից ազատվել է Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ղեկավար Արմեն Վաթյանը՝ հունիսի 19-ին Սարի թաղում տեղի ունեցած իրադարձությունների պատճառով։ Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետը պարզաբանեց՝ «ծառայողական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար, որի արդյունքում քաղաքացիներ և ոստիկաններ են տուժել, նաև միջադեպ է արձանագրվել լրագրողի մասնակցությամբ»։

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը ծիծաղելի է համարում բաժնի պետերի այս փոփոխությունները։

«Նրանք ուզում են ցույց տալ, որ ինչ-որ փոփոխություն են կատարում, ինչը շատ ծիծաղելի է ուղղակի, որովհետև հրամանը իջեցվում է և ցանկացած ոստիկան դա կատարում է», - մեզ հետ զրույցում կարծիք հայտնեց Ալեքսանյանը։

Читайте на 123ru.net