Եթե Ադրբեջանը կարողանա հասնել Մինսկի խմբի լուծարմանը, դա վտանգավոր է լինելու ոչ միայն Հայաստանի, այլ աշխարհի համար. Հայրապետյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է պատմական գիտությունների թեկնածու, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը  – Տիկի՛ն Հայրապետյան, Ադրբեջանի նախագահը հայտարարել է, թե Մինսկի խմբի լուծարման ժամանակն է, ու կարծիք է հայտնել, որ Հայաստանը դրան պետք է որ հակառակվելու խնդիր չունենա։ Ինչո՞ւ հենց հիմա Ալիևը որոշեց խոսել Մինսկի խմբի լուծարման անհրաժեշտության մասին։ – Իրականում Ադրբեջանը հերթական քայլն է անում, իր […]

The post Եթե Ադրբեջանը կարողանա հասնել Մինսկի խմբի լուծարմանը, դա վտանգավոր է լինելու ոչ միայն Հայաստանի, այլ աշխարհի համար. Հայրապետյան first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է պատմական գիտությունների թեկնածու, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը 

– Տիկի՛ն Հայրապետյան, Ադրբեջանի նախագահը հայտարարել է, թե Մինսկի խմբի լուծարման ժամանակն է, ու կարծիք է հայտնել, որ Հայաստանը դրան պետք է որ հակառակվելու խնդիր չունենա։ Ինչո՞ւ հենց հիմա Ալիևը որոշեց խոսել Մինսկի խմբի լուծարման անհրաժեշտության մասին։

– Իրականում Ադրբեջանը հերթական քայլն է անում, իր տեսանկյունից՝ շահավետ, որովհետև Ադրբեջանը փաստացի Մինսկի խմբի գործունեությունը բազմաթիվ անգամներ թիրախավորել է, թիրախավորել է դա նաև իր վերջին ելույթում: Ընդ որում՝ վերջերս Փաշինյանն էլ է սկսել այդ կառույցի գործունեությունը թիրախավորել, բայց նախորդիվ՝ տարբեր ելույթների ժամանակ, Ալիևն ընդունել է, որ իրեն առաջարկվել են լուծումներ, ըստ որոնց իրեն խաղաղ ճանապարհով վերադարձնելու էին այն տարածքները, որոնք Ադրբեջանն իրենն էր համարում, բայց ինքը չի գնացել այդ ճանապարհով, այսինքն՝ փաստել է, որ ինքն ընտրել է խնդիրը պատերազմով լուծելու ուղին։ 

Հիմա, քանի որ Հայաստանի իշխանությունները իրենց քայլերով փաստացի ամրագրումներ են տվել պատերազմով ձևավորված արդյունքներին, Ադրբեջանը շատ հարմար ու շահավետ է համարում այդ հարցն արծարծել ու միջազգային առումով էլ քաղաքական ամրագրում տալ պատերազմով ձևավորված իրողություններին, ցույց տալով, որ ավելի քան երեք տասնամյակ ձգձգվող հակամարտությունը հնարավոր էր լուծել պատերազմով, բռնի տեղահանելով ու էթնիկ զտման ենթարկելով այնտեղ հազարամյակներ շարունակ ապրող հայերին ու դրանից հետո չունենալ որևէ պատասխանատվություն, պարտավորություն, միջազգային գործընթաց այդ ամենի դեմ։ 

Սա վտանգավոր նախադեպ կամ մեծ խնդիր է ոչ միայն Հայաստանի, այլև ամբողջ աշխարհի համար, այսինքն՝ ցույց է տալիս, որ հնարավոր է հակամարտությունները պատերազմով լուծել, իրողությունները միջազգայնորեն ամրագրել։ Այսինքն՝ պատերազմով իրողություններ ձևավորելն ու խնդիրներ լուծելը դառնալու են շատ նորմալ ամբողջ աշխարհում։ 

– Նույն համանախագահող երկրների ու Հայաստանի արձագանքն ինչպիսի՞ն է լինելու։ 

– Հայաստանն արձագանք չի կարող ունենալ, Հայաստանի արտգործնախարարությունը դարձել է Ադրբեջանի ԱԳՆ-ի մասնաճյուղ, վերջին անգամ դուք ե՞րբ եք տեսել Հայաստանն Ադրբեջանին ինչ-որ հարցում արձագանքի։ Առավոտից երեկո ադրբեջանական ամբողջ քարոզչական մամուլը, պետական հեռուստաընկերությունը մեր երկիրը կոչում է «Արևմտյան Ադրբեջան», Հայաստանից ինչ-որ մեկը արձագանքե՞լ է, իշխանության ինչ-որ ներկայացուցիչ արձագանքե՞լ է։ 

