Ապրել ու օգնել ապրելու․ «Իմ ցավը դեռ չէի հաղթահարել, երբ գնացի մյուսներին օգնելու»․ Լանա Աբրահամյան

44-օրյա պատերազմում որդի կամ ամուսին կորցրած 13 կին, որ կարողացել են հաղթահարել սեփական ցավն ու առաջ նայելու ուժ գտնել իրենց մեջ, այսօր օգնության ձեռք են մեկնում նույն ճանապարհն անցնող մյուս ընտանիքներին: Աջակցություն ցույց տալու նպատակով 2021 թվականին կանայք հոգեբանական վերապատրաստման դասընթացների են մասնակցել՝ դառնալով «հավասար խորհրդատուներ»։ Լանա Աբրահամյանը լավ է հիշում այն օրերը, երբ պատերազմում […]

The post Ապրել ու օգնել ապրելու․ «Իմ ցավը դեռ չէի հաղթահարել, երբ գնացի մյուսներին օգնելու»․ Լանա Աբրահամյան first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

44-օրյա պատերազմում որդի կամ ամուսին կորցրած 13 կին, որ կարողացել են հաղթահարել սեփական ցավն ու առաջ նայելու ուժ գտնել իրենց մեջ, այսօր օգնության ձեռք են մեկնում նույն ճանապարհն անցնող մյուս ընտանիքներին: Աջակցություն ցույց տալու նպատակով 2021 թվականին կանայք հոգեբանական վերապատրաստման դասընթացների են մասնակցել՝ դառնալով «հավասար խորհրդատուներ»։

Լանա Աբրահամյանը լավ է հիշում այն օրերը, երբ պատերազմում որդուն կորցնելուց հետո կարծում էր, որ այլևս չի ապրի։ Ասում է՝ մենակության և հուսահատ տառապանքի բազմաթիվ օրերից հետո էր միայն, որ որոշեց ոտքի հանել իրեն, իսկ հետո օգնել նաև մյուսներին՝ այսօր արդեն օրինակ դառնալով նրանցից շատերի համար։ 

«Դավիթիս կորստից հետո ամբողջովին փշրվել էի, բայց եկավ մի պահ, որ որոշեցի ինձ ամրացնեմ։ Հենց այդ պահին պատահաբար գտա մայրերից Կարինե Մուրադյանի տեսանյութը, որում նա ասում էր, որ իր որդուն փնտրել է 25 օր։

Զանգեցի ու ասեցի՝ պատկերացնո՞ւմ եք իմ ցավի չափը, ես իմ որդուն փնտրել եմ մոտ երկու ամիս, Կարինեն պատասխանեց՝ ցանկացած դեպքում մեզ չպիտի խղճան, իսկ հետո ինձ հրավիրեց մյուս մայրերի հետ իրենց հանդիպմանը։

Երբ նոր էի գնացել էնտեղ, զարմացել էի, մտածում էի՝ ո՛նց կարող է մայրն իր զավակի կորստից հետո ապրել ու այսքան ուժեղ լինել, նայում էի ու հերթով իմ մեջ պահում ամեն մեկի բառը, խոսքը, քայլը, ժպիտը։ Այդ ամենն այնքան ապրեցնող էր, որ որոշեցի՝ ես էլ իրենց պես ուժեղ պիտի դառնամ»,- պատմում է 47-ամյա Լանա Աբրահամյանը, որի որդին՝ Դավիթը, զոհվել է պատերազմի հենց առաջին օրը՝ սեպտեմբերի 27-ին։

Դավիթ Զաքարյանը բանակ է զորակոչվել 2019-ի հունվարի 10-ին: Ծառայությունն ի սկզբանե անցկացրել է Մատաղիսում, որտեղ որպես գնդացրորդ կռվել է նաև, երբ պատերազմը սկսվել է։

«27-ի առավոտ արթնացա ու համացանցից իմացա, որ պատերազմ է սկսվել։ Բոլորով խառնվեցինք իրար, անհանգստացանք, բայց Դավիթին զանգել չէինք կարող, որովհետև չէր սիրում իր մոտ հեռախոս պահել, չուներ։

