Новости по-русски

Հայաստան եկող գազատարի պայթեցման փորձը Վրաստանում քաղաքական երանգավորում է ստանում

Վրաստանի տարածքում Հայաստան եկող գազատարը պայթեցնելու փորձը քաղաքական երանգավորում է ստանում։ Պետական անվտանգության ծառայությունը հայտնել է, որ ձերբակալված խմբի անդամներից մեկը հաճախ է մեկնել Ուկրաինա։


Վերլուծաբանները նշում են, որ Ուկրաինայի մասով այդ ակնարկը հնարավոր է նախընտրական Վրաստանում փորձ է մատնացույց անել նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիին, ով Ուկրաինայի Օդեսայի շրջանի նահանգապետն է։


Վրաստանի խորհրդարանի փոխնախագահ Մանանա Կոբախիձեն հեռուստատեսությամբ ուղղակի հայտարարել է, որ Սահակաշվիլին և նրա «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը ընտրություններից առաջ շահագրգռված են ապակայունացնելու Վրաստանի ներքին իրավիճակը։


Իշխող կուսակցության ներկայացուցիչները հերքում են ահաբեկչական կազմակերպությունների հնարավոր առնչությունը։ Խորհրդարանի պաշտպանության և անվտանգության հարցերով հանձնաժողովի նախագահ Իրակլի Սեսիաշվիլին այսօր ասել է, թե կարող է հաստատել, որ «Իսլամական պետության» խմբավորումների կամ կովկասյան տարածաշրջանի հետ ասոցիացվող ահաբեկչական կազմակերպությունների հետ կապեր չկան։ Նրա խոսքերով, կանխվել է ահաբեկչական լուրջ գործողություն։ Գովաբանելով Պետական անվտանգության ծառայության աշխատանքը՝ Սեսիաշվիլին ասել է, որ Վրաստանը կայուն և անվտանգ երկրի վարկանիշ ունի, դրա համար էլ զբոսաշրջիկներ են գալիս, մեծ ներդրումներ են կատարվում, իսկ եթե գազատարը պայթեցվեր, դա շատ լուրջ վնաս կհասցներ երկրի հեղինակությանը։


Միջազգային հարաբերությունների հարցերով փորձագետ Թոռնիկե Շարաշենիձեն ասել է, թե գազատարը պայթեցնելու փորձը ահաբեկչություն որակելը և սեփական քաղաքացիներին ահաբեկչության մեջ մեղադրելը քաղաքական սխալ քայլ է։


Ձերբակալվածներից մեկի փաստաբանը այսօր հերքել է Ուկրաինայի հետ կապերի մասին պնդումները։ Փաստաբան Մայա Չրելաշվիլին ասել է․ - «Իմ պաշտպանյալը՝ Բեկա Բեկաուրին, և ևս երկու ձերբակալվածներ վահաբիզմի հետևորդներ են։ Ինչ վերաբերում է Ուկրաինայի հետ կապերին, բոլոր ձերբակալվածները հերքում են այդ վարկածը»։


Ինչ վերաբերում է պայթեցման գործողությունը պլանավորելու շարժառիթներին, փաստաբանն ասել է, թե Բեկաուրին խոստովանել է, որ՝ «ռուս ագրեսորներին տանել չի կարող և ցանկացել է պայթեցնել ռուսական բազաները»։

Читайте на 123ru.net