Փաշինյանի առաջարկը, որ եկեք մի բան ստորագրենք, Ադրբեջանն ամբողջությամբ մերժեց, այս փուլում նրանք ոչինչ չեն ստորագրի. Հայրապետյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է պատմական գիտությունների թեկնածու, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը

– Տիկի՛ն Հայրապետյան, Ադրբեջանում արտահերթ խորհրդարանական ընտրություններն ավարտվեցին, ի՞նչ պատկեր է գրանցվել, ու ի՞նչ հետընտրական իրավիճակ է այնտեղ։

– Այս ընտրությունները, ինչպես Ադրբեջանում բոլոր ընտրությունները, անցկացվել են ընտրակեղծիքներով, այդքանով հանդերձ Ադրբեջանի պես ավտորիտար երկրի համար, որտեղ սովորաբար բարձր մասնակցություն են ցույց տալիս, մասնակցությունը ընտրություններին բավականին ցածր տոկոս է կազմել՝ մոտավորապես 37%։ Այդ ընտրությունների արդյունքում 125 պատգամավորական մանդատից 68-ը «Նոր Ադրբեջան»՝ Իլհամ Ալիևի կուսակցությանն են պատկանում, կան բազմաթիվ անկուսակցականներ, որոնք ամբողջությամբ պաշտպանում են Իլհամ Ալիևի քաղաքական կուրսը, ըստ էության, կան մի քանի կուսակցություններ, որոնք «Նոր Ադրբեջան» կուսակցությունից ավելի շատ են պաշտպանում Իլհամ Ալիևին։ Կար «Ադրբեջանի նոր ճակատ» ընդդիմադիր ուժը, որը բոյկոտել ու չի մասնակցել ընտրություններին, մյուս ուժը, որ մասնակցել է, «Մուսավաթ» կուսակցությունն է, որը չի անցել խորհրդարան։ Ընդհանուր առմամբ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի դիտորդական առաքելությունն իր զեկույցում ընտրական գործընթացը ներկայացրել է որպես ոչ ազատ։

– Այսինքն՝ արդյունքները ընդհանուր առմամբ սպասելի՞ էին։

– Միանշանակ, միակ զարմանք առաջացնող փաստը ցածր մասնակցությունն էր, բայց, ընդհանուր առմամբ, մեծ մասամբ պատգամավորները պահպանել են իրենց մանդատները, հատուկենտ փոփոխություններ են եղել, բայց ովքեր էլ փոխել են, իրենց մանդատը ստացել է, օրինակ՝ այդ պատգամավորի կինը, տղան կամ դուստրը։ 

– Ինչո՞ւ խորհրդարանական այս ընտրություններն Ադրբեջանում արտահերթ անցկացվեցին։

– Իմ դիտարկմամբ՝ պայմանավորված այն հանգամանքով, որպեսզի նոյեմբերին COP29-ի հետ համատեղ չանցկացվեին, որովհետև, ըստ նախատեսված ժամանակացույցի՝ ընտրությունները տեղի պետք է ունենային նոյեմբերին։ 

– Միակ պատճառը դա՞ է, որովհետև Հայաստանում որոշ փորձագետներ մտավախություն են հայտնում, որ Ադրբեջանը ցանկանում է կրկնել նույն սցենարը, ինչ 2020-ին, տիկի՛ն Հայրապետյան։

– Իրականում այն ժամանակ, երբ Ադրբեջանում տեղի ունեցան արտահերթ խորհրդարանական ընտրություններ, դրա պատճառաբանությունն այն չէր, որ իրենք գնում են ռազմական գործողությունների, այլ այն, որ 2018-ից հետո տեղի էին ունեցել ընտրություններ, և բավականին երիտասարդ պատգամավորներ էին հայտնվել խորհրդարանում, որոնք նաև միջազգային հարթակներում կարողանում էին ավելի նորովի ներկայացնել Հայաստանին առնչվող հարցերը, ու հենց այդ ռակուրսից, երբ Ադրբեջանից գնում էին բավականին տարեց պատգամավորներ ու ներկայացուցիչներ, կարծում եմ, որ այդ նպատակով իրենց խորհրդարանում տեղի ունեցավ սերնդափոխություն, որպեսզի համարժեք լինի։ 

– Իսկ դուք այդ մտավախությունը չունե՞ք, որ այս ընտրություններից հետո Ադրբեջանը ռազմական գործողությունների կգնա Հայաստանի դեմ։

