Новости по-русски

Բժիշկ. ՊՆ մեքենայի վթարից տուժած զինվորներից չորսը ոտքերի ու կոնքի կոտրվածքներ են ստացել, մյուսները՝ սալջարդեր

ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Այսօր առավոտյան վթարի ենթարկված ՊՆ ավտոմեքենայում գտնված զինվորներից 4-ը կոտրվածքներ են ստացել հիմնականում ոտքերի շրջանում:

Զինվորներից մեկը կոնքի կոտրվածք է ստացել, մեկը` ազդրի վզիկի, մյուս երկուսը՝ ոտքերի: Մյուս զինվորները հիմնականում սալջարդեր են ստացել, նշել է Մուրացանի զինվորական հոսպիտալի տնօրեն Արամ Ասատուրյանը։

Հոսպիտալի տնօրենը հավելել է, որ իրենց մոտ այժմ գտնվում են այսօրվա վթարից տուժած 13 զինվորներ, ևս 3 զինվորներ, որոնք կոտրվածքներ ունեն, «Սբ. Գրիգոր լուսավորիչ» հիվանդանոցում են, հաղորդում է tert.am–ը։

«Զինծառայողների վիճակը մոտ է բավարարի: Կոտրվածք ստացածներից մեկը մեզ մոտ է, ևս 3-ը կոտրվածքներով գտնվում են «Գրիգոր Լուսավորիչում»: Հիմնականում ստորին վերջույթների կոտրվածքներ են ստացել: Մեկ զինծառայող կոնքի կոտրվածք ունի, ևս մեկն էլ` ազդրի վզիկի կոտրվածք: Վիրահատության կարիք ունեն, թե ոչ, դեռ վերջնական որոշում չկա»,-  հայտնել է հոսպիտալի տնօրենը՝ հավելելով, որ եթե վիրահատության կարիք լինի, անպայման կվիրահատեն:

Արամ Ասատուրյանի տեղեկացմամբ՝ մեքենայում գտնված մյուս զինծառայողները մարմնի տարբեր մասերի սալջարդեր են ստացել:

«Մեզ մոտ տեղափոխված զինվորներից 4-ը հոսպիտալացման կարիք ունեն, 5 զինվոր էլ՝ հսկողության. մի քանի օր կմնան, դուրս կգրվեն: Մյուսները 1-2 օրվա հսկողության կարիք ունեն»,-  նշել է նա

Այսօր առավոտյան Երևանի Հյուսիսային ավտոկայանի մերձակայքում՝ R&V կոմֆորտ խանութ-սրահի մոտ վթարի է ենթարկվել ՊՆ հաշվեկշռում գտնվող և զինծառայողներ տեղափոխող  Sadko մակնիշի ՊՆ 8699 Շ համարանիշի ավտոմեքենան։ Վթարի հետևանքով տուժել է 16 զինծառայող:–0–

Читайте на 123ru.net