«Արարատբանկում հեղափոխական փոփոխություններ կլինեն»
Զարգացման Հայկական Բանկի եւ Արարատբանկի միացման գործընթացը հաճախորդների համար կլինի սահուն եւ առանց ցնցումների:
Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Արարատբանկի գործադիր տնօրեն Աշոտ Օսիպյանը` ամփոփելով 2016թ. բանկի գործունեության արդյունքներն ու ներկայացնելով առաջիկա ծրագրերը:
«Այս պահին ընթանում է ինտեգրացիոն գործընթաց, որի արդյունքում կունենաք նոր, ավելի հզոր բանկ: Նախատեսում ենք ավելացնել Արարատբանկի մասնաճյուղերի թիվը, որն այս պահին 55 է, իսկ Զարգացման Բանկի բոլոր լավ աշխատակիցներին կփորձենք պահպանել»,- ասել է նա:
Աշոտ Օսիպյանն ընդգծել է, որ պահպանվելու են Զարգացման Բանկի` հաճախորդների հետ կնքած վարկային, ավանդային եւ մյուս պայմանագրերի նախկին պայմանները, դեռեւս փոփոխվելու է միայն սպասարկումը, իսկ հետագայում հաճախորդները ստանալու են ավելի որակյալ, լավ պայմաններով բանկային ծառայություններ:
«Հաջորդ տարվա ընթացքում նախատեսում ենք ավարտել ինտեգրացիան, որը դժվարին գործընթաց է, քանի որ երկու բանկ, երկու տարբեր մշակույթ պետք է բերվեն մեկ ընդհանուր պլատֆորմի»,- ասել է նա:
Արարատբանկի ղեկավարը նշել է, որ այլ բանկի ձեռքբերումն իրենց ռազմավարության ծրագրերից է եղել, եւ Զարգացման Բանկը հարմար տարբերակ էր իրենց համար: Նա նաեւ չի բացառել հետագայում այլ բանկի ձեռքբերումը:
«Սա բանկային միավորումների դեռեւս առաջին փուլն է: Լինելու է նաեւ երկրորդը»,- ընդգծել է նա:
Անդրադառնալով Արարատբանկի առաջիկա ծրագրերին, Աշոտ Օսիպյանը նշել է, որ բանկում «հեղափոխական փոփոխություններ են նախատեսվում»:
«2017-ից մենք ունենալու ենք զարգացման երեք տարբեր ուղիներ: Առաջինը դասական բանկն է, որտեղ կատարելու ենք մի շարք փոփոխություններ, բարձրացնելու ենք արդյունավետությունը: Դրա հետ մեկտեղ, ունենալու ենք «դիջիտալ» բանկ, որն իրականացնելու է թվային բոլոր պրոդուկտների մշակումն ու վաճառքը: Երրորդը լինելու է ներդրումային բանկինգը, որտեղ եւս զարգացման մեծ հնարավորություններ կան»,- նշել է նա: