Новости по-русски

Ներսես Պողոսյանի վիճակը կտրուկ վատացել է. փաստաբան

Ընդդիմադիր «Հիմնադիր խորհրդարան» շարժման առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի գործով կալանավորված և Նուբարաշենի բանտում արդեն կես տարի անցկացրած Ներսես Պողոսյանի փաստաբանն ահազանգում է, որ իր պաշտպանյալի առողջական վիճակն այսօր կտրուկ վատացել է:


Պողոսյանը արդեն7-րդ օրը հացադուլ և 4-րդ օրը ջրադուլ է հայտարարել: Փաստաբան Արայիկ Պապիկյանն ուշ երեկոյան «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ այցից հետո «Ազատությանը» պատմեց, որ Պողոսյանը, չնայած իր ծանր վիճակին, մտադիր չէ հրաժարվել պայքարի այս տարբերակից:


Պապիկյանի խոսքով իր պաշտպանյալը հրաժարվել է բուժօգնությունից, և անգամ բժիշկներին չի հաջողվում համոզել նրան:


«Կասկածում եմ, որ նա այդ վիճակով մի օր կդիմանա: Շատ ծանր էր շնչում: Ես նրան ասացի, որ մի գանգատ մենք Վճռաբեկ դատարանում ունենք, մի գանգատ Վերաքննիչում, և առաջիկա օրերին պատրաստվում ենք դիմել Եվրոպական դատարան, ու քանի որ նա դիմում է գրել Վերաքննիչի նիստերին մասնակցելու` ինչպե՞ս քեզ պետք է բերեն, պատգարակո՞վ», - պատմեց Պապիկյանը:


Պաշտպանը նշեց, որ վաղն առավոտյան կրկին այցելելու է Ներսես Պողոսյանին:


Ներսես Պողոսյանը մեղադրվում է Ժիրայր Սեֆիլյանի կազմակերպած խմբի կողմից 2016-ին ապօրինի կերպով զենք փոխադրելու և դրանց կիրառմամբ Երևանի հեռուստաաշտարակն ու այլ կառույցներ զավթելու գործողություններ նախապատրաստելու մեջ։ Նա, ինչպես նաև Սեֆիլյանը չեն ընդունում մեղադրանքը։


Մեղադրանքը հաստատվելու դեպքում Ներսես Պողոսյանին սպառնում է 3-8 տարվա ազատազրկում։


Բողոքի այս ակցիաների միջոցով Պողոսյանը պահանջում է ազատել իրեն կալանքից՝ կնոջն ու անչափահաս երեխաների հոգսերը հոգալու համար։

Читайте на 123ru.net