ԶԼՄ-ները պահանջում են պատժել իրենց գործունեությունը խոչընդոտողներին
Հավաքի ընթացքում կազմակերպիչների անունից հայտարարությամբ է հանդես եկել «Մեդիամաքս» մեդիա ընկերության գլխավոր խմբագիր Դավիթ Ալավերդյանը: Հայտարարության մեջ մասնավորապես ասված է.
«Թեեւ գործող իշխանությունը առիթը բաց չի թողնում հայտարարելու, որ կարեւորում է մամուլի, խոսքի ազատության դերը, սակայն փաստացի արվում է ամեն ինչ՝ լրագրողների աշխատանքը խոչընդոտելու, դժվարացնելու եւ տարաբնույթ ճնշումներ բանեցնելու համար: Պետական մակարդակով տարիներ շարունակ հետեւողականորեն լրագրության դաշտը վարկաբեկվում է, փորձ է արվում չորրորդ իշխանության նկատմամբ անվստահություն սերմանել հասարակության շրջանում՝ ինչպիսին առկա է մեր երկրում օրենսդիր, գործադիր ու դատական իշխանության նկատմամբ:
Բազմաթիվ առիթներ են եղել՝ արձանագրելու, որ լրագրողների նկատմամբ իշխանության տարբեր ճյուղերում առկա է ակնհայտ ագրեսիվ վերաբերմունք, որը ժամանակ առ ժամանակ դրսեւորվում է զանգվածային ակցիաների ընթացքում՝ բռնություններով:
Նախորդ տարի հունիսի 23-ին «Էլեկտրիկ Երեւան» բողոքի ակցիաների ժամանակ լրագրողները թիրախավորված ծեծի ենթարկվեցին ու մինչ օրս որեւէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել: Իսկ այս տարվա հուլիսյան իրադարձություններից հետո թեեւ ՀՀ Հատուկ քննչական ծառայության կողմից հայտարարվեց, որ 2 ոստիկանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել, այնուամենայնիվ չկա որեւէ երաշխիք, որ բոլոր մեղավորներն իրենց գործողություններին համարժեք պատժի են արժանանալու: Այսպես այլեւս շարունակվել չի կարող:
Մենք կարծում ենք, որ օգոստոսի 1-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի խոսքում հնչած ներողությունը եւ մոռանալու հորդորները՝ ուղղված հուլիսի 29-ին իրենց մասնագիտական պարտականութունը կատարող լրագրողներին, բավարար չեն՝ Հայաստանում անվտանգ ու ազատ լրատվական գործունեություն ծավալելու համար: Անհրաժեշտ են գործնական եւ տեսանելի քայլեր:
-Բոլոր այն մարդիկ՝ անկախ իրենց կարգավիճակից, ովքեր համարձակվել են հուլիսի 29-ին նպատակաուղղված ձեռք բարձրացնել լրագրողների վրա, մասնագիտական գործիքներ կոտրել, բռնություն գործադրել, պետք է առավելագույնը 2 ամսվա ընթացքում ՀՀ քրեական օրենսգրքի 164 հոդվածով նախատեսված (Լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը) հատկանիշներով քրեական պատասխանատվության ենթարկվեն: Լրագրողական հանրությունը սպասում է կոնկրետ քայլերի, պետք է կալանավորումներ լինեն։
- Լրագրողների նկատմամբ պետական մակարդակով իրականացվող բացասական քարոզչությունը պետք է դադարեցվի. մենք գործում ենք՝ ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված՝ քաղաքացու տեղեկացված լինելու իրավունքն ապահովելու համար եւ հույս ունենք, որ հասարակությունն անտարբեր չի մնա իրավիճակի նկատմամբ:
- Լրագրողական դաշտում կա վճռականություն՝ համախմբված պայքարելու մեր մասնագիտական իրավունքների պաշտպանության համար: Եւ մենք պատրաստ ենք օգտագործելու լրագրողական բոլոր՝ ընդհուպ մինչեւ ծայրահեղ միջոցները՝ այդ նպատակին հասնելու համար, եթե այս հայտարարությունը չունենա կոնկրետ հետեւանքներ»:
Դավիթ Ալավերդյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ պահանջները չկատարելու դեպքում նախաձեռնող խմբի անդամները դիմելու են այլընտրանքային միջոցների:
«Տարբերակները շատ են. դա կարող է լինել բողոքի ակցիա կամ կոչ միջազգային հանրությանը: Մենք բավական լուրջ ենք տրամադրված, սա ունենալու է շարունակություն՝ կանխելու լրագրողների ֆիզիկական անվտանգությանը սպառնացող խնդիրը»,- նշել է Մեդիամաքսի գլխավոր խմբագիրը:
ԱԺ պատգամավոր, նախկին լրագրող Նիկոլ Փաշինյանն էլ ասել է, որ լրագրողների հանդեպ բռնությունն ու մասնագիտական գործունեության խոչընդոտման դեպքերը նորություն չեն:
«Հայաստանում պետք է լինի քաղաքական փոփոխություն. քաղաքական խնդրի լուծման բանաձեւի առկայության դեպքում մենք կունենանք նաեւ խոսքի ազատության խնդրի լուծման ճանապարհը»,- ասել է պատգամավորը:
Հավաքին ներկա էր նաեւ ՀՀ ոստիկանության տեղեկատվության եւ հասարակության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը, որը Մեդիամաքսի հետ զրույցում նշել է, որ դեմ է լրագրողների մասնագիտական գործունեության խոչընդոտման ցանկացած դեպքի:
«Մեր ծառայության օպերատորը եւս հրազենային վիրավորում էր ստացել: Ինքս դատապարտում եմ ցանկացած տեսակի բռնություն, ցանկացած անձի նկատմամբ, լրագրողներինը՝ առավել եւս, քանի որ այդ դեպքում հանրային շահն ավելի է վնասվում»,- նշել է Աշոտ Ահարոնյանը:
Միջոցառման ընթացքում տեղի է ունեցել նաեւ ստորագրահավաք, որի ժամանակ հայտարարության տակ ստորագրել է շուրջ հարյուր մարդ:
Նախաձեռնող խմբի անդամներից «Ժողովուրդ» օրաթերթի խմբագիր Թագուհի Թովմասյանը նշել է, որ հայտարարության տեքստի ստորագրված երեք օրինակները կներկայացվեն ՀՀ նախագահին, կառավարությանը եւ Ազգային ժողովին:
Հավաքի նախաձեռնող խմբի անդամներն են «Ազգ» օրաթերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանը, «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը, «168 ժամ» թերթի գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյանը եւ 168.am առցանց կայքի խմբագիր Գառնիկ Գեւորգյանը, «Ժամանակ» օրաթերթի եւ 1in.am կայքի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանը, «Ժողովուրդ» օրաթերթի եւ ArmLur.am առցանց կայքի գլխավոր խմբագիր Թագուհի Թովմասյանը, «Իրատես» թերթի եւ irates.am առցանց կայքի գլխավոր խմբագիր Փիրուզա Մելիքսեթյանը, «Հայկական ժամանակ» օրաթերթի եւ armtimes.com առցանց կայքի գլխավոր խմբագիր Լուսինե Բարսեղյանը, «Հրապարակ» օրաթերթի եւ Hraparak.am առցանց կայքի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը, «Մեդիամաքս» մեդիա ընկերության գլխավոր խմբագիր Դավիթ Ալավերդյանը, «Չորրորդ իշխանություն» թերթի եւ chi.am առցանց կայքի գլխավոր խմբագիր Շողեր Մաթեւոսյանը, yerkir.am կայքի գլխավոր խմբագիր Ագնեսա Խամոյանը, A1plus.am կայքի տնօրեն Մեսրոպ Մովսեսյանը, Yerkirmedia հեռուստաընկերության լրատվական ծրագրի տնօրեն Գեղամ Մանուկյանը եւ «Հետք»-ի գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանը: