Новости по-русски

Յանա Եգորյանը նվաճեց չեմպիոնի կոչումը

Ռիո դե Ժանեյրոյի օլիմպիական 31-րդ խաղերում Ռուսաստանի թիմում հանդես եկող հայազգի սուսերամարտիկ, 23-ամյա Յանա Եգորյանը նվաճեց օլիմպիական չեմպիոնի կոչումը:


Հուլիսի 8-ին տեղի ունեցած եզրափակիչ մրցամարտում նա դրամատիկ պայքարում հաղթեց ռուսաստանցի մեկ այլ մարզուհի Սոֆիա Վելիկայային: Երբ հաշիվը հավասար էր՝ 14:14, Եգորյանին հաջողվեց հասցնել վերջին հաղթական խոցումը և նվաճել օլիմպիական ոսկե մեդալը:


Հաղթանակից հետո նրան շրջապատած լրագրողները նաև հարցրել են, թե արդյո՞ք հիմա պատրաստ է լինել մամուլի աճող ուշադրության կենտրոնում: Յանա Եգորյանը պատասխանել է՝ «իհարկե, հայ կինը պատրաստ է»:


- Ինչպե՞ս եք պատրաստվել վերջին մրցամարտին:


- Երաժշտություն եմ լսել:


- Հայկակա՞ն:


- Ոչ, ոչ հայկական՝ ոգեշնչող երգեր։


- Դուք այսօր արդեն մեծ եք (ռուսերեն հարցը հնչում է՝ վելիկայա, որը նրա մրցակցուհու ազգանունն է):


- Այսօր ես Եգորյան եմ, և վաղը կլինեմ Եգորյան, և վաղը չէ մյուս օրը կլինեմ Եգորյան:


- Իսկ երբ ամուսնանա՞ք:


- Երբ ամուսնանամ՝ այդ դեպքում նույնպես չեմ փոխի:


Հայազգի մարզուհու հետ այս փոքրիկ հարցազրույցը հրապարակել է ռուսական «Սպորտ էքսպրեսը»:


Եգորյանը մեծ հարգանքով է խոսել մրցակցուհու մասին, ասելով, որ նա մեծ մարզուհի է:


«Պատկերացնում եմ որքան ծանր է Սոնիայի համար օլիմպիական խաղերում նորից լինել երկրորդը: Անկեղծ ասած սպորտում միշտ ձգտել եմ հավասարվել նրան: Նա ինձ համար չափանիշ է», - ասել է նա:


Օլիմպիական խաղերում առայժմ թիմային մրցումներ են, ու Յանա Եգորյանն ասել է, որ հիմա ձգտելու է հաղթանակի հասնել նաև թիմային պայքարում:


Սոֆիա Վելիկայան ասել է, որ շատ ուրախ է Յանայի համար՝ նշելով, որ նա ռուսաստանցի օլիմպիական առաջին չեմպիոնուհին է:


Յանա Կարապետի Եգորյանը ծնվել է Երևանում 1993 թվականին: Երբ նա 6 տարեկան էր ընտանիքը տեղափոխվել է Մոսկվայի մարզի Խիմկի քաղաք, որտեղ նա սկսել է զբաղվել սուսերամարտով:


Վերջին տարիներին Եգորյանը մի շարք մրցաշարերում լուրջ հաջողությունների է հասել, իսկ չեմպիոնական մեկնարկը սկսել է վեց տարի առաջ: 2010 թվականին Սինգապուրում անցկացված պատանեկական օլիմպիական առաջին խաղերում Յանա Եգորյանը երկու ոսկե մեդալ է նվաճել, ինչն աննախադեպ հաղթանակ էր:

Читайте на 123ru.net