Новости по-русски

Դավիթ Սահակյան. Այն օրը, երբ չստացվեց մեռնել

- Մի կողմ դիր շիշը, լա՞վ: Ամեն ինչ չես տեղավորի գինու մեջ…

Այս խոսքերը հնչեցին ականջիս մոտ քաղցրիկ շշնջացող շուրթերից, որոնք թեթև դիպան մինչև ուսերս հասնող մազերիս: Կրծքումս մի բան դողաց, որը և՛ քաղց էր, և՛ թթու… թթու, որովհետև տխրությունն առհասարակ թթու է: Ուզեցի լացել այդ պահին, ուզեցի՝ արցունքներս թափվեին ուղիղ շշի մեջ՝ այդ կարմիր հեղուկը դարձնելով ջուր: Արդեն մեկ ամիս է՝ գիրքս՝ այդ թղթե երեխան, ծնվել էր, բայց նրան չէին ընդունում. չէին հասկանում… Կամ, ինչպես հաճախ պատահում է, չէին ընդունում, որովհետև «գեշ» էր:

- Հիմարի պես խմում եմ… Ոչինչ էլ չի ստացվի տեղավորել անտերի մեջ. - մի կերպ առոգեցի նյարդային ձայնով:

- Իհարկե չի ստացվի: Թող դա, հետո մենք միասին կխմենք, - գրկեց մեջքիցս, և լարվածությունից սառած կրծքավանդակս ջերմացավ իր քնքուշ ձեռքերի գրկում: Դրանք ժասմինի բույր ունեին, ծածկված էին մինչև մատները հասնող բորդո շալով:

- Մենք դեռ մի փոքր ունենք, չմտածես… Վաղը նորից փորձիր մի ուրիշ տեղ, լա՞վ:

 Այդպիսի շշուկով ընդհանրապես խոսում են երեխայի հետ, երբ ուզում են հանգստացնել նրան: Եվ տղամարդն ինքնին միշտ էլ երեխա է, ում պետք է բորդո շալով ծածկած ձեռքերով փարվել ու այդ հանգստացնող ինտրիգը ծնեցնել նրա մոտ:

Ես համբուրեցի Անաբելին և խոստացա, որ հենց հաջորդ օրը կգնամ տպարան ու հրաժեշտ կտամ «Գորտին»: «Գորտը» չաղլիկ ու կարճ մատներով, մեծ գլխով, անվիզ, (հետևաբար և) անողնաշար հիսունն անց տղամարդ էր: Դա ոչ ավել, ոչ պակաս տպարանի տնօրենն էր՝ իր դուրս ընկած և մշտապես փայլփլող աչքերով:

Եվ դա այն տարին էր, երբ «Գորտը» շատ կռկռաց, և գիրքս չտպագրվեց, իսկ թերթն էլ, որտեղ աշխատում էի փակվեց, ու բոլորս ցրվեցինք: Երկու տեղ հայտ էի ուղարկել. դեռ լռում էին: Իսկ գրքիս վրա վստահ էի, և այն պիտի՛ տպագրվեր: Անաբելի մոտ դեռ կար մի փոքր գումար, որն իր նկարած կտավներից մի քանի վաճառվածների արդյունքն էր:

Այդ երեկո շշին մի դառը և հեգնական հրաժեշտ տալուց հետո պառկեցի ու կիթառը վերցրի գիրկս: Չէի նվագում: Ներսիս լարերին հանգիստ տալու հույսով ձեռքով մերսում էի կիթառի լարերը, մինչ Անաբելը Բեքեթ էր կարդում: Երեք-չորս էջ հետո նա հանկարծ փակեց գիրքը, գլուխը դրեց կրծքիս ու նայելով առաստաղին և ձեռքով օդում «ուրվագծելով» սենյակի լամպը՝ զվարթ ու զնգուն ձայնով հայտարարեց.

- Վաղը, ինչ էլ լինի, տպարանից հետո կգնանք գինի խմելու: - Ապա կատակի տված, - այլևս դա առանց ինձ չես անի, - ապա նորից շշուկով, - ես կնկարեմ ու Դերոյի միջոցով կվաճառենք, լա՞վ…

Ես գրկել էի նրան ու շնչում էի մազերի անուշ բույրը: Այդ երեկո ես զգացի, որ նա կար… Այո՛, նա կար և կարծես կար հենց ինձ համար… Նա կարող էր ուրիշի հետ գինի խմել տպարանից հետո: Ուրիշի դժվարին փուլում դառնալ կենսական հաշիշ: Կամ լինելով ինձ հետ կարող էր հակառակ կողմն անցնել. կարող էր աման կոտրել, բողոքել, պատերազմել, ստվերներ նետել ինձ վրա և տեղից էլ ջարդրտված միսն ու ոսկորը էլ ավելի փշրտել: Կարող էր… Ինչ է՝ չե՞ն անում այդպես… Նա կարող էր լռել ու մենակ թողնել ինձ շշերի գրկում: Կարող էր դառնալ հասարակ, սովորական կին, որը կին է շնորհիվ միայն թանաքի և ինչ-որ աղավնիներով արարողության… հը՜մ, բայց, ո՛չ… Չէր կարող: Անաբելն ուրիշ է: Նա  ոչ մի անգամ չճչաց ինձ վրա: Նա գիտեր… շա՜տ լավ գիտեր՝ ճչա երեխայի վրա, և նա նորից կընկնի, ցույց տուր՝ ինչպես վեր կենալ, և նա կհպարտանա ամեն չընկնելուց:

Անաբելն ընդամենը քսան տարեկան էր: Բայց շատ պարզ տեսել էր, որ ժամանակի թիրախն այդ պահին ես էի, ինձ վրա էր նշան բռնել կյանքը: Ես պիտի պառկեի, որ չմեռնեի… իսկ Անաբե՞լը… Անաբելը մնաց, որ ոտքի կանգնեցնի: Այդպես մեզ մոտ չեն անում, այդպես ամոթ է այսօր… Շատերն էլ ասում են՝ դա թիթիզություն է… Բա՜, իսկ Լենոնն ասում է. «Նույնիսկ Նապոլեոնն առանց կնոջ մի հասարակ ապուշ կլիներ»: Ծիծաղելի է… Ու տխուր:

Այդ օրը ես եզրին էի, ես արդեն պատրաստ էի պոկվել պարաններիցս ու ընկնել անսահման անդունդը: Բայց չի կարելի մեռնել, երբ կյանքը հեգնում է, ոչ էլ, երբ գորտերն են կռկռում… Մեռնել կարելի է միայն այն դեպքում, երբ կին չկա: Բայց Անաբելը կար…

Հաջորդ առավոտ Անաբելն արթնացրեց ինձ՝ շոյելով մազերս ու շշնջալով.

- Ի՞նչ կուտես:

Հազիվ լսելի մի բան գռմռացի և հինգ րոպե հետո մի կերպ բարձրացրի գլուխս, որը կարծես սոսնձել էին բարձին: Անաբելը պատրաստեց գռմռածս, իսկ ես նարինջ քամեցի:

Հին տպարանից դուրս գալուց շտապում էի, բայց լարերս արդեն հանգիստ էին: Քայլվածքս՝ նույնպես: Բուլվարի մոտ փոքրիկ տպարան կար: Ամբողջ ճանապարհ նայում էի քայլերիս՝ պատկերացնելով, թե այս անգամ ինչպես կընդունեն «երեխայիս»:

Ներս մտա: Այդ տպարանում գորտեր չկային…

Читайте на 123ru.net