Գեորգի Վարդանյան. Իմ կինն իմ ընկերն է
Բավական ժամանակ է՝ պառկած եմ այս ուղղանկյունու հատակին, որը, կարծես, տունս լինի արդեն, ու լուռ նայում եմ դռանը, ճաղերի արանքից։ Շարժումներս ու մտքերս սահմանափակված են, չեմ կարող նույնիսկ կարիքներս հոգալ։ Ինձ դուր են գալիս մատներիս ծայրերի լույսերը, բայց հիմա դրանք էլ են փակված։ Սպասում եմ հսկաներիս ներս գալուն։ Երկար չսպասեցրին։ Դուռը բացվում է։ Ահա և նրանք։ Ինչպես միշտ, միասին, ասես այս երկուսին հատուկ նույն տուփի մեջ են թողարկել։ Նրանցից մեկը ավելի խոշոր է, երկար սև ալիքաձև մազերով, որոնք աճում են թե՛ գլխին, թե՛ դեմքին։ Մյուսն ավելի նուրբ է՝ երկար կարմիր մազերով: Օ՜, մազոտի ձեռքին էլի թուղթ ու գրիչ կա, էլի խոսելու ենք: Չնայած՝ ես քիչ եմ մասնակցում, լսում եմ ուղղակի: Ամեն վայրկյան սպասում եմ ու անսահման ուրախանում նրանց ուշադրությունից: Ինձ թվում է՝ սրանց ոչինչ չի բաժանի: Չգիտեմ՝ ինչ կասեիք դուք, երբ լսեիք նրանց խոսակցությունները և տեսնեիք, թե ոնց են շփվում: Իսկ երբ մեկնումեկի հետ մենակ եմ մնում, գլուխս տանում են մյուսի մասին խոսակցություններով: Որոշ դեպքերում կարմրամազը իմ նկատմամբ ավելի ներողամիտ է, քան հսկայի։ Օրինակ, երբ ես գոռում եմ, միանգամից գալիս է ու հանգստացնում, միշտ գիտի՝ ինչ եմ ուզում: Իսկ երբ սև հսկան է աղմկում, պատկերն այլ է: Վերջերս, երբ մենակ էի մնացել սևահերի հետ, սովորեցրի մի քանի հնարք, որոնցով նա հաստատ կհալեցնի կարմրամազի սիրտը: Օրվա ամենահետաքրքիր ժամերից է, երբ մենք երեքով հավաքվում, խոսում ենք աշխարհից և միմյանցից: Նրանք պատմում են իրար իրենց մտքերն ու զգացմունքները, օգնում իրար տարբեր հարցերում, զբաղվում ինձ հետ: Այդ ժամերին իմ աչքի առաջ սև հսկայի դեմքի անհանգիստ, հոգնած, մտազբաղ, երբեմն՝ զայրացած հայածքը լցվում է լույսով և ջերմությամբ, իսկ կարմրամազը լցվում է էներգիայով, ասես նա՛ չէր ամբողջ օրը վազվզում իմ առջև։ Նրանք ասես միմյանց համար արևներ լինեն, այնքան տարբեր, բայց իրար լրացնող արևներ: Ու ես գիտեմ արդեն, թե որն է ընկերը ու երբ ընտրեմ ընկերներ, կուզեմ, որ իրար նայելու հետ մեկտեղ մեկ ուղղությամբ էլ նայենք, ինչպես իմ հսկաները: Մի քանի օր առաջ սևահերը արթնացավ գիշերը ու նկատեց, որ ես քնած չեմ, ու ճաղերի արանքից երևում են փայլփլացող աչուկներս։ Նա զգույշ մոտեցավ ուղղանկյունուս, հարմար նստեց գետնին, այնպես որ մեր դեմքերը նույն մակարդակի վրա հայտնվեցին, ու սկսեց ցածր հազիվ լսելի ձայնով.
– Գիտե՞ս, փոքրիկ, գիտե՞ս, թե ինչ է երջանկությունը։ Իհարկե գիտես։ Բայց այն տարբեր է բոլորի համար։ Իսկ իմ և քո երջանկության աղբյուրը նույնն է, դա քո մայրիկն է։ Հաճախ եմ նախանձում քեզ, երբ տանը չեմ, նախանձում եմ, որ միասին եք, որ նրա կողքին ես։ Ինչ դժվար, գեղեցիկ ճանապարհ է անցել մեր ընկերությունը ու ավելի ամրացել։ Մի օր, երբ մեծանաս, աղջի՛կս, կուզեմ՝ դու էլ նրա նման կին լինես, լինես ամեն ինչ քո սիրելիի համար, որովհետև սերն է միայն ծնում սեր, սերն է տալիս ուժ ու հույս՝ դիմադրելու ու առաջ գնալու ամեն մի նոր բացվող օր։ Ու հիմա քեզ եմ ասում, շնորհակալ եմ տիեզերքին ձեզ համար։
Նրա ձայնը դողում էր։ Այդ դողացող շշուկի մեջ ես տեսա ամեն ինչ ու հասկացա, որ ես երջանիկ մարդ եմ. ծնողներս իրար սիրում են, էլ ոչինչ չկա ցանկանալու։ Թաքուն, անձայն ժպիտ նվիրեցի զգացմունքներից նրբացած հսկայիս ու փակեցի աչուկներս, որ նա էլ գնա քնի, հոգնել է հաստատ։