– Իսկ համանախագահող երկրնե՞րը։

– Ընդհանուր առմամբ ես նկատում եմ միտում, որ բոլորը հաշտ են իրավիճակի հետ, այսինքն՝ Ադրբեջանի այդ խոսքը, որ «եթե մենք իրար հետ լեզու ենք գտնում, դուք ինչու եք խառնվում», այս քաղաքականությունն իր արդյունքը տալիս է, որովհետև երբ Հայաստանի արտգործնախարարը միջազգային հարթակներում Արցախում տեղի ունեցած էթնիկ զտումներից հետո խոսում է, որ իրենք կարևոր ձեռքբերումներ ունեն, ապա ինչո՞ւ պետք է միջազգային ինչ-որ գործընկեր Հայաստանի շահերն ավելի շատ պաշտպանի, քան Հայաստանը։ Իրենք, իհարկե, իրենց շահերն ունեն, դա անխոս, բայց որքանո՞վ է իրենց համար այս պահին գերակա դա առաջ մղել ու հակադրվել Ադրբեջանին՝ չեմ կարող ասել։

– Կարծում եք, որ իրավիճակը բոլորովին ա՞յլ կլիներ, եթե Հայաստանից համարժեք արձագանք ու համատեղ աշխատանք լինեին այդ երկրների հետ, տիկի՛ն Հայրապետյան։

– Գիտեք, մենք մի անհեթեթ իրավիճակում ենք, երբ Ադրբեջանի կողմից ուժով, ուժի սպառնալիքով ստեղծված իրադրությունը Հայաստանի դիվանագետները ստիպում են տարբեր մայրաքաղաքներում տարբեր արտգործնախարարներին պաշտպանել։ Այսինքն՝ իրենք գնացել, խնդրում են ողջունել մի գործընթաց, որտեղ ո՛չ քարտեզ կա, ո՛չ սկզբունք կա, ո՛չ միջնորդ կա, ու որտեղ Ադրբեջանն ասում է՝ «մենք ինչ ասենք, այդպես է լինելու», հետո այդ մայրաքաղաքներից ի՞նչ են ակնկալելու, եթե որևէ բան այնպես չգնա, իսկ դա հաստատ այդպես է լինելու։ Տրամաբանությունն ամբողջությամբ խախտված է, Հայաստանի իշխանությունը, որ խոսում է խաղաղությունից, ցույց է տվել, որ խաղաղության իր տեսլականը ագրեսորին, բռնարարին արդարացնելն է, իսկ դրա հիման վրա խաղաղություն հաստատել չի լինում։ 

– Եթե Ադրբեջանը կարողանա հասնել նրան, որ Մինսկի խումբը լուծարվի, ապա դա վտանգավոր նախադեպ է լինելու ոչ միայն Հայաստանի, այլև, ինչպես ասացիք, ողջ աշխարհի համա՞ր։

– Միանշանակ այո՛, ու հետո մեզ համար ավելի բարդ է լինելու, նույնիսկ Փաշինյանի հեռանալուց հետո, այդ խնդիրն արծարծել, խոսել իրավունքներից, Արցախի հիմնահարցից, այն մասին, որ հակամարտությունն այդպիսի լուծում չի կարող ունենալ: 

Այդ ամենի մասին խոսելը շատ ավելի է բարդանալու, եթե խումբը գնա լուծարման ճանապարհով, ու ես չեմ բացառում, որ նույն Ալիևի ցուցումով Փաշինյանը ևս նմանատիպ ուղերձներ հղի Մինսկի խմբի համանախագահ երկրներին։ 

Չեմ կարող սա բացառել՝ հաշվի առնելով այն, թե որքան նույնական են Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների խոսույթները։ Հույս ունեմ, որ այս գործընթացը դեռ կդանդաղի ու կհաջողվի փոխել ներկայիս իշխանություններին, ու կանխել ավելի վտանգավոր զարգացումները։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am

The post Եթե Ադրբեջանը կարողանա հասնել Մինսկի խմբի լուծարմանը, դա վտանգավոր է լինելու ոչ միայն Հայաստանի, այլ աշխարհի համար. Հայրապետյան first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

Читайте на 123ru.net