Новости по-русски

Գարիկ Մուրադյան. Իմ կինն իմ ընկերն է

Սերը դժվարին է:

Որովհետև սերը էության էությունն է:  Սերը վերջին և կատարյալ մենակությունն է. նա ոչ տալ է և ոչ միություն, այլ՝վշտերով ցանված դաշտ է, որի միջից մարդ անցնում է ինքն իրեն հետ հանդիպելու համար:

Ջահել սրտերը սպասել չգիտեն: Նրանք խենթանում են ուրիշի սիրո համար և կորցնում են թե իրենց, թե ուրիշին: Սրտերը այրվում են, իսկ հոգիները պատրաստ չեն: Սերը դժվարին է:

Սերը ոչ տալ է և ոչ առնել, սերը ամբողջովին լինել է: Նա մահ է և կյանք և այնքան մեծ, որ մեր մարմինը նրան չի հասնում: Նրան հասնում է մեր հոգին: Իսկ քանի՞ հոգիներ կան, որ պատրաստ են:

Սերը գոյանալու համար պետք ունի երկու մենակությունների, որը մեկը մյուսին ամբողջացնում, սահմանում են, մեկը մյուսի առաջ խոնհարում: Եթե այդ մյուս մենակությունը, որին դու անհամբեր սպասում էիր, քեզ ընդառաջ չի գալիս՝ թող լինի այդպես: Ականջ դիր լսիր լռության մեջ քեզ այցելող անհայտին և թող քո մարմնի հետ նա լինի մարմին և քո հոգու հետ՝ հոգի:

(Կոստան Զարյան)

Պատահական չէ, որ սկսեցի այս տողերով: Դա հատված էր կնոջս սիրված գրքից: Երանի նրանց, ովքեր կարողացել են գտնել իրենց սիրուն, իրենց կյանքի ընկերոջը;

Սկսեմ իմ պատմությունը: Ճիշտ է ես շատ գեղեցիկ և շատ շռայլ խոսքերով չեմ կարող ներկայացնել,  բայց ամեն դեպքում փորձեմ դա անել գեղեցիկ:                                       

Մեր սիրո պատմությունը սկսվել է դեռ մանկուց, դա սեր էր առաջին հայացքից: Շատերը կասեն, թե ինչ սեր մանուկ հասակում, բայց դա իրական էր: Չեմ մոռանա այն օրը, երբ նա մտավ դասարան և այդտեղից սկսվեց ամեն ինչ՝ փորձությունների և սպասումների լի շղթա: Այնքան գեղեցիկ և անպաշտպան էր նա:  Ես ուղղակի չէի կարողանում մտքիցս հանել նրան:

Հիանում էի նրանով: Նա դպրոցում աչքի էր ընկնում իր խելացիությամբ և համեստությամբ: Նրան սիրում էին բոլորն անխտիր և ուսուցիչները, և աշակերտները:

Փորձեր նրա հետ ընկերանալու, մտերմանալու: Դասերին օգնելու պատրվակով ամեն անգամ դիմում էի նրան, երբեք չէր մերժում: Շատ էր սիրում հայոց պատմությունը: Բազում գրքեր էի գտնում նրա համար, լսում էի նրան, անդադար խոսում էր պատմությունից: Դարձել էի նրա համար եղբայր, ընկեր:

Վերջպես  որոշեցի խոստովանել իմ սերը, խոստովանությանս պատասխան նրա աչքերից արցունքներ թափվեցին: Ամբողջ գիշեր ես չկարողացա ներել ինձ այդ արցունքների համար: Վախ կար սրտումս, որ նա այլևս չի խոսի ինձ հետ: Առավոտյան դպրոց գնալով մեծ էր զարմանքս և ուրախությունս՝  նա խոսում էր ինձ հետ, այնպես կարծես ոչինչ էլ չէր եղել ժամեր առաջ:

Ես հույսս չէի կորցնում: Հանձինս նրա, ձեռք էի բերել լավ ընկեր, որն ամեն դժվարության իմ կողքին էր: Իր բարի աչքերով օգնում և  ոգեշնչում էր ինձ:  Տաս տարվա պայքարից հետո վերջապես կարողացա կորզել նրանից երկար սպասված խոսքերը. «Ես սիրում եմ քեզ»: Ուզում էի գոռալ ամբողջ աշխարհին, սիրում եմ  նրան, իսկ նա՝ ինձ:

2012-ին դպրոցն ավարտելուց մեկ ամիս անց ես զորակոչվեցի բանակ: Միմյանց տրված խոստումներ,  որ այդ երկու տարում ոչինչ չի փոխվի: Նա կսպասի ինձ: Վստահ էի դրանում, բայց … 
Ես նրան թողնում էի միայնակ:

Դժվար ու սպասումներով լի երկու տարի: Ամենօրյա հեռախոսազանգեր, բայց այդ ամենը չէր լցնում սիրտս: Շատ էի կարոտում նրան: Ամենա սարսափելին այն էր, երբ ծնողների հետ մեկնեց Ռուսաստան: Հինգ ամիս մնաց այնտեղ, դա ինձ համար մի ամբողջ հավերժություն էր ոչ տեսնում էի նրան, ոչ լսում ձայնը: Դա էլ անցավ:

Մինչ ես պարտքս էի տալիս հայրենիքս իմ սիրելին կայացել էր  ուսման մեջ,  աշխատանքում:  Շատ էի ուրախանում նրա հաջողություններով,  նրա կողքին ինձ կայացած չէի զգում: Չունեի աշխատանք, ուսում: Այս դեպքում էլ էր նա իմ կողքին:  Հույսս կտրած, որ ոչ մի գործ չեմ գտնի ցանկանում էի լքել հայրենիքս:  Իր համառությամբ կարողացավ ինձ համոզել և իր խորհրդով ընդունվեցի աշխատանքի:

Այսօր գրեթե երկու տարի է մենք ամուսնացած ենք: Սիրում եմ նրան անչափ: Ուզում եմ նրանից ներողություն խնդրել իմ կոպիտ բնավորության համար: Ես շատ ժամանակ նեղացնում եմ նրան իմ կոպտությամբ: Նա մեծահոգությամբ ներում է ինձ ամեն ինչում: Բայց ասում են կոպիտ տղամարդիկ սիրում են ավելի ուժգին և անդավաճան:

Սերս ավելի մեծացավ, երբ ինձ անգին նվեր պարգևեց՝  որդուս:

Տա Աստված, և, իհարկե, ես համոզված եմ, որ մեր նորաստեղծ ընտանիքը ամեն դժվարությունից դուրս կգա և պարզ ճակատով կնայի կյանքին:

Սիրում եմ քեզ կյանքիցս  առավել՝  իմ ամբողջություն, իմ անփոխարինելի ընկեր:

Читайте на 123ru.net