Նկարվելու, խորոված ուտելու տեղն է ավելանալու, ուրիշ ոչ մի բան չի ավելանում. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան

33 մետրանոց Հիսուս Քրիստոսի արձանը շուտով վեր կխոյանա Հատիսի գագաթին: Արձանը կտեղադրվի 44 մետրանոց պատվանդանի վրա: Գաղափարը ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանինն է: Իրականացմանը դեմ է Հայ Առաքելական եկեղեցին. «Մեր եկեղեցին 1700 տարվա քրիստոնյա եկեղեցի է և արձաններ դնելու ավանդույթ, սովորույթ չունի»:

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը

– Սրբազա՛ն, Հիսուս Քրիստոսի արձանի աշխատանքները մոտենում են ավարտին, ու այն շուտով կկանգնեցվի Հատիս լեռան վրա։ Արձանի նկարները տեսե՞լ եք, ի՞նչ կասեք։

– Իմ գնահատականը նույնն է, չի փոխվել։ Նկարները, այո՛, տեսել եմ, ինձ ոչ մի բան չի ասում, դրանով չէ, որ մեր Տիրոջը պետք է ճանաչեմ։ Չէի ճանաչում ու հանկարծ տեսա, ճանաչեցի՞։ Առանց դրա էլ ճանաչում էի և՛ լիարժեք, և՛ լիակատար։

– Ինչպես ձեր դիրքորոշումն է եղել պարզ հանրության համար, այնպես էլ՝ Մայր Աթոռինը, բայց ինչո՞ւ չանսացին անգամ Մայր Աթոռի կարծիքին ու ի վերջո որոշեցին արձանը տեղադրել։

– Ի՞նչ իմանամ, իրենց հարցրեք, իրենք պետք է ասեն, թե ինչու չլսեցին Եկեղեցու հեղինակավոր խոսքը մի հարցի շուրջ, որը զուտ եկեղեցական ու կրոնական հարց էր, կարող է ուրիշ մակարդակի հարց լիներ, չլսեին, ասեինք՝ լավ, բայց զուտ հոգևոր, եկեղեցական մակարդակի հարցը թե ինչո՛ւ չլսեցին՝ իրենց պետք է հարցնել։ Երևի իրենք ավելի բարձր գիտական ու իմացական մակարդակի վրա են ու ավելի լավ են ճանաչում եկեղեցական կարգուկանոնը, ինչ իմանամ, երևի իրենք այդպես են կարծում։

– Սրբազա՛ն, իսկ դա ինչի՞ մասին է խոսում, որ հոգևոր հարցերում անգամ Եկեղեցու կարծիքը չի կարևորվում։

– Ինքնագոհությունն է ընդհանուր, որովհետև մեր ազգը տառապում է ինքնագոհությամբ, չէ՞, ինքը համոզված է, որ ինքը անսխալ է, առաջին քրիստոնյա ազգն է, ամեն ինչի մեջ լավ է, ամեն ինչի մեջ առաջինն է, երբ որ ամեն ինչ մեջ վերջինն է։

– Այս արձանն ի՞նչ է փոխելու մեր հանրության կյանքում։

– Ոչ մի բան էլ չի փոխելու․ նկարվելու տեղն է ավելանալու, խորոված ուտելու տեղն է ավելանալու, լավ, ասենք, մոմ վառելու տեղն է ավելանալու, ուրիշ ոչ մի բան չի ավելանում։ 

– Ձեր կարծիքով՝ արձաններ կանգնեցնելով, եկեղեցիներ կառուցելով օլիգարխներն ի՞նչ նպատակ են հետապնդում։

– Իրենց պետք է այդ հարցն ուղղեք, ես չեմ կարող իմանալ, թե իրենք ինչ են մտածում, դժվար է դա ինձ համար հասկանալ, թե իրենք ինչպե՛ս են մտածում։

– Սրբազա՛ն, ասում են, թե նման գործերն աստվածահաճո են, դրա համար էլ անում են։

– Իհարկե հաճելի պետք է չլինեն, հաճելին սրտի փոփոխությունն է, մտքի փոփոխությունն է, վարքի փոփոխությունն է, դա է Աստծուն հաճելի․ «Սիրտ սուրբ և հոգի խոնարհ»՝ դրանք են, որ Աստծուն հաճելի են։ 

Եկեղեցին կառուցում են, որ մարդիկ հավաքվեն մի տեղում Աստծուն պաշտելու համար, բայց եթե այդ եկեղեցին մնում է դատարկ, դա նույն արձանաշինության նման մի բան է, բայց արձանում չես կարող հավաքվել Աստծուն պաշտելու համար, որովհետև դա եկեղեցի չէ։ 

Տարբեր կիրառական նշանակություն ունեն, եկեղեցին եթե այսօր դատարկ է՝ վաղը կարող է լեցուն լինել, բայց արձանները շատ կլինեն, քիչ կլինեն՝ ոչ մի բան չի փոխվում։ Ռիո դե Ժանեյրոն, աղջի՛կս, ամենաամբարիշտ քաղաքն է աշխարհում, կարո՞ղ է ամենաբարոյական, ամենակրոնական, ամենահոգևոր քաղաքն է, ամենակրիմինալ ու ամբարիշտ քաղաքն է, ամենամեծ այլանդակությունները նաև բարոյական գետնի վրա տեղի են ունենում Ռիո դե Ժանեյրոյում։ 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am

The post Նկարվելու, խորոված ուտելու տեղն է ավելանալու, ուրիշ ոչ մի բան չի ավելանում. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

Читайте на 123ru.net