Կան մարդիկ, որոնք իրավապաշտպան ֆունկցիայից, քաղհասարակության բուն ֆունկցիայից հրաժարվել են և դարձել են իշխանությունների սազանդարը. Նինա Կարապետյանց

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Հելսինկյան ասոցիացիա» ՀԿ նախագահ, իրավապաշտպան Նինա Կարապետյանցը – Տիկի՛ն Կարապետյանց, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման խաղաղ անհնազանդության ակցիաների ժամանակ իրավապահ մարմինների գործողություններն ինչպե՞ս կգնահատեք։ – Ոստիկանությունը գործում է նույն տրամաբանությամբ, որով գործել է մինչև 2018 թվականը, բացարձակ նույն տրամաբանությունն է, նույն ոճն է, վերադարձել են իրենց «բնականոն» վիճակին։ Շատ կարճ ժամանակում իրենց «բնականոն» վիճակից իրենք դուրս […]

The post Կան մարդիկ, որոնք իրավապաշտպան ֆունկցիայից, քաղհասարակության բուն ֆունկցիայից հրաժարվել են և դարձել են իշխանությունների սազանդարը. Նինա Կարապետյանց first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Հելսինկյան ասոցիացիա» ՀԿ նախագահ, իրավապաշտպան Նինա Կարապետյանցը

– Տիկի՛ն Կարապետյանց, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման խաղաղ անհնազանդության ակցիաների ժամանակ իրավապահ մարմինների գործողություններն ինչպե՞ս կգնահատեք։

– Ոստիկանությունը գործում է նույն տրամաբանությամբ, որով գործել է մինչև 2018 թվականը, բացարձակ նույն տրամաբանությունն է, նույն ոճն է, վերադարձել են իրենց «բնականոն» վիճակին։ Շատ կարճ ժամանակում իրենց «բնականոն» վիճակից իրենք դուրս էին, այսինքն՝ ոչինչ չփոխված ոստիկանությունն իրականացնում է շատ նորմալ գործառույթներ, ոստիկանությանը բնորոշ, օրենքներին համապատասխան, բայց կյանքը ցույց տվեց, որ երբ կա բարձրագույն իշխանության հրահանգ՝ գործել օրենքին համապատասխան, անգամ չբարեփոխված պարագայում ի վիճակի են ադեկվատ լինել, բայց երբ կա քաղաքական որոշում՝ գործել այն հին, վատթարագույն պայմաններով, իրենք հենց այդպես էլ գործում են։ 

– Իրավաչափ կարո՞ղ ենք համարել այս գործողությունները, թե՞ ոչ։

– Բոլոր դեպքերի համար հնարավոր չէ մեկ միասնական գնահատական հնչեցնել, բայց կան ակնհայտ դեպքեր, ու դրանք գնալով ավելանում են, որ գործողությունները ո՛չ համաչափ են, ո՛չ օրինական, ո՛չ էլ ընդունելի։ Մայթերից մարդկանց հավաքելը, որոնք ոչ մի բանի չեն մասնակցում՝ դա օրինականության մեջ չի տեղավորվում, մի քանի րոպե փողոցը փակած մարդկանց ուժով, բռնությամբ հանելն օրինաչափության մեջ չի տեղավորվում, լրագրողների նկատմամբ ֆիզիկական ուժ գործադրելը, կամ այն վիճակը, որում հայտնվում են լրագրողները, բացարձակ անթույլատրելի ու դատապարտելի է: 

Եթե հիշում եք՝ 2018-ից հետո կարճ ժամանակ ունեցանք իրավիճակ, երբ անգամ մինչև 2018-ը, լրագրողներին հստակ հրահանգ էր տրվում, որ գործողություններ պետք է իրականացվեն: Այսօր անգամ դա չի արվում, ու ոստիկանության գործողությունների հետևանքով, այդ թվում՝ միտումնավոր գործողությունների, լրագրողներ են տուժում։ Ես չգիտեմ, թե նման վիճակ մենք ե՛րբ ենք ունեցել, և էլի բազմաթիվ այլ դեպքեր, իրավիճակներ, որտեղ ակնհայտորեն չկա իրավաչափություն։ 

– Տիկի՛ն Կարապետյանց, կարծիքներ են հնչում, որ ոստիկանությունն իր աշխատանքն է անում, ու լրագրողները, օպերատորները պետք է առավել ուշադիր լինեն։

– Անշուշտ բոլորը պետք է հույսը դնեն միայն իրենց վրա, ոնց հասկանում ենք, դա իր հերթին, բայց դա արդարացում չէ այն գործողություններում, որոնք հրապարակված են տեսանյութերում ու տեսանելի են։ Լրագրողին մեքենայի տակ գցելը, մարդուն վրաերթի ենթարկելը, երբ այնպես չէ, որ տեսանելիության խնդիր կա, ակնհայտ դիմացը կանգնած լրագրողի վրա է մեքենան քշում, դա ի՞նչ է նշանակում, կամ աստիճաններով բարձրացող օպերատորին կողքից հրելն ու գցելը, լրագրողն ի՞նչ անի, ո՞նց իր անվտանգությունը պահպանի։ Ու համոզված եմ, որ նման դեպքերը շատ են, ուղղակի այս մի քանիսը հասանելի են համացանցում, տեղեկանում ենք։ 

