Ձեր օրինակով ցույց եք տալիս, որ կինը կարող է արդյունավետ աշխատել ոստիկանությունում. ԱՄՆ դեսպան
Օգոստոսի 23-ին ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը և Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինը հանդիպում են ունեցել ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կին ծառայողների հետ։
ՆԳՆ-ից տեղեկացնում են, որ ողջունելով ներկաներին՝ Արփինե Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ դեսպանին և նրա թիմին՝ սերտ համագործակցության և հանդիպման նախաձեռնության համատեղ պատրաստակամության համար։
Փոխնախարարը նշել է, որ քննարկումների նպատակը ոչ միայն կանանց ներկայացվածության ընդլայնմանը խոչընդոտող հանգամանքների վերհանումն է, այլև համակարգում կին ծառայողների ներուժի պահպանման, կարողությունների կատարելագործման, աշխատանքային պայմանների բարելավման ուղղությամբ օրենսդրական լուծումների նախանշումը, ինչը կնպաստի թիրախային ուղղություններով մոտեցումների ձևավորմանը։
«Մեզ համար իրականում կարևոր է ձեզ հետ ունենալ անկաշկանդ զրույց և, որպես այս խոչընդոտների առաջնային կրող, լսել ձեզնից, թե ինչ խնդիրներ և լուծումներ կան ու, ըստ այդմ, համատեղ փորձենք այդ խնդիրները լուծել և առաջ գնալ»,- ասել է ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը։
Անդրադառնալով ոստիկանությունում կանանց ներկայացվածության արդյունավետությանը՝ փոխնախարարն ընդգծել է ծառայության անցնելու արհեստական խոչընդոտների վերացման, կարծրատիպերի հաղթահարման ուղղությամբ քայլերի շարունակականության ապահովման անհրաժեշտությունը։
Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինը առանձնահատուկ կարևորել է ոստիկանությունում կանանց ներգրավվածությունը խթանելու ուղղությամբ ՆԳ նախարարության հանձնառությունը։
«Ինձ համար պատիվ է կին ոստիկանների հետ նույն շրջապատում լինելը։ Անչափ կարևորում եմ ոստիկանության տարբեր օղակների խնդիրներին արդյունավետ արձագանքի ապահովումը։ Կանանց ներկայացվածության խնդիրը բնորոշ է ոչ միայն Հայաստանին, այլև այլ երկրների, այդ թվում՝ Միացյալ Նահանգներին, որտեղ ևս մեծ ջանքեր են պահանջվում ավելի շատ կանանց ներգրավելու ոստիկանական ծառայության մեջ։ Շնորհակալություն եմ հայտնում բոլորիդ, որ առաջամարտիկ եք և ձեր օրինակով ցույց եք տալիս, որ կինը կարող է արդյունավետ աշխատել ոստիկանությունում»,- ասել է Քրիստինա Քվինը։
Արփինե Սարգսյանն անդրադարձել է նաև ոստիկանությունում կանանց ծառայության անցնելու առավել հաճախ հանդիպող խնդիրներին, նշել ներկայացվող բժշկական և ֆիզիկական պահանջների մասին՝ շեշտադրելով անձի կարողությունների հաշվառման անհրաժեշտությունը։
Ոստիկանական համակարգում կանանց ներգրավվածության փուլային ընդլայնման և առավել բարձր մակարդակ ապահովելու առումով Արփինե Սարգսյանը կարևորել է նաև տղամարդ գործընկերների աջակցությունը։
Ներկաները կիսվել են ծառայության ընթացքում հանդիպած խնդիրներով, քննարկել կարողությունների զարգացման և մասնագիտական առաջխաղացման խոչընդոտների վերաբերյալ հարցեր և առաջարկել համակարգային լուծումներ։
The post Ձեր օրինակով ցույց եք տալիս, որ կինը կարող է արդյունավետ աշխատել ոստիկանությունում. ԱՄՆ դեսպան first appeared on MediaLab Newsroom-Laboratory.