Новости по-русски

Վահան Սահակյան. Իմ կինն իմ ընկերն է

Վահան Սահակյան. Իմ կինն իմ ընկերն է

Կյանքը մոգական մի գեղադիտակ է կարծես՝ լցված տարբեր գույնի, ձևի ու չափի ապակիներով: Աստված չարաճճի մանկան նման շարժում է այն և հիանում իր ստեղծած պատկերներով, գույներով, որոնք ստեղծվում են, քանդվում, նորից ստեղծվում … և հոսում է կյանքն իր հարափոփոխությամբ: Մենք՝ տիեզերքի հավիտենականության մեջ թափառող միայնակ հոգիներս, այդ բյուրեղիկներն ենք, և մեզնից յուրաքանչյուրի մեջ Աստված դրել է անկրկնելի մե՜ր գույնը: Ու կյանքի այս գլխապտույտի մեջ մենք փնտրու՛մ ենք, անվե՛րջ փնտրում, քանի դեռ չենք գտել հոգու այն ներդաշնակությունը, աստվածային այն երգ երգոցը, որը կիսատ կմնար, եթե բացակայեին բառերը կամ երաժշտությունը: Ահա ևս մի պատկեր…

Աստվածային այդպիսի նախախնամությամբ էլ գտա քեզ, իմ ընկեր՝ իմ կին, իմ…            

Երազ և իրականություն, գիշեր և ցերեկ, փոթորկուն ծով ու անամպ, խաղաղ երկինք, զգացմունքների տարափ և լռության հմայք, որ ավելի խոսուն է. ահա մենք՝ ես ու ընկերս կյանքի: Եվ այժմ, երբ նայում եմ տարիների հեռավորությունից, թվում է՝ դժվար է, գրեթե անհնար է զատել երազը իրականությունից, գիշերը՝ ցերեկից. խառնվել են իրար: Ի՞նչ կլիներ ցերեկն առանց գիշերվա կախարդանքի, իրականությունն առանց երազի, փոթորկուն ծովը կխաղաղվե՞ր արդյոք առանց անամպ երկնքի: Եվ, փա՜ռք Աստծո, որ առավելություններով ու մարդկային թուլություններով հանդերձ՝ մենք տարբեր ենք, և այդ հակադրությունների մեջ է ապրելու հմայքը: Ու ես՝ անուղղելի իրապաշտս, հիմա արդեն չեմ հասկանում՝ իմ իրականության մեջ երա՞զն է շատ, թե՞ նրա երազի մեջ՝  իրականությունը: Ես նա եմ դարձել, նա էլ՝ ես… (‹‹Ես էլ դու եմ, ես չկամ…››): Եվ հիմա մեր երազները թև թևի տված թռչում են բա՛րձր – բա՛րձր երկինքներում, ու համաչափ են նույնիսկ մեր սրտերի  զարկերը, որոնք սոսկ զարկեր չեն, այլ հույզ, ապրում, անհանգստություն մեր զավակների վաղվա օրվա համար: Եվ ամուր, հաստատուն քայլերով քայլում ենք կյանքի այս խորդուբորդ ոլորաններով ես ու ընկերս՝ կողակիցս ու լծակիցս՝  հավատարիմ մեծ պոետի անմահ պատգամին՝

…Ու պետք է քայլե՜լ ու քայլե՜լ համառ՝
Ապրելու հսկա տենչը բեռ արած, -
Քայլել անիմաստ մի կյանքի համար,
Մարել ու վառել աստղերը մարած,
Որ տիեզերքի զառանցանքը մառ
Չցնդի երբեք ու մնա երազ…

Читайте на 123ru.net