– Ձեր խոսքում ասացիք, որ այդ գործողությունները երբեմն նաև միտումնավոր են լինում, ո՞րն է միտումը, ունե՞ն նման հրահանգ։

– Առնվազն վստահ կարող եմ ասել, որ արգելված չէ, եթե արգելված լիներ, ապա նմանատիպ դեպքերից հետո քաղաքական հրահանգ կհնչեր, որ նման վարքագիծ այլևս չդրսևորվի, բայց քանի որ դա շարունակական է, ու վիճակը գնալով ավելի է լրջանում, կարելի է վստահաբար ասել, որ նաև հրահանգ կա։ 

– Իսկ ինչո՞վ եք բացատրում նման հրահանգը։

– Երբ իշխանությունը վստահ է իր լեգիտիմությանը կամ իրեն սատարելու բարձր տոկոսին, ինքը շատ հանգիստ գործում է, մենք դա տեսել ենք 2018-ից հետո: Երբ լեգիտիմությունը սկսում է խիստ պակասել, ու իշխանությունները համոզված չեն, որ իրենց որոշումները ստանալու են հասարակության առնվազն կեսի սատարումը, սկսում են այլ գործիքակազմ կիրառել։ Այսօր 50 տոկոսից էլ ավելի քիչ է իրենց լեգիտիմությունը, ու սա է պատճառը, որ իրենք անցնում են այլ գործիքակազմերի, որոնցից օգտվել են նախորդ հանցավոր իշխանությունները։

– Ձեր գնահատմամբ՝ ոստիկանության գործողությունները գնալով ավելի կո՞շտ կդառնան, թե՞ հնարավոր է ինչ-որ պահի մենք այլ պատկեր տեսնենք։ 

– Մինչև այս իրադարձություններն եմ ասել, որ այս իշխանությունները, մասնավորապես, իշխանության ղեկավարն այնքան հիվանդագին ամբիցիաներ ունեն, որ ես չեմ բացառել մինչև անգամ մարտի մեկի նման իրավիճակի կրկնություն՝ իշխանությունը պահելու համար։ Այս գործողությունները, ցավալիորեն, լավ բան չեն հուշում, բայց վախենամ, մենք ինչ-որ մի այդպիսի իրադարձության ականատես լինենք։

– Տիկի՛ն Կարապետյանց, Հայաստանում գործող իրավապաշտպան կառույցների, քաղհասարակության ներկայացուցիչների արձագանքը այս դեպքերին ինչպե՞ս եք գնահատում։

– Անկեղծ ասած, ես չեմ հանդիպել այդպես շատ լուրջ արձագանքների, որովհետև եթե նախկինում նմանատիպ իրավիճակ լիներ, օրինակ՝ Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի ժամանակ, անհապաղ կլինեին մեծ, լուրջ հայտարարություններ, որոնք ստորագրված կլինեին բազմաթիվ կառույցների, կազմակերպությունների կողմից: 

Հիմա կարծես այդ շարժը չկա, ու պատճառը հենց նաև քաղհասարակության պառակտումն է, որովհետև կան մարդիկ, որոնք քաղհասարակության բուն ֆունկցիայից, իրավապաշտպան ֆունկցիայից հրաժարվել են և դարձել են իշխանությունների սազանդարը։ Իշխանությունների ցանկացած գործողություն պատրաստ են արդարացնել ինչ-որ միֆական պատկերացումների համար՝ իբր մեզ տանում են դեպի Արևմուտք, դեպի քաղաքակրթություն, իբր մեզ փորձում են կտրել Ռուսաստանից, իբր բարեփոխումներ են իրականացնում։ 

Հանուն այս անհասկանալի «իբր»-ների լռում են, որպեսզի, իրենց կարծիքով, հարվածի տակ չդնեն գործող իշխանություններին, այնինչ քաղհասարակության ֆունկցիան դա չէ, նրանց ֆունկցիան ուղիղ հակառակն է՝ տեսնել խնդիրները, բարձրաձայնել դրանք, պարտադրել իշխանություններին գործել օրենքին ու իրենց տված խոստումներին համաձայն, հակառակ դեպքում դառնալ ճիշտ ընդդիմություն, այնպիսին, ինչպիսին Վրաստանի քաղհասարակությունն է, որն այսօր փողոցում է ու թույլ չի տալիս երկիրը տանել կործանում։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am

The post Կան մարդիկ, որոնք իրավապաշտպան ֆունկցիայից, քաղհասարակության բուն ֆունկցիայից հրաժարվել են և դարձել են իշխանությունների սազանդարը. Նինա Կարապետյանց first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

Читайте на 123ru.net