Սկսելով նորից, կյանքը նոր էջից. Վարդան Վարդանյանը

«Երբ բեմի վրա պարում եմ, նույնիսկ հանդիսատեսին չեմ նկատում։ Միայն այդ պահի էմոցիաներն եմ ապրում ու վայելում»,- ասում է 32-ամյա Վարդան Վարդանյանը: Վարդանը քայլելու ունակությունը կորցրեց Արցախյան երկրորդ պատերազմի ժամանակ ստացած վիրավորման հետևանքով, սակայն ապրելու ու կյանքի հանդեպ սերը նրանց օգնեց, որ կյանքին այլ տեսանկյունից նայի:  Մայիսի սկզբին Վարդանը Ռուսաստանի Դաշնությունում 20-րդ միջազգային պարային օլիմպիադայի […]

The post Սկսելով նորից, կյանքը նոր էջից. Վարդան Վարդանյանը first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

«Երբ բեմի վրա պարում եմ, նույնիսկ հանդիսատեսին չեմ նկատում։ Միայն այդ պահի էմոցիաներն եմ ապրում ու վայելում»,- ասում է 32-ամյա Վարդան Վարդանյանը:

Վարդանը քայլելու ունակությունը կորցրեց Արցախյան երկրորդ պատերազմի ժամանակ ստացած վիրավորման հետևանքով, սակայն ապրելու ու կյանքի հանդեպ սերը նրանց օգնեց, որ կյանքին այլ տեսանկյունից նայի: 

Մայիսի սկզբին Վարդանը Ռուսաստանի Դաշնությունում 20-րդ միջազգային պարային օլիմպիադայի ժամանակ առաջին պատվավոր մրցանակի արժանացավ։ 

Աշխարհի տարբեր երկրներից շուրջ 46 հազար մասնակիցներ էին ներկայացել պարային տարբեր ժանրերով ու համարներով։ Վարդանը բեմում էր սայլակով։ Իր պարընկերուհու՝ Քնարիկ Կարապետյանի հետ «Երկու հոգի» պարային համարով էին ներկայացել։ 

Օլիմպիադային Զինվորի տան երկու պարային զույգ էին մասնակցում՝ Վարդանը՝ սայլակով ու Արշակ Հովհաննիսյանը՝ պրոթեզավորված երկու ոտքով։ Տղաները «Պարադանս» անվանակարգի երկու տարբեր կատեգորիաներում առաջին մրցանակների արժանացան։

«Զինվորի տան պարային զույգերը 20-րդ համաշխարհային օլիմպիադային առաջին տեղեր շահեցին: Արշակը՝ պրոթեզներով, իսկ Վարդանը՝ սայլակին փայլուն պարային համարներ ցուցադրեցին, ինչից չափազանց հուզված էին թե՛ ժյուրիի անդամները, թե՛ մասնակիցները»,- ասվում էր մամուլի հաղորդագրության մեջ՝ կարծես թե ցույց տալով տղաների կամքի, ուժի ու հաղթանակի մի գեղեցիկ պատմություն: 

Տեսանյութում տղաները հպարտորեն բռնել են հայոց եռագույնը: 

«Երբ պարում ես, պարում ես ոչ միայն քո, այլև հանդիսատեսի համար, իսկ հանդիսատեսի շարքերում կան նաև ինձ նման սայլակով տեղաշարժվողներ, որոնք ոգեշնչվում են մեր պարը տեսնելով, ու նրանց համար ոգեշնչման աղբյուր ենք դառնում։ Ա՛յ սա է նաև ինձ համար չափազանց կարևոր»,- ասում է Վարդանը։

Վարդանը հրետանավոր էր և 2014 թ.-ից ծառայում էր զինված ուժերում, սպա էր ու ծառայությունն անցնում էր Սյունիքի հարավային զորամասերից մեկում։ Պատերազմն սկսվելուց 6 օր հետո տեղափոխվել է Արցախ՝ մարտական ծառայություն իրականացնելու: Հոկտեմբերի 10-ի գիշերը, հիշում է, արկեր էին ստանում։ Մի մեքենայից մյուսն էին տեղափոխում, ու Վարդանը երկու մեքենաների արանքում էր կանգնած, երբ անօդաչու թռչող սարքը մեքենաներից մեկի թափքին հարվածեց։ Հարվածից նաև մեքենայում գտնվող արկերն են պայթել։ 

«Պայթյունը իմ աջ կողքը եղավ, ու ես մի քանի մետր հեռու շպրտվեցի։ Աչքերս բացեցի ու հասկացա, որ ծանր վիրավորում ունեմ։ Ձախ ձեռքով աջ ձեռքիս ձեռք տվեցի, ամբողջությամբ թաց էր՝ արյան մեջ կորած։ Մտածեցի՝ ձեռքս էր կտրվել, բայց ոչ, պարզապես փշրվել էր արմունկից ներքև։ Ոտքերս ընդհանրապես չէի զգում, ու ինձ թվաց՝ շոկային վիճակից է։ Չպատկերացրեցի, որ ողնաշարի վնասվածք ունեմ»,- պատմում է Վարդանը։

Հարվածի հետևանքով զոհեր ու վիրավորներ եղան։ Պայթյունից անմիջապես հետո Վարդանի զինվորները նրան վառվող մեքենաների կողքից մի քանի մետր այն կողմ են տեղափոխել։ Հիշում է նաև, որ երբ վիրավորներին օգնության էին եկել տղաները, նույն տեղում երկու անգամ կրկին հրթիռ է պայթել։ 

«Ինձ որ եկան տանելու, ասեցի, որ հանկարծ ձեռքերիցս ու ոտքերիցս չբռնեն, այլ շալվարից ու բաճկոնից քաշեն։ Ինձ մի քիչ անվտանգ տեղ տարան, հենեցին քարին։ Նստեցի ու զինվորիս ասեցի, որ կոշիկի կապը հանի ու թևս կապի, մինչև շտապօգնությունը կհասնի։ Ահավոր ցավերի մեջ էի, բայց գիտակցությունս տեղն էր: Շտապօգնության մեջ երկու անգամ մորֆի են սրսկել, որ ցավերին դիմանայի։ Իշխանաձորում առաջին օգնություն են ցուցաբերել, որից հետո քնել եմ։ Արթնացել եմ արդեն Գորիսի հիվանդանոցում՝ հաջորդ օրը»,- պատմում է Վարդանը։

Վարդանը հինգ վիրահատություն է տարել, նաև թոքն էր վնասվել։ Արդեն Երևանում, վերակենդանացման բաժանմունքում է եղել, երբ հասկացել է, որ ոտքերը չի զգում, ու բեկորները ողնաշարն են վնասել։ Ասում է՝ իր կողքին գտնվող հարազատների շնորհիվ այդ փուլը կարողացել է հաղթահարել, ծանր ապրումներ չի ունեցել, գիտակցելով, որ շատերը պարզապես չվերադարձան ու ապրելու այդ հնարավորությունն էլ չունեցան։

«Ես մինչև հիմա էլ չեմ մտածում, որ չեմ քայլելու։ Ուղղակի փորձում եմ հարմարվել նոր կյանքին ու պայմաններին։ Զինվորի տանը նաև վերականգնողական, ինքնուրույնության փուլ եմ անցել։ էն ժամանակ 1․75 սմ բարձրությունից էիր նայում աշխարհին, հիմա 1․30-ից, այսինքն՝ շատ բան ա փոխվել կյանքում, առօրյայում ու շրջապատում, բայց ամեն վատ բանի մեջ գտնում ես լավն ու դրա վրա կենտրոնանում, հակառակ դեպքում կյանքը ավելի կդժվարանա։ Միայն այն, որ վերադարձել ես ու շարունակում ես ապրել, պետք է քեզ ապրելու ուժ տա»,- ասում է նա։

Թեև մասնագիտությամբ աշխարհագրագետ էր, սակայն ինչ-որ պահի Վարդանը որոշել էր զինվորականի ճանապարհն ընտրել ու ծառայել հայրենիքին։ Ծանր վիրավորումից և վերականգնողական փուլերով անցնելու ժամանակ փորձել էր մի քանի մասնագիտություններ՝ կադաստրային գործ, ծրագրավորում, ինչպես նաև Զինվորի տանը թիթեռներով կոմպոզիցիաներ պատրաստել, որն իր համար թե՛ հոբբի էր, թե՛ նաև գումար վաստակելու միջոց։ 

Ասում է` թիթեռներով կոմպոզիցիաներ պատրաստելու գործընթացն իրեն նաև օգնեց աջ ձեռքի շարժունակությունն ավելի վերականգնել։ Հիմա աջ ձեռքը գործում է, թեպետ՝ սահմանափակ։ Իսկ ավելի ուշ Վարդանը նաև Զինվորի տանը ստեղծված պարային համույթին մասնակցելու որոշում է կայացրել։

«Ամերիկահայ Հելեն Առաքելյանն էր, որ սկզբում թիթեռների գործը սկսեց, հետո պարային համույթը ստեղծեց։ Ես էլ որոշեցի միանալ։ Սկզբից շատ խորթ էր, մտածում էի՝ չեմ կարող, չի ստացվի, բայց տիկին Հելենի համառության արդյունքում սկսեցինք փորձերը, հետո մեծ դեր խաղացին պարուսույց Արտյոմ Գևորգյանն ու նաև իմ պարային զույգը՝ Քնարիկը ինձ շատ օգնեց, և արդեն սկսեցի սիրել ու շարունակեցի զբաղվել պարով»,- նշում է նա։

Զինվորի տան պարային համույթի անդամները մեկ մեծ համերգ են ունեցել Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում՝ «Հայրենիքիս» խորագրով, իսկ Ռուսաստանում առաջին անգամ էին մրցութային ծրագրի մասնակցում։ Մասնակցությունը նրանց մեծ հաջողություն բերեց։ Ժյուրին ու հանդիսատեսը հուզված էին, հոտնկայս էին ծափահարում։

Հիմա պարը Վարդանի կյանքում մեծ տեղ ունի, սիրում է պարել, լիցքաթափվել։ Նաև առիթների ժամանակ է պարում, սայլակն իրեն չի խանգարում։ 

Վարդանը արդեն երեք ամիս է՝ նաև նոր աշխատանք ունի, ծրագրավորմամբ է զբաղվում, բայց չի դադարում պարով զբաղվել։

«Դուք ո՞նց եք պարում, ի՞նչ էմոցիաներ եք ունենում, նույնն էլ ես եմ։ Պարում եմ, ուղղակի ոտքերի փոխարեն սայլակի անիվներն են պտտվում։ Իհարկե, դժվարություններ կային, ինչպես առաջին անգամ արվող ցանկացած բանի պարագայում, բայց դրանցից ոչ մեկը չեմ կարող առանձնացնել, որովհետև դրանք փոքր-փոքր հաղթահարվել են»,- ասում է նա։

Սաթենիկ Հայրապետյան

Նկարզարդումները՝ Վահե Ներսեսյանի

MediaLab.am

The post Սկսելով նորից, կյանքը նոր էջից. Վարդան Վարդանյանը first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

Читайте на 123ru.net