Новости по-русски

Հայաստանի արտգործնախարարը «վնասակար» է համարում Լիպարիտյանի տեսակետները ԼՂ հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ

Հայաստանի արտգործնախարարը «վնասակար» է համարում Լիպարիտյանի տեսակետները ԼՂ հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը «վնասակար» է որակել 1994-1997 թվականներին Հայաստանի նախագահի գլխավոր խորհրդական, պրոֆեսոր Ժիրայր Լիպարիտյանի` երեկվա հարցազրույցում արտահայտած տեսակետները Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ:

Լիպարիտրյանը, հիշեցնենք, «Առավոտ»-ին տված հարցազրույցում կարծիք էր հայտնել, որ «այս պահին բանակցությունների սեղանին դրված փաստաթուղթը մոտենում է 1997 թվականին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի առաջարկած լուծումներին, սակայն եթե 1997-ի առաջարկով Լաչին գավառը մնում էր հայկական հակակշռի տակ, և նրա կարգավիճակը որոշվելու էր ԼՂ կարգավիճակի հետ՝ երկրորդ փուլում, ապա առկա փաստաթղթերով՝ Լաչինի կարգավիճակը կարծես առանձնանում է ԼՂ կարգավիճակից և անցնում է ինչ-որ «միջազգային» ուժի»:

«Հարցազրույցում վերլուծություններ են արվում ինչ-որ աղճատված տեղեկատվության, ինչ-ինչ վարկածների, այլ ոչ թե ընթացող բանակցությունների մասին ամբողջական, խորը պատկերացումների, իրական մանրամասների վրա, հետևապես արվող երզակացությունները ոչ միայն չեն կարող օգտակար լինել, ավելին՝ պարզապես վնասակար են», - գնահատել է արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը` հավելելով. - «Որպես անցյալում բանակցությունների մասնակից, [Լիպարիտյանը] առնվազն պետք է ինքն իրեն հարցներ. արդյոք այս կարգի հայտարարությունները օգուտ կտան բանակցային գործընթացին կամ ում ջրաղացին են դրանք ջուր լցնում»։ 

Նալբանդյանը նաև հիշեցրել է, որ 1997-ից ի վեր միայն նախագահների մակարդակով մի քանի տասնյակ հանդիպումներ են կայացել: - «Եթե այդ հանդիպումների արդյունքներն այդքան վնասակար էին մեզ համար, ապա ինչու էր ամեն անգամ հենց Ադրբեջանը հրաժարվում դրանց արդյունքներից։ Ինչպես դա եղավ Կազանում, Կազանից առաջ՝ Սոչում, Սոչիից առաջ՝ Մոսկվայում, Մոսկվայից առաջ՝ Աստրախանում, Աստրախանից առաջ՝ Սանկ-Պետերբուրգում ու այսպես կարող ենք երկար շարունակել։ Արդյո՞ք պատահականություն է, որ Ադրբեջանը մինչ այսօր հղումներ է կատարում այն հայտնի փաստաթղթերին, որոնք ընդունվել են 1997թ. առաջ։ Վստահ եմ, որ այդ փաստաթղթերը հարցազրույց տվողին քաջ հայտնի են», - փաստել է արտգործնախարարը:

Ժիրայր Լիպարիտյանը իր հարցազրույցում նաև կարծիք էր հայտնել, որ ՝ «ներկա իրավիճակը անընդունելի է մեր հակառակորդի, մեր հարևանների և միջազգային հանրության համար», և որ «ինչպես անցյալում, ներառյալ՝ ապրիլյան պատերազմի պարագայում, միջազգային հանրությունը Ադրբեջանին չի դատապարտելու ռազմական գործողությունների վերսկսման համար»:

Ի պատասխան Էդվարդ Նալբանդյանը ընդգծել է, որ Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը համահունչ է միջազգային հանրության մոտեցումներին, այլ ոչ թե հակառակը: - «Ավելին. ո՞վ է խրտնում Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների հայտնի հինգ հայտարարություններից և բոլորովին վերջերս Համբուրգում եռանախագահ երկրների արտգործնախարարների հայտարարությունից։ Հենց Ադրբեջանը», - ասել է արտգործնախարարն ու հիշեցրել. - «Երեք օր առաջ Հանրապետության նախագահը արտգործնախարարությունում ունեցած իր ելույթում հստակ, սպառիչ և շիտակ գնահատական տվեց այս կարգի մեկնաբանություններին»:

Читайте на 123ru.net