Ասել, թե Իրանի նորընտիր նախագահն ադրբեջանական ծագում ունի, սխալ է. Իրանագետը՝ ընտրությունների եւ սպասելիքների մասին
Հուլիսի 5-ի ընտրություններով Իրանի նախագահ է ընտրվել Մասուդ Փեզեշքիանը (Masoud Pezeshkian)։ Նա հայտնի է իր բժշկական և քաղաքական կարիերայով։ Փեզեշքիանը հայտնի է իր ռեֆորմիստական հայացքներով։ Նա բազմիցս քննադատել է երկրի քաղաքական համակարգը և պաշտպանել է էթնիկ խմբերի իրավունքները:
Մասուդ Փեզեշքիանը, որպես Իրանի նոր նախագահ, առաջարկում է մի շարք ռեֆորմներ, որոնք նպատակ ունեն բարելավել երկրի քաղաքական, սոցիալական և տնտեսական իրավիճակը։ Քաղաքական ռեֆորմները ներառում են էթնիկ խմբերի իրավունքների պաշտպանությունը, կառավարության թափանցիկության և հաշվետվողականության բարձրացումը, ինչպես նաև ազատ խոսքի և ժողովների իրավունքի պաշտպանությունը։
Անձնական կյանքից հայտնի է, այն, որ կնոջը և մեկ երեխային 1993 թվականին ավտովթարի հետևանքով կորցնելուց հետո Մասուդ Փեզեշքիանը միայնակ է մեծացրել երկու որդիներին եւ դստերը, կրկին չի ամուսնացել:
Ընտրությունների, սպասելիքների մասին «Մեդիալաբի» հարցերին պատասխանում է իրանագետ Գարիկ Միսակյանը
-Պարո՛ն Միսակյան, Իրանի Իսլամական Հանրապետությունն արդեն նոր նախագահ ունի, հայտնի են նախագահական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքները։ Իրանում սպասելի՞ էին այս արդյունքները ու նոր նախագահի անձը ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ Իրան-Հայաստան հարաբերությունների վրա։
-Եթե խոսենք մինչև ընտրական փուլի մասին, երբ գրանցվում էին թեկնածուները, ապա Փեզեշքիանի հաղթանակի հնարավորություններն այդքան էլ բարձր չէին գնահատվում, բայց և՛ նախընտրական քարոզարշավը, և՛ բանավեճերն ու ընդհանուր ընթացքը ցույց տվեց, որ Իրանում բարեփոխիչների քվեները համենայնդեպս աճ են գրանցել։
Փեզեշքիանի հաղթանակը հիմնականում նաև կապված է բարեփոխիչների ճամբարի աջակցությամբ, այլ ոչ թե Փեզեշքիանի անձից կամ վարած նախընտրական քարոզարշավից։ Նաև այն թիմից, որը հավաքվել էր՝ Մուհամադ Ջավադ Զարիֆը և բարեփոխիչ նախորդ նախագահների՝ այդ թվում Ռոհանիի բացահայտ աջակցությունն էր։
Եթե խոսենք՝ ի՞նչ կփոխի Հայաստանի համար, ապա նախ բավականին դժվար է դա ասել ու չեմ կարծում, թե մոտ ամիսների ընթացքում ռադիկալ փոփոխություն լինի հենց Հայաստանի հետ կապված: Նույնիսկ, եթե հաշվի առնենք, որ Փեզեշքիանը, համեմատաբար Ռաիսիի, տաարածաշրջանային պետությունների հետ՝ Թուրքիայի հետ համագործակցության առավել մեծ կողմնակից է, այնուամենայնիվ, պետք է նկատի ունենալ, որ Իրանի արտաքին քաղաքականության վեկտորների մշակումը տեղի չի ունենում Նախագահի կողմից, տեղի է ունենում հոգևոր առաջնորդի կողմից ու պետք է սպասել, թե ինչ վեկտորներ կգծի հոգևոր առաջնորդը Փեզեշքիանի համար։
Արդյոք կլինե՞ն փոփոխություններ Ռաիսիի հետ համեմատած, թե՝ ոչ, հնարավոր է նաև, օրինակ՝ բարեփոխիչ մյուս նախագահների օրինակով Փեզեշքիանը ևս ընտրի Արևմուտքի հետ հարաբերությունների որոշակի կարգավորման քաղաքականություն կամ բանակցությունների վերսկսում Արևմուտքի հետ և այլն ու գլոբալ Արևմուտքի հետ հարաբերություններում տեղի ունենա Իրանի արտաքին քաղաքական վեկտորի փոփոխություն։
-Հայաստանի մասով ունեցած կարմիր գծերը, որոնց մասին Իրանը բազմիցս խոսել է, նախ, եթե հայտնի է այս նոր նախագահն ի՞նչ դիրքորոշում է ունի ու արդյոք հնարավո՞ր է, որ այդ կարմիր գծերն էլ որոշակի փոփոխություններ կրեն։
-Պետք է նշել, որ ինչ դիրքորոշում էլ ունեցած լինի Փեզեշքիանը, ապա նախագահ ընտրվելուց հետո նրա գրեթե բոլոր հայտարարությունները փոխվելու են ու նաև դիրքորոշումները: Պետք է նաև հաշվի նստի Իրանի քաղաքական մյուս համակարգերի որոշումների հետ՝ այդ թվում Իրանի հոգևոր առաջնորդի գրասենյակի, նաև խորհրդարանի հետ, քանի որ Իրանի օրենսդիր, գործադիր ու դատական իշխանությունները գտնվում են պահպանողականների ձեռքում ու միայն նախագահի պաշտոնն է անցել բարեփոխիչներին։ Այսինքն՝ փոխել Հայաստանի հետ քաղաքականությունը միայն նախագահի որոշմամբ՝ Իրանի պարագայում հնարավոր չի լինելու։
-Պարո՛ն Միսակյան, շահարկվեց Իրանի նորընտիր նախագահի՝ հորական կողմից ադրբեջանական արմատների մասին, ըստ ձեզ տեղի՞ն էր այդ թեման քննարկման առարկա դարձնելը։
-Նախ, եթե հայաստանյան դաշտին նայենք, ապա ոչ այդքան հստակ մեկնաբանություններ եղան այդ ուղղությամբ։ Նախ «ադրբեջանցի» եզրույթն է բավականին սխալ, նրանք ատրպատականյան թյուրքախոներն են, այդ թվում նաև Իրանի հոգևոր առաջնորդն է ծնունդով այդ հատվածից ու նաև թյուրքախոս, Իրանի ռազմական ղեկավարության բավականին ստվար զանգված ևս, այսինքն՝ խոսել, որ նա կամ նրանք որևէ կապ ունեն ադրբեջանական ծագման հետ սխալ է։
Դա շահարկվեց ադրբեջանական մեդիայի կողմից, հույս հայտնելով, որ Ադրբեջանի հետ կարելի է Փեզեշքիանի ժամանակաշրջանում հարաբերությունների փոփոխություն տեղի ունենալ։ Նաև հայկական տիրույթում այդ խոսակցությունը բավականին տարածվեց, եթե նույնիսկ տեղի ունենա փոփոխություն, ապա դա հենց Փեզեշքիանի ծագման հետ կապ չի ունենա, այլ՝ Իրանի ընդհանուր դիրքորոշման։
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am
The post Ասել, թե Իրանի նորընտիր նախագահն ադրբեջանական ծագում ունի, սխալ է. Իրանագետը՝ ընտրությունների եւ սպասելիքների մասին first appeared on MediaLab Newsroom-Laboratory.