Новости по-русски

Երբ ողջ դահլիճն էր երկրպագում Միհրան Հարությունյանին

Երբ ողջ դահլիճն էր երկրպագում Միհրան Հարությունյանին

Նա խոստովանեց, որ Օլիմպիական խաղերն «իր պատերազմն է, պետք է մեռնի կամ հաղթի»:

Ռիոյում առաջին իսկ գոտեմարտից երեւաց մեր մարզիկի ուժը, ձգտումը, չեմպիոնին վայել հաղթանակներ տանելը: Միանգամից զգացվեց, որ նա պատրաստ է, պատրաստ է Օլիմպիական չեմպիոն դառնալուն: Բոլոր հանդիպումներն անցկացրեց բարձր մակարդակով, առանց փոքր-ինչ լարվածության:

Երբ կանգնած ես գորգից մի քանի քայլ հեռու, լսում ես մարզիչների հրահանգները, տեսնում ես ըմբիշի գործողությունները, հասկանում ես, որ նրանք պարզապես ապրում են այս ամենով: Նրանց համար ոսկե մեդալն ամենաթանկն է:

Կիսաեզրափակչում ադրբեջանցուն հաղթելուց հետո Միհրանին ոսկե մեդալի համար դժվար պայքար էր սպասվում: Ոչ թե նրա համար, որ մրցակիցն անանցանելի էր, պարզապես նա սերբ Դավոր Ստեֆանեկն էր: Իսկ ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահը նույնպես սերբ է` Նենադ Լալովիչը: Սա մտածելու առիթ էր տալիս:

Բայց Միհրանի ուժը մեզ հույս էր տալիս, որ անկախ մրցավարական կողմնապահությունից, մենք ոսկե մեդալակիր ենք ունենալու:

Համոզված եմ, որ տեսել եք գոտեմարտը, տեսել եք, թե ինչպես է հաղթում հայ մարզիկը, տեսել եք, թե ինչպես են մրցավարներն առանց հիմնավորման հաղթանակը նվիրում սերբին, տեսել եք Միհրանի արցունքները, բարկությունը, հիասթափությունը:

Այս ամենն, իսկապես, ցավալի է: Ըմբշամարտում մրցավարական այսպիսի ակնհայտ բացթողումները միշտ էլ կան, սակայն զրկել մարզիկին իր երազանքից, իր արդար քրտինքով վաստակած մեդալից, կներեք, աններելի է:

Մարզիկները դեռ գորգի վրա էին, սերբն անամոթաբար տոնում էր իր «հաղթանակը», իսկ ողջ դահլիճը սուլում ու հայհոյում էր նրան: Ողջ դահլիճը մի մարդու նման (բացառությամբ մի քանի սերբի, թուրքի ու ադրբեջանցու) գոչում էր Հայաստան, հաղթանակը վերագրում Միհրան Հարությունյանին:

Միհրանը Ռիո-2016-ում չկրեց ոչ մի պարտություն, նրանից պարզապես խլեցին Օլիմպիական ոսկե մեդալը` թողնելով արծաթի հույսին: Նա, անշուշտ, մեզ համար կլինի լավագույնը, սակայն միջազգային ֆեդերացիայում այսպիսի նողկալի իրադարձությունները պետք է վերացվեն: Կարծում եմ, Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան պետք է քայլեր ձեռնարկի ու որոշ հարցեր առաջ քաշի, այլապես Հայաստանից կշարունակվեն մեդալներ «առեւանգվել» ու «նվիրվել» այս կամ այն երկրին:


Հասմիկ Բաբայան, Գոհար Նալբանդյան

 

Նախագծի գործընկեր 

Читайте на 123ru.net