Էդպես իր հետ չէինք կարողանում կապ հաստատել ու սպասում էինք, որ ինքը զանգեր մեզ, բայց Դավիթը, իհարկե, էդպես էլ չզանգեց»,- ասում է մայրն ու հավելում՝ որդու հետ վերջին անգամ խոսել է նախորդ օրը՝ սեպտեմբերի 26-ին։

«Էդ օրն ասեց՝ որ գամ, հետս պատվոգրեր պիտի բերեմ ու ձեզ ամեն ինչ կպատմեմ, բայց ո՛չ եկավ, ո՛չ էլ պատվոգրերը բերեց․․․»։

Դավիթը զոհվել է թշնամու դիպուկահարի գնդակից՝ չհասցնելով տոնել 20-ամյակը, որ պիտի լրանար 3 օրից՝ սեպտեմբերի 30-ին։

«Ինքն իր ծննդյան օրերը շատ էր սիրում ու միշտ նշում էր։ 19-ամյակին ինձնից քաղցրեղեն խնդրեց ու պոստերում տղաների հետ նշեց, բայց 20-ը էդպես էլ չհասցրեց նշի։ Էդ իմ ցավոտ տեղն ա, մտածում եմ՝ գոնե իր 20-ամյակը հասցներ նշեր․․․»։

Մոտ երկու ամիս Դավիթին փնտրելուց հետո ընտանիքը նրա զոհվելու լուրն իմացել է հեռուստացույցից, երբ մյուս զոհված զինծառայողների անունների հետ հնչել է նաև Դավիթի անունը։

«Էդ օրվանից սկսվեցին իմ տանջանքները։ Տղայիս կորստից հետո ամիսներ շարունակ գոռում ու լաց էի լինում, նույնիսկ անկողնուց դուրս չէի գալիս, միայն ուզում էի իրեն տեսնել։ 

«Հիշում եմ՝ մի օր, երբ էլի շատ վատ էի ու ասում էի՝ չեմ կարող դուրս գալ էս ամենից, էդ ցավը երբեք չի անցնի և այլն, ընկերուհիս ասաց՝ կտեսնես, այնքան ես ուժեղանալու, որ դու ես մյուս մայրերին օգնելու… Այդ պահին չհավատացի, բայց այդպես էլ եղավ»։

Լանա Աբրահամյանի խոսքով՝ թեև կողքից եկող աջակցությանը, այնուամենայնիվ, գիտակցում էր, որ ինքն է այն միակը, որ կարող է իրեն բուժել։

«Ինձ անընդհատ ասում էին՝ պիտի սովորես ցավի հետ ապրել, բայց ես չէի ուզում դրա հետ հաշտվել։ Մտածում էի՝ ինչքան էլ ապրեմ, տառապանքի մեջ չեմ կարող ապրել, պիտի գտնեմ ինձ ու սկսեմ կտոր-կտոր հավաքել»,- պատմում է Լանան և նշում՝ հենց այդ ժամանակ էր, որ սկսեց հաճախել նաև հոգեբանական դասընթացների։

«Սկզբի մի քանի դասերն այնքան էլ չէի հավանել, պատճառը երևի այն է, որ կենտրոն գնալուս որոշումը ոչ թե գիտակցությանս վրա էր հիմնված, այլ պարզապես ոտքի կանգնելու փնտրտուքների մի մասն էր։ Ինձ ուղղակի «գլորել» էի էնտեղ, որպեսզի կյանքումս մի որևէ շարժ տեղի ունենար, բայց հետո իհարկե ամեն ինչ փոխվեց»։

Լանան հիշում է՝ նույնիսկ հոգեբանական դասընթացները չէր ավարտել, երբ սկսեց որպես հավասար խորհրդատու այցելել մարդկանց։

