Ծեծկռտուք և դանակահարություն Սևանի թերակղզու լողափնյա տարածքում. կա ձերբակալված անձ

Օգոստոսի 22-ին՝ ժամը 19:15-ին, ՆԳՆ ոստիկանության Գեղարքունիքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն «Սևան» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ կտրած վերքով 56-ամյա տղամարդ է բուժօգնության տեղափոխվել:

Մինչ հիվանդանոցային ահազանգը, մարզի պարեկներն էին հայտնել, որ ծառայություն կատարելիս Սևանի թերակղզու լողափնյա տարածքներից մեկում նկատել են մի խումբ քաղաքացիների, որոնք վիճաբանում են: Մոտեցած պարեկներին երիտասարդներից մեկը հայտնել է, որ վիճաբանության մասնակից սևանցի երիտասարդը դանակով հարվածել է իրեն: Սևան քաղաքի բնակիչ 22-ամյա երիտասարդին պարեկները ձերբակալել և տեղափոխել են ոստիկանության Սևանի բաժին:

Ոստիկանության Սևանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ժամը 18-ի սահմաններում թերակղզու լողափնյա տարածքում մի խումբ տղամարդկանց միջև տեղի ունեցած վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, որի ընթացքում էլ սևանցի 22-ամյա և 23-ամյա երկու երիտասարդները դանակահարել են վիճաբանության երկու մասնակցի:

Ձերբակալված 22-ամյա երիտասարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Սևանի քննչական բաժին:

Ձեռնարկվում են միջոցներ` Սևան քաղաքի բնակիչ 23-ամյա երիտասարդին հայտնաբերելու ուղղությամբ:

Հանգամանքները պարզվում են:

The post Ծեծկռտուք և դանակահարություն Սևանի թերակղզու լողափնյա տարածքում. կա ձերբակալված անձ first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

Читайте на 123ru.net