Новости по-русски

Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Սան Պաուլոյի նահանգապետի և հայ համայնքի ներկայացուցիչների հետ

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրազիլիա կատարած պաշտոնական այցի շրջանակներում աշխարհի երրորդ ամենամեծ բնակչությամբ և Բրազիլիայի խոշորագույն հայկական համայնք ունեցող Սան Պաուլո քաղաքում հանդիպում է ունեցել Սան Պաուլո նահանգի նահանգապետ Ժերալդո Ալքմինի և հայ համայնքի ներկայացուցիչների հետ, տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։


Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Սան Պաուլոյի նահանգապետ Ժերալդո Ալքմինին և նահանգային իշխանություններին` Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու, ինչպես նաև Սան Պաուլո քաղաքի «Արմենիա» հրապարակում Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հուշարձան կանգնեցնելու համար:


ՀՀ նախագահը և Սան Պաուլոյի նահանգապետ Ժերալդո Ալքմինը քննարկել են տարբեր ոլորտներում համագործակցության զարգացման ու առկա ներուժը լիարժեքորեն օգտագործելու հնարավորությունները: Հատկապես անդրադարձ է եղել գյուղատնտեսության ոլորտում հետազոտությունների և գիտական նորարարության ծրագրերի շուրջ փոխգործակցության հեռանկարներին:


Հանդիպման ավարտին ՀՀ Նախագահը և նահանգապետ Ալքմինը հանդիպել են Սան Պաուլոյի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, որոնք ընդունելություն էին կազմակերպել նահանգապետարանում` ի պատիվ Հայաստանի Հանրապետության նախագահի:


Հանդիպման ավարտին ՀՀ Նախագահը Հայրենիքին մատուցած ծառայությունների համար 1-ին աստիճանի շքանշանով է պարգևատրել Սան Պաոլոյում Հայաստանի պատվավոր հյուպատոս, համայնքային ակնառու գործիչ, բարերար տիկին Հիլդա Դիրուհի Բուրմայանին: Ի թիվս բազմաթիվ իրագործված ծրագրերի` Բուրմայանների ընտանիքն է հոգում Բրազիլիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանատան կառուցման ծախսերը:

Читайте на 123ru.net