Խորհրդանշանների պատերազմ. մեծ ելք քաղաքական անապատով 

Վերջին օրերին սկիզբ առած «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը կրկին ալեկոծել է մեր հանրությանը: Թեև մայիսի 9-ի խոշոր հանրահավաքից հետո մնացած բոլոր հավաքները ավելի քիչ մարդ հավաքեցին, բողոքի այս նոր ալիքի շուրջ զրույցները չեն մարում: Ովքե՞ր են, ի՞նչ են ուզում, ո՞ւմ ականջներն են երևում Սրբազանի սպիտակ հանդերձանքի ստվերում, ե՞րբ ենք դառնալու կրոնապետություն… Սոցիալական կայքերը խեղդվում են […]

The post Խորհրդանշանների պատերազմ. մեծ ելք քաղաքական անապատով  first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

Վերջին օրերին սկիզբ առած «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը կրկին ալեկոծել է մեր հանրությանը: Թեև մայիսի 9-ի խոշոր հանրահավաքից հետո մնացած բոլոր հավաքները ավելի քիչ մարդ հավաքեցին, բողոքի այս նոր ալիքի շուրջ զրույցները չեն մարում: Ովքե՞ր են, ի՞նչ են ուզում, ո՞ւմ ականջներն են երևում Սրբազանի սպիտակ հանդերձանքի ստվերում, ե՞րբ ենք դառնալու կրոնապետություն… Սոցիալական կայքերը խեղդվում են նմանօրինակ հարցադրումների մեջ: 

Բայց գրեթե բոլորը, անկախ քաղաքական դիրքորոշումից, համաձայնում են, որ շարժումը, բացի Նիկոլ Փաշինյանին հեռացնելու ցանկությունից, ուրիշ ոչ մի նպատակ, տեսլական, գաղափար կամ ճանապարհ չի առաջադրել:

Մթնոլորտում կան վրդովմունք, ընդվզում, ցասում, բայց գրեթե զրո տեսլական, թե ինչ ենք անելու և ինչպես: Եվ թերևս այս քաղաքական նպատակների դատարկությունը հնարավոր կլիներ բացատրել արքեպիսկոպոսի կերպարով, որը, աշխարհիկ մարդ չլինելով, պարզապես գուցե փորձ չունի նման ձևակերպումներ անելու, եթե մենք նույն դատարկությունը չտեսնեինք նաև քաղաքական դաշտում: 

Թե՛ իշխանության եկած «ազատականների», թե՛ ընդդիմություն դարձած «կոմպետենտների» մոտ: Անկախ իրենց հռչակած կոմպետենտությունից կամ բարձր արժեքներից՝ ոչ մի ուժ, հակառակորդ ուժին հիմնահատակ ոչնչացնելու ցանկությունից և «գանք կամ մի բան կանենք, հետո կերևա» մտքերից բացի, ոչ մի բան չի առաջարկում: Եվ եթե սա ամենուր է, նշանակում է խնդիրը ոչ թե Բագրատ Սրբազանի մեջ է, այլ՝ երկրի հասարակական-քաղաքական իրավիճակի: 

Սա մեր սեփական անապատն է: Մեր սեփական ամայությունը, որի արմատները դրվեցին դեռևս Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի իշխանության օրոք: «Մեր դեմ խաղ չկա» մոտեցումը սրբեց ու մաքրեց ամբողջ քաղաքական դաշտը: Այս նույն քաղաքականությունը ոգևորված շարունակվեց նաև հեղափոխությունից հետո: Այն որդեգրեցին իշխանությունները, այն ակտիվորեն կիրառում էր նաև խորհրդարանական դարձած ընդդիմությունը՝ բզկտելով իրենից բացի յուրաքանչյուր ընդդիմադիր խոսք արտահայտած ուժի:

Ի հետևանք՝ ունենք ցածր վարկանիշով իշխանություն, շատ ավելի ցածր վարկանիշով ընդդիմություն և քաղաքական անապատով քայլող ճերմակազգեստ հոգևորական: 

Լրագրողները տեքստի մարդիկ են: Նրանք ուշադիր են լսում բառերը: Եվ եթե հետևել եք վերջին օրերի ցույցերին, ապա նկատած կլինեք, որ Բագրատ Սրբազանի խոսքը հաճախ խորհրդանշանների անձրև է հիշեցնում: Նա կարծես աճպարարի պես ափի միջից դուրս է հանում և ժողովրդի վրա է նետում բառ-խորհրդանշաններ, ու հավաքված մարդիկ հրաշքի կարոտ երեխաների պես հրճվում են: «Հայրենիք», «հայ», «Աստված», «հերոս», «Արցախ»…

Սա իշխանության կողմից այնքան ջանասիրաբար փոփոխվող բառերի հին ու ծանոթ տարբերակներն են: Այս ամայության ու աղմուկի մեջ շատ մոլորվածների և հոգնածների համար հոգևորականի բառերը նման են միրաժի, որ հույս են տալիս և ստիպում առաջ գնալ՝ կորցրած հոգեվիճակի ծարավը հագեցնելու համար: Իշխանությունն իր հերթին ժողովրդի ուղղությամբ է նետում նույն բառ-խորհրդանշանների իր տարբերակը՝ «պետություն», «քաղաքացի», «օրենք», «հարկատու», «ինքնիշխան տարածք»…

Գաղափար չկա, բայց խորհրդանշանների պայքար է մեր երկրում: Որոշ քաղաքագետների հավաստմամբ՝ այս բառերը պրոտոգաղափարներ են: Կարողունակություն: Ներուժ: Ծիլեր, որ կարող են վերածվել հստակ մտքերի:

Այսինքն՝ գուցե ամիսներ կամ տարիներ կարող են աճել, ձևավորվել, վերածվել գաղափարների: Այս բառերը ձնահյուսի պես կարող են իրենց շուրջը հավաքել հստակ մտքեր, ճանապարհներ և ծրագրեր: Այդ ժամանակ վերջապես մենք կխոսենք գաղափարների մասին և կտեսնենք գաղափարների պայքար:

Սա իհարկե միայն այն դեպքում, եթե ողջ մնանք, եթե ինչ-որ արհավիրք՝ ռազմական կամ աշխարհաքաղաքական, չսրբի ու տանի մեր հանրության վշտից, ցասումից, բողոքից ու հույսերից նոր ծնվող ծիլերը: 

Իսկ մինչ այդ մեզ մնում է միայն հետևել երկու կողմից «օդ կրակվող» բառ-խորհրդանշանների հրավառությանը, որոնք մեկումեջ փայլատակում են գաղափարական խավարում, և քանի դեռ գիշեր է, դժվար է գուշակել՝ այս հրավառությունը մեծ տոնախմբության նշա՞ն է, թե՞ օգնության ահազանգ: 

Լիանա Խաչատրյան

MediaLab.am

The post Խորհրդանշանների պատերազմ. մեծ ելք քաղաքական անապատով  first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

Читайте на 123ru.net