Բակո Սահակյանը, Սեյրան Օհանյանը, Լևոն Մնացականյանը այցելել են շփման գիծ
![Բակո Սահակյանը, Սեյրան Օհանյանը, Լևոն Մնացականյանը այցելել են շփման գիծ](http://gdb.rferl.org/1FE5E0D6-CDEC-4C55-AD08-76257632CC36_w800_h450.jpg)
Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի գործակցության շրջանակում աշխատանքային այցով Լեռնային Ղարաբաղում գտնվող Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին երեկ՝ օգոստոսի 22-ին ընդունել է Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը:
Հայաստանի ռազմական գերատեսչության փոխանցմամբ, հանդիպմանը, որին մասնակցել են Ղարաբաղի վարչապետ Արայիկ Հարությունյանը, փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը, Հայաստանի պաշտպանության նախարարի տեղակալ-նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ Մովսես Հակոբյանը, պաշտոնատար այլ անձինք, քննարկվել են բանակաշինությանը և այդ ոլորտում երկու հայկական պետությունների համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:
Նույն օրը Բակո Սահակյանը, Սեյրան Օհանյանն ու Լևոն Մնացականյանը այցելել են Լեռնային Ղարաբաղի հարավարևելյան սահմանագծի հատվածներից մեկը, հանդիպել հրամանատարական կազմի հետ, ծանոթացել ծառայության ընթացքին և շփման գծում տիրող իրավիճակին: