Պատասխանատուն չեմ, բայց մեղավորն եմ. կուլ չգնացող մեղքի զգացումը 

«Գիտես, մենք` ես, հայրդ ու բոլոր իմ տարիքի տղամարդիկ, կործանված սերունդ ենք, որովհետև մենք ողջ ենք մնացել»: Իմ դպրոցի տնօրենի բառերն են։ Լավ մանկավարժը երբեմն շատ ազնիվ է լինում աշակերտների հետ` թողնելով նրան մի նյութ, որը դեռ երկար տարիներ պիտի մարսվի։ Ես երևի մոտ 9-րդ դասարանցի աղջնակ էի, չեմ հիշում՝ ինչից էր զրույցը սկսվել դպրոցի […]

The post Պատասխանատուն չեմ, բայց մեղավորն եմ. կուլ չգնացող մեղքի զգացումը  first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

«Գիտես, մենք` ես, հայրդ ու բոլոր իմ տարիքի տղամարդիկ, կործանված սերունդ ենք, որովհետև մենք ողջ ենք մնացել»: Իմ դպրոցի տնօրենի բառերն են։ Լավ մանկավարժը երբեմն շատ ազնիվ է լինում աշակերտների հետ` թողնելով նրան մի նյութ, որը դեռ երկար տարիներ պիտի մարսվի։ Ես երևի մոտ 9-րդ դասարանցի աղջնակ էի, չեմ հիշում՝ ինչից էր զրույցը սկսվել դպրոցի միջանցքում, բայց տնօրեն, գրականության մասնագետի այս բառերը մտքիցս հետո երկար դուրս չեկան։ Ես դեռ չգիտեի, որ առջևում նոր պատերազմ է լինելու, և արդեն իմ հասակակիցներն են վերադառնալու` իրենց հետ տուն բերելով մեղքի զգացումը։ 

Սա բարդ հոգեվիճակ է։ Ծանր է։ Հոգեկան առողջության մասնագետները հաճախ այն կործանարար են համարում։ Եվ, այո՛, եթե դու ինչ-որ հրաշքով ողջ ես մնացել, իսկ ընկերդ` ոչ, եթե դու քո տանն ես, իսկ ընկերուհիդ` իր տունը թողել է թշնամուն, դու ասես ծանր արճիճ ես խմել։ Ինչպե՞ս ապրել հանկարծակի ծանրացած իրականության մեջ։ Մարդը չի կարող նման ծանր հոգեվիճակում երկար մնալ և սկսում է փնտրել լուծումներ՝ օգնություն, բարեգործություն, նախագծեր, բայց նաև հակառակը` իրավիճակից փախուստ, ալկոհոլ և թմրամոլություն, ծայրահեղ դեպքում` ինքնասպանություն։ 

Կա մեղքի զգացումից ազատվելու մեկ այլ տարբերակ` ինքնարդարացումը։ Եվ սրան հասնելու լավագույն մեթոդը սեփական ուղեղում իրավիճակն այնպես թեքելն է, որ քո հաջողությունն արդարացված լինի, իսկ անհաջողության մեջ մեղավոր լինի ուրիշը։ Օրինակ` նրանք լավ չկռվեցին, դրա համար ամեն ինչ կորցրեցին, կամ` ես ի՞նչ անեի, ուրիշներն են մեղավոր… Կարճաժամկետ առումով մեղքը սեփական ուսերից թոթափելը, դիմացինի վրա շպրտելը կարող են օգնել, բայց ի՞նչ է տալիս այն երկարաժամկետ առումով… 

Մեր հասարակության մեջ ընդհանրապես ընդունված չէ մեղքն ընդունել, քանի որ մեղավորի համար հաճախ չկա ներում, և չկա մեղքը քավելու հնարավորություն։ Եթե ասես` մեղավոր եմ, կպատժվես, կողքից էլ ով ինչ մեղք ունի՝ լրացուցիչ կբարդի վրադ։ Ըստ այդմ, ով քիչ թե շատ լսել է խաղերի տեսության մասին, միանգամից կկռահի, որ նման պարագայում բոլորը կփորձեն իրենց վրայից մի կողմ նետել մեղքը։ Ամեն գնով մեղավոր չլինեն։ Բայց սա սոցիալական դաշտում։ Անձնական մակարդակում մեղքի զգացումից փախչելը շատ ավելի բարդ է։ Եվ հազարապատիկ բարդանում է, երբ ներքուստ մեղքը զգում ես, բայց արտաքուստ պիտի ամեն կերպ հերքես այն։ Ինձ թվում է` մեր հասարակությունը հիմա հենց այս արտաքին և ներքին իրարամերժ վիճակի մեջ է։ 

Պատերազմից անմիջապես հետո մեր քաղաքական գործիչները քրքրված կաշվե գնդակի պես իրար վրա էին նետում մեղքի զգացումը։ Փաշինյանն է մեղավոր, ժողովուրդն է մեղավոր, նախկինները, ռուսները, արցախցիները, Արցախի ղեկավարությունը, բանակի գեներալները, լրագրողները, ժեխը, օլիգարխները… ոչ ոք այս գնդակը չէր ուզում գեթ մեկ վայրկյան ձեռքում պահեր։ Բոլորը նետում էին այն առաջին տեսած խմբի ուղղությամբ։ Ասես վախենում էին ինչ-որ մահացու վիրուսով վարակվելուց։ 

Բայց եկեք մի պահ խոր շունչ քաշենք։ Արտաշնչենք։ Իսկ ի՞նչ կասեք, եթե ես ասեմ, որ մեղքի զգացումը վատ բան չէ։ Իսկ ինչ կասեք, եթե ես ասեմ, որ մեղքի զգացում ունենալը նախևառաջ նշանակում է գոյություն ունենալ։ Նշանակում է` դու կաս ժամանակի և տարածության մեջ, դու կարող ես գործողություններ անել, որոնք կազդեն իրականության ընթացքի վրա։ Եվ եթե դու ունես մեղքի զգացում, դա նշանակում է, որ ինչ-որ տեղ անցյալում դու կարող էիր անել մի բան, որ չես արել կամ վատ ես արել, սխալվել ես և այսօր ունես վատ հետևանք։ Եվ այստեղ ամենակարևորը «անել» բառն է։ 

Այն քաղաքական գործիչները, որոնք թե՛ իրենց, թե՛ ժողովրդի վրայից փորձում են հանել մեղքի զգացումը, արջի ծառայություն են մատուցում թե՛ իրենց, թե՛ մեզ։ «Խեղճ ժողովուրդն ի՞նչ աներ» արտահայտությունը չի փրկում, կործանում է։ Դրանով կասկածի տակ է դրվում բոլորիս լինելու, գործելու, իրականության վրա ազդելու կարողությունը։ 

«Խեղճ ժողովուրդն ի՞նչ աներ» կամ «Սա կամ նա ի՞նչ աներ» նշանակում է` մենք բոլորս, մեր քաղաքական և ռազմական էլիտաներով հանդերձ, գոյություն չունենք։ Քանի որ միայն նա, ով չկա, չի կարող ազդել գործողությունների ընթացքի վրա։ Ըստ այդմ` սեփական մեղքի զգացումից փախուստը մեզ դարձնելու է չար և փոշիացնելու է ինքնագիտակցության վերջին պատառիկները։ 

Այո՛, մեղքի զգացումը ծանր բեռ է։ Բայց բեռ կարող է ունենալ միայն նա, ով ունի մեջք, ոտքեր և քայլելու ճանապարհ…

Լիաննա Խաչատրյան

MediaLab.am

The post Պատասխանատուն չեմ, բայց մեղավորն եմ. կուլ չգնացող մեղքի զգացումը  first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

Читайте на 123ru.net