– Ես միշտ մեղադրվում եմ վատ լուրեր հաղորդելու համար, բայց իրականում դաշտի բաց մոնիթորինգի հիման վրա կարող եմ ասել, որ անկախ տարբեր զարգացումներից՝ կլինի ընտրություն, COP29 և այլն, Ադրբեջանն ունի Հայաստանի հետ կապված հեռահար նպատակներ ու ընդհանրապես դա չի թաքցնում։ Նրանք շատ պարզ ու ուղիղ տեքստով են խոսում այդ մասին, երկիրդ այլ կերպ են անվանում, ֆինանսական ռեսուրսներ են ծախսում, դեռ մի բան էլ սկսել են հայտարարել, որ վտարանդի կառավարություն են ստեղծելու և այլն, խոսում է հենց հեռուն գնացող նպատակների մասին։ 

Ունեցած այդ հավակնություններն իրենք իրագործում են ուժով և ուժի սպառնալիքով, ուղղակի ժամանակի հարց է, թե երբ են գնալու այդ քայլին, բայց այն, որ Ադրբեջանը բնավ չի գնում Հայաստանի հետ խաղաղության, դա ակներև է, ի վերջո Նիկոլ Փաշինյանի վերջին առաջարկն ասուլիսում, որ եկեք գոնե մի բան ստորագրենք, Ադրբեջանն ամբողջությամբ մերժեց, իրենց ԱԳ նախարարն ակնհայտ մերժեց, այս փուլում նրանք չեն ստորագրի որևէ փաստաթուղթ, որովհետև այլ նպատակներ ունեն։ 

– Իսկ այդ դեպքում ինչի՞ մասին են այդ բանակցությունները, սահմանազատման, սահմանագծման հարցերի մասով ստորագրված կանոնակարգը։

– Որպեսզի Ադրբեջանն օրինականացնի այդ տարածքներում Հայաստանի կողմից իրեն արված միակողմանի զիջումը։ Դուք տեսե՞լ եք, որ խոսք գնա այլ հատվածներում սահմանազատման մասին, որ տարածքները պետք է դեօկուպացվեն։ Նման բան չի լինելու, որովհետև կա իրողություն, որը չես կարող հաշվի չառնել, այդ պետության քաղաքականությունը բոլորովին այլ է, և նրանք այլ ուղղությամբ են գնում, նրանք այնքան պարզ են խոսում դրա մասին, որ ուղղակի պետք է կույր լինել՝ դա չտեսնելու համար։ 

– Արդեն խոսվում է «Զանգեզուրի միջանցքի» կամ Ադրբեջանը Նախիջևանին կապող երթուղին օտարերկրյա կազմակերպության վերահսկողությանը հանձնելու մասին, ինչ եք կարծում, Ադրբեջանը համաձա՞յն է այդ ձևով շահագործվող ճանապարհին։

– Ո՛չ, այդ տարբերակն Ադրբեջանը չի ընդունել, այդ առաջարկն իրականում գալիս է ԱՄՆ-ից, նրանք շատ բաց խոսել են այդ մասին, իսկ Ադրբեջանի նախագահի հատուկ հարցերով ներկայացուցիչը ԱՄՆ-ում հայտարեց, որ խաղաղության փաստաթղթից դուրս է դրվում կոմունիկացիաների հարցը, ինչը նշանակում է, որ իրենք չեն ընդունում այդ առաջարկը, որովհետև այն ենթադրում է, որ Իրանն ու Ռուսաստանը պետք է դուրս մնան այդ նախագծից։ 

– Սրանից ելնելով՝ կարո՞ղ ենք ասել, որ Ադրբեջանը հակված է, որ այդ հարցը կարգավորվի հենց նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետում ամրագրված ձևով։

– Ադրբեջանն իհարկե կգնար այդ ճանապարհով, բայց ավելի հավակնոտ ցանկություն ունի, որ այդ ճանապարհը լինի իր ու Թուրքիայի վերահսկողության ներքո, որպեսզի ռուսական կողմից էլ կախվածություն չլինի, բայց եթե գնան այդ ուղղությամբ, ապա կարծում եմ, որ Ադրբեջանը կգնա դրան, չէր մերժի ռուսական կողմին։

– Ստացվում է, որ հիմա այդ կետին դեմ է հայկակա՞ն կողմը, տիկի՛ն Հայրապետյան։

– Ես կարծում եմ, որ այստեղ առարկայականը իրանական կողմի դիրքորոշումն է, որովհետև մեծ հաշվով Հայաստանն իրեն դուրս է դրել գործընթացներից։ Ընդհանուր գործընթացի մեջ Լավրովի հայտարարությունից հետո Իրանում Ռուսաստանի դեսպանին նորից կանչեցին ու հիշեցրեցին իրենց դիրքորոշումն այդ հարցի մասով։ Ադրբեջանական մամուլի հրապարակումներից էլ դատելով՝ իրանական կողմն այդ հարցում իր դիրքորոշումը չի փոխում։ 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am

The post Փաշինյանի առաջարկը, որ եկեք մի բան ստորագրենք, Ադրբեջանն ամբողջությամբ մերժեց, այս փուլում նրանք ոչինչ չեն ստորագրի. Հայրապետյան first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

Читайте на 123ru.net