Новости по-русски

ՀՀ ԶՈւ օպերատիվ խումբը ՌԴ-ում մասնակցում է «Փոխգործակցություն 2016» զորավարժությանը

ՀՀ ԶՈւ օպերատիվ խումբը ՌԴ-ում մասնակցում է «Փոխգործակցություն 2016» զորավարժությանը

Հայաստանի պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) շրջանակներում անցկացվող օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի «Փոխգործակցություն 2016» հրամանատարաշտաբային զորավարժությանը մասնակցելու նպատակով օգոստոսի 13-ից Ռուսաստանում է Հայաստանի զինված ուժերի օպերատիվ խումբը:

Ըստ նախարարության, օգոստոսի 16-ին տեղի է ունեցել «Փոխգործակցություն 2016» զորավարժության բացման հանդիսավոր արարողությունը: Բարձրացվել են մասնակից պետությունների՝ Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի դրոշները:

«Բացման արարողության ընթացքում արձանագրվել է, որ ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերը տարեցտարի առավել ներդաշնակ և փոխհամաձայնեցված են իրականացնում առաջադրված խնդիրները: Այս առումով կարևորվել է նմանաբնույթ զորավարժությունների անցկացումն ու բարձր է գնահատվել մասնակից պետությունների ներկայացուցիչների համատեղ աշխատանքը», - ասված է հաղորդագրությունում:

Նախարարությունը տեղեկացնում է, որ զորավարժությանը մասնակցում են կառույցի անդամ պետությունների շուրջ 7 հազար զինծառայողներ, ներգրավված է շուրջ 1000 միավոր ցամաքային և օդային տեխնիկա:

ՀՀ ԶՈՒ օպերատիվ խումբը «Փոխգործակցություն 2016» զորավարժությանը մասնակցում է ՀԱՊԿ հավաքական անվտանգության ղեկավարման մարմինների և կազմավորումների ուժերի ու միջոցների, օպերատիվ և մարտական պատրաստության համատեղ միջոցառումների 2016 թվականի պլանի համաձայն:

Հայաստանի Հանրապետությունը ներկայացնող սպաներն ընդգրկված են զորավարժության ղեկավարության ու հրամանատարության կազմում:

Читайте на 123ru.net