«Դոպինգ Սփեյս» ընկերությունը շարունակում է Սնուփ Դոգի հետ բանակցությունները համերգի ամսաթվի և տեխնիկական պայմանների վերաբերյալ․ ԿԳՄՍՆ. Factor

«Դոպինգ Սփեյս» ընկերությունը ներկայում շարունակում է Սնուփ Դոգի հետ բանակցությունները՝ համերգի անցկացման ամսաթվի, ինչպես նաև տեխնիկական պայմանների վերաբերյալ։ Factor.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան՝ այս մասին հայտնել են ՀՀ Կրության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից։

Նախարարությանն ուղղված հարցմանն ի պատասխան՝ փոխնախարար Կարեն Գիլոյանը տեղեկացրել է, որ բնակցությունների ավարտից հետո հանրությունը կտեղեկացվի համերգի հստակ օրվա մասին։

«Ըստ «Դոպինգ Սփեյս» ՍՊԸ-ի կողմից տրված տեղեկատվության՝ հայտնում ենք, որ վաճառված տոմսերի գումարի զգալի մասն արդեն իսկ վերադարձվել է գնորդներին, գործընթացը դեռևս շարունակվում է՝ ըստ վերջիններիս պահանջի: Ընկերությունը հայտնում է, որ տոմսերի վերադարձն իրականացվում է գնորդների ցանկությամբ, և այդ հանգամանքը որևէ կերպ չի կարող համերգի չկայացման հիմք հանդիսանալ»,- մանրամասնել է Գիլոյանը։ Արտիստի երևանյան համերգի կայացման վերաբերյալ Factor.am-ը հարցում է ուղարկել նաև վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանին և «Դոպինգ Սփեյս» ընկերությանը։ Ո՛չ վարչապետի աշխատակազմից, ո՛չ էլ ընկերությունից դեռևս չեն պատասխանել, ի վերջո, Երևանում կայանալո՞ւ է համաշխարհային աստղի համերգը, թե՝ ոչ։ Ավելի վաղ լուրեր էին տարածվել, թե Սնուփ Դոգի երևանյան համերգի տոմսերի ﬔծ մասը վերադարձվել է գնորդներին։ Մինչդեռ «Դոպինգ սփեյս» ընկերությունից լրատվամիջոցներին հայտարարել էին, որ Սնուփ Դոգի երևանյան համերգը կայանալու է: Նշենք, որ ԱԺ-ում «ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ասել էր, որ հնարավոր է` ամերիկացի ռեփեր Սնուպ Դոգի երևանյան համերգը տեղի ունենա այս տարվա օգոստոսին։

Հիշեցնենք, որ նախորդ տարի սեպտեմբերի 23-ին նախատեսված էր հայտնի ռեփեր Սնուփ Դոգի երևանյան համերգը, որը հետաձգվեց՝ Արցախի վրա Ադրբեջանի հարձակման և դրան հետևած իրադարձությունների պատճառով։

Ռեփերի համերգի համար պետբույջեից շուրջ 2.3 մլրդ դրամն ամբողջությամբ վճարվել է անցած տարվա օգոստոսի 25-ին։ Ի դեպ, Սնուփ Դոգի համերգի վերաբերյալ բուռն քննադատություններին 2023 թվականին ԱԺ-ում անդրադարձել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով․ «Սնուփ Դոգին բերում ենք, որ իմանան՝ Հայաստանն ապրում է, ծնկի չի եկել»։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն էլ կարծիք էր հայտնել, որ համերգի կայանալու դեպքում այն պետք է բաց լինի բոլորի համար։



© factor.am

The post «Դոպինգ Սփեյս» ընկերությունը շարունակում է Սնուփ Դոգի հետ բանակցությունները համերգի ամսաթվի և տեխնիկական պայմանների վերաբերյալ․ ԿԳՄՍՆ. Factor first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

Читайте на 123ru.net