Like առ like, սմայլիկ առ սմայլիկ. Տիկ-Տոկից ընտրախցիկ տանող ճանապարհը

Մինչ ՀՀ քաղաքացիները փորձում են հաշվել, թե քանի ապաստարան կա տարածքում, երբ և որտեղ կսկսվի հաջորդ ռազմական բախումը, իսկ Արցախից բռնի տեղահանվածները սոցիալական գոյության հարցեր են լուծում, երկրի վարչապետը լուռ ժպտում է սրճարանում նստած սեփական կնոջը: Մասնակցում է համերգի, տոնավաճառի, նկարվում մարդկանց հետ սրճարանում, սոցիալական ցանցերում գրառում անում… 

Շատերը բողոքում են, որ երկրի համար այս օրհասական պահին վարչապետն ու առաջին տիկինը «թիթեռնիկ են նկարում», մինչդեռ ուշադիր դիտողը կնկատի, որ նրանք աշխատում են. պատրաստվում են գալիք ընտրություններին։ 

2026 թվականը սարերի հետևում չէ։ Իշխող կուսակցության գլխավոր անդամի վարկանիշն էլ, անգամ քաղաքական վարկանիշների ընդհանուր ծանր վիճակում, միևնույն է՝ եղածներից ամենաբարձրն է։ 

Քաղաքագիտության թիվ մեկ օրենքն ասում է` յուրաքանչյուր իշխանություն նախևառաջ ձգտում է պահպանել իշխանությունը։ 

Դա անելու համար Հայաստանում թերևս պետք է անել երկու բան` «մաքուր պահել» քաղաքական դաշտը, հնարավորինս բարձր պահել սեփական վարկանիշը։ Առաջին ուղղությամբ դժվար է ասել, թե ինչպես են աշխատում։ Մեկը կասի` ընդդիմությունն ինքն է իր ձեռքով օգնում իշխանությանը, մյուսը կասի` տարբեր ռեպրեսիվ մեխանիզմներ են կիրառվում, երրորդը կասի` ֆեյքերի ֆաբրիկան է աշխատում։ Այստեղ տեսակետներն ու գնահատականները տարբեր են։ Իսկ ահա վարկանիշի առումով աշխատանքը հստակ երևում է։ 

Իշխող կուսակցությունը չունի գաղափարախոսություն («Մերժիր Սերժին»-ը ի վերջո գաղափարախոսություն չէ), հետևաբար շատ տարբեր մարդիկ հավաքված են մեկ անձի շուրջ։ Սա մեծ հաշվով հեշտացնում է գործը։ 

Պետք չէ ապացուցել, որ կուսակցությունը չի շեղվել իր գծած ուղուց, հստակ տեսլականի և նպատակների կարիք չկա, քանի որ գաղափար չկա, պարզապես հարկավոր է ընտրողին նորից ու նորից ցույց տալ, որ Նիկոլ Փաշինյանն իրենցից մեկն է։ Լայն զանգվածները սոցիալապես օտար թվացող կոստյումով անհատների մեջ կընտրեն այն թեկնածուին, որն իրենց ավելի հարազատ կթվա։ Այստեղ հարկավոր է նշել, որ այդ զգացողությունը ընդհանրապես կարող է կապ չունենալ իրականության հետ, կարևորը միջին ընտրողը մտնի Տիկ-Տոկ ու պարբերաբար տեսնի նույն մարդուն։ 

Ասեմ, որ նման արշավով Ն. Փաշինյանը հեծանիվ չի հորինում, չնայած իր մեծ սիրուն առ այս փոխադրամիջոցը։ Նախկին իշխանությունները քաղաքական լիովին այլ ոճ էին բանեցնում։ Ավելի պաշտոնական, ինչպես «Հայրիկ» ֆիլմի հերոսն էր ասում` պիտի դիստանցիա պահես։ 

Այս ոճը ժամանակին հատուկ էր բոլոր երկրների քաղաքական մշակույթին։ Բայց շուտով, համացանցի ակտիվացման հետ Արևմուտքում քաղաքական մշակույթը սկսեց փոխվել։ 

