2017-ը ժամանում է Ռուսաստան, Նոր Զելանդիա, խաղաղօվկիանոսյան կղզիներ, Ավստրալիա
![2017-ը ժամանում է Ռուսաստան, Նոր Զելանդիա, խաղաղօվկիանոսյան կղզիներ, Ավստրալիա](https://gdb.rferl.org/3B4FC0B4-D06E-439F-9C11-722DDDF8775A_w800_h450.jpg)
Ռուսաստանի հեռավորարևելյան նավահանգիստները, Նոր Զելանդիան, մի շարք խաղաղօվկիանոսյան կղզիներ և Ավստրալիան արդեն դիմավորել են նոր տարին հրավառություններով և տոնական միջոցառումներով:
Նոր Զելանդիայի խոշորագույն քաղաքում` Օքլանդում, տասնյակ հազարավոր մարդիկ են դիտել հսկայական պիրոտեխնիկական ցուցադրությունը: Տոնական տրամադրություն էր տիրում նաև Ռուսաստանի հեռավորարևելյան Անադիր քաղաքում` ամերիկյան Ալյասկա նահանգին սահմանակից Չուկոտկայի ինքնավար շրջանում:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ռուսաստանցիներին ուղղված տոնական ուղերձում անցնող 2016-ը բնութագրել է որպես «բարդ տարի», համաքաղաքացիներին շնորհակալություն է հայտնել «ըմբռնման և վստահության համար» և նրանց երջանիկ Նոր Տարի մաղթել:
Սամոա, Ֆիջի, Վանուատու կղզի պետությունները, ֆրանսիական Նոր Կալեդոնիա տարածքը նույնպես դիմավորել են նոր տարին:
Ավստրալիայի Սիդնեյ քաղաքում ավելի քան մեկ միլիոն մարդ դիտում է ամանօրյա անկրկնելի հրավառությունը, որի ընթացքում, կազմակերպիչների վկայությամբ, ավելի քան 100,000 հրթիռ է արձակվելու: