Новости по-русски

100 ամենաազդեցիկ լուսանկարները՝ «Դալի Ատոմիկուս»

Ամերիկյան Time ամսագիրը ընտրել է «Բոլոր ժամանակների ամենաազդեցիկ 100 լուսանկարները»: Մեդիամաքսը պարբերաբար իր ընթերցողներին կներկայացնի Time-ի պատմությունները այդ լուսանկարների ստեղծման մասին:

Ֆիլիպ Հալսման` «Դալի Ատոմիկուս»

Նյու Յորք, 1948 թվական

Նշանավոր լուսանկարիչ Ֆիլիպ Հալսմանն իր աշխատանքներում ցուցադրում էր լուսանկարվողների էությունը, դա ամենակարեւորն էր իր համար:

Երբ Հալսմանը որոշեց լուսանկարել իր մտերիմ ընկերոջը՝ Սալվադոր Դալիին, նա վստահ էր՝ բավարար չէ պարզապես Դալիին ինչ-որ տեղ նստեցնել ու այդպես պատկերել: Ոգեշնչվելով Դալիի՝ «Լեդա Ատոմիկա» լուսանկարից, Հալսմանը փորձ արեց վերստեղծելու կտավը, որն, ի դեպ, գտնվում է լուսանկարի աջ անկյունում:

Լուսանկարում տեսնում ենք թռչող երեք կատու, օդում` Սալվադոր Դալիին եւ ջուր:

Հալսմանին օգնում էին լուսանկարչի կինն ու դուստրը: Հալսմանը սկսեց հաշվել` իր հրահանգով կինն ու դուստրը դեպի Դալի նետեցին կատուներին ու թափեցին ջուրը: Այդ ընթացքում սյուռեալիստը պիտի հասցներ վեր թռչել: Ձկան թելով առաստաղից կախված էին երկու կտավները, մոլբերտն ու աթոռը:

28 անգամ «նկարահանող խմբի անդամները» ստիպված էին կրկնել գործողություններն ու նետել կատուներին, որ Հալսմանը կարողանար որսալ ցանկալի արդյունքը:

Ընդհանուր առմամբ նկարահանումը տեւել է 6 ժամ: Լուսանկարը տպագրվեց Life ամսագրում: Դալին, մինչ լուսանկարի տպագրվելը, մի քանի շտրիխ ավելացրեց վրան:

Time ամսագիր
Պատրաստեց Լենա Գեւորգյանը

Читайте на 123ru.net