«Առաջին այցս եղավ այն ժամանակ, երբ ծնողներից մեկը, ով պատահաբար ինձ գտել էր և լսել իմ խոսքը, որոշել էր, որ հենց ես պետք է իրեն օգնեմ։ Էդպես առանց մտածելու տաքսի նստեցի և գնացի։ Ոչնչի մասին չէի մտածում, միայն ուզում էի խոսել իրենց հետ և ունեցածս փորձը փոխանցել»,- ասում է նա և հավելում՝ կարևոր է այն, որ ծնողն իմանա՝ իրեն պատրաստ են լսել։

«Լսելը հեշտ չէ, մանավանդ երբ ինքդ էլ ցավ ունես, և կարծում եմ՝ շատերը հենց այդ պատճառով է նաև, որ չեն կարողացել հավասար խորհրդատու դառնալ։ Ես փորձում եմ մարդկանց լսել այնքան, որքան պետք է, և որքան դրա կարիքն ունեն։

Ես թույլ եմ տալիս նաև լաց լինել։ Միշտ շեշտում եմ՝ թուլանալը ևս նորմալ է, որովհետև այդ թուլությունից նորից մի ուժ է ծնվում, և կարողանում ես մի նոր թափով առաջ շարժվել։ Հետո ավելացնում եմ՝ ինձ մոտ էլ այդպես է եղել»,- ժպտալով պատմում է Լանան։

Նրա խոսքով՝ ցանկացած պարագայում կարևոր է նաև ինքնախնամքը և արտաքինին հետևելը, քանի որ դա մեծապես օգնում է վերականգնել նաև ներքին խաղաղությունը։

«Երբ այցելում եմ կանանց, փորձում եմ թե՛ իմ օրինակով, թե՛ նաև խորհուրդներով բացատրել, որ նույնիսկ ցավը պետք է կարողանալ արժանապատիվ, կոկիկ և գեղեցիկ ձևով կրել, և այն, որ կարող ենք մեզ հետևել, դեռ չի նշանակում, թե ցավ չունենք։

Դեպքեր են եղել, երբ կանայք, իմանալով իմ այցելության մասին, իրենց մազերն են ներկել, հարդարել են իրենց, պատրաստվել։

Լանա Աբրահամյանն ասում է՝ կարևոր է նաև օգնել ծնողներին, որպեսզի նրանք դուրս գան ինքնամեղադրանքների ծանր շղթայից և պարզապես ընդունեն, որ այն, ինչ կատարվել է, իրենց մեղավորությունը չէ, և որ իրենք ոչինչ փոխել չէին կարող։

«Ես միշտ փորձում էի տղայիս վերահսկել, կարծում էի, թե էդպես կկարողանամ իրեն վտանգից պաշտպանել։ Դավիթիս զոհվելուց հետո եկավ մի փուլ, երբ սկսեցի ինքս ինձ մեղադրել, որ իրեն շատ եմ սիրել, էդ պատճառով էլ իր հետ վատ բան է տեղի ունեցել, մտածում էի, որ եթե ավելի քիչ սիրեի, էդպես չէր լինի, բայց իզուր․․․

Ես ավելի ուշ հասկացա, որ, ցավոք, մեզնից ոչինչ կախված չէ, և յուրաքանչյուրն ունի իր ճակատագիրը, որից խուսափել հնարավոր չէ»,- պատմում է Լանան և հավելում՝ չնայած երբեք չսպիացող իր վերքին և անվերջանալի կարոտին՝ փորձում է գիտակցությամբ ապրել։

«Դավիթիս ֆիզիկական բացակայությունից հետո ես հորինեցի իմ աշխարհը՝ տղայիս հոգևոր ներկայությամբ, որ կարողանամ ապրել։ Ես իրենով երկրորդ կյանք ստացա և կյանքի իմաստություն ձեռք բերեցի, որն ինձ օգնեց ոչ միայն ապրել լույսով, այլև այդ լույսը փոխանցել մյուսներին»,- ասում է Լանա Աբրահամյանը։

Անի Մարտիրոսյան

Լուսանկարները՝ Սոֆի Խաչատրյանի

MediaLab.am

The post Ապրել ու օգնել ապրելու․ «Իմ ցավը դեռ չէի հաղթահարել, երբ գնացի մյուսներին օգնելու»․ Լանա Աբրահամյան first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

Читайте на 123ru.net