Ենթադրում եմ, որ սխալված չեմ լինի, եթե ասեմ, որ մեր քաղաքական դաշտ առաջին անգամ այս նոր «մարդամոտ» մշակույթը ներկրեց նախկին ԱԳ նախարար Րաֆֆի Հովհաննիսյանը։ Շատերը կհիշեն, թե ինչպես էր նա զբոսնում Երևանի փողոցներում և ժպտում ու բարևում պատահական անցորդներին։ Զարմանալի է, բայց այս մոտեցումը լավ աշխատեց։ Այսօր Նիկոլ Փաշինյանը շատ ավելի մեծ գործիքակազմ ունի իր ձեռքին։ Մի կողմից ամենալայն ծածկույթն ունեցող Հանրային հեռարձակողը, մյուս կողմից` համացանցը։ 

Մինչ Երևանի ավանգարդ կենտրոնը երկար ու կարճ գրառումներ է անում Ֆեյսբուքում, Նիկոլ Փաշինյանը տեղափոխել է Տիկ-Տոկ, իսկ ավելի հստակ՝ կարճ հոլովակների աշխարհ, որոնց դիտողականությունը մեր երկրում շատ բարձր թվերով է արտահայտվում։ 

Ստացվում է, որ եթե ժամանակին փողոցում զբոսնելիս քաղաքացին կարող էր տեսնել Րաֆֆի Հովհաննիսյանին, ապա այժմ տարատեսակ սոցիալական ցանցերում հանգստանալիս տեսնում է իրեն ժպտացող Փաշինյանին։ 

Վերջինս նաև հասկանում է, որ ընտրատեղամաս պարտաճանաչ հասնողների զգալի մասը նաև միջին տարիքի կանայք են։ Եվ ի՞նչը կարող է ընտրողների այս խմբի համար ավելի հաճելի լինել, եթե ոչ սիրող ընտանիքի պատկերը, որտեղ կինը ակտիվ կյանք է վարում, միևնույն ժամանակ ճիշտ նրանց պես տոլմա է եփում է, լոբի մաքրում է, հագնում ջինսե տաբատ։ 

Յուրաքանչյուր մարքետոլոգ ձեզ կպատմի, որ միևնույն դեմքերը հաճախ տեսնելը ուղեղի կողմից ընկալվում է այնպես, ասես դուք այդ մարդկանց անձամբ ճանաչում եք։ 

Ուղեղը շատ չի տարբերակում՝ դեմքը էկրանի՞ց է ձեզ նայում, թե՞ նստած է ձեր առջև։ Նաև սոցիոլոգները ձեզ կարող են պատմել, որ մարդիկ քաղաքական ընտրության հաճախ գնում են ձայն տալու համար «մերոնց» և ոչ քաղաքական ծրագրին: Եվ եթե քաղաքական դաշտում չկան օրակարգ, գաղափար ու նպատակ, ապա ընտրողի համար մերոնքական է համարվելու առօրյայում իր աչքի առջև ավելի հաճախ երևացող, խոսույթով, ձևով և տեսքով իրեն ավելի նման անձը: Արդյունքում՝ ընտրողը թռչնակ է դնելու այն ուժի կամ մարդու անվան առաջ, ում ամենաշատն է համարում «մերոնքական», եթե անգամ գիտակցում է, որ նա էֆեկտիվ չէ։ 

Սրան զուգահեռ իշխանությունը, իմ կարծիքով, բավականին հաջող քարոզ է տանում օտարին ծառայող «նախկինների» մասին՝ հուշելով ընտրողին, որ այ այս մարդիկ «մերոնքական» չեն։ Անգամ «Հայրենիքը պետություն է» կոնցեպտը, որը կարծես թե նոր են մշակել ՔՊ գրասենյակում, նույնպես գծում է այս սահմանը` մի տեսակ կարմիր գիծ տանելով ներկայիս ՀՀ տարածքում բնակվող «մերոնց» և դրսերի հետ կապեր ունեցող նրանց ու սփյուռքի միջև։ Տպավորություն կա, որ սա հստակ գծված նախընտրական քարոզչական արշավ է։ 

Եվ այն հաշվի է առնում մեր հասարակության մեջ առկա այն բոլոր կնճիռները, որը շատերս տարիներ շարունակ փորձել ենք չնկատել։ Դրանք են` լքված և անտեր լինելու զգացողությունը, «մեզ լքած, բայց դրսերում լավ ապրող» սփյուռքի մասին պատկերացումները, խոշոր բիզնեսի ներկայացուցիչ ու այլ երկրներում գանձեր պահող քաղաքական գործիչների մասին պատկերացումները, «մերոնց» անկախ ամեն ինչից պաշտպանելու հատկությունը և այլն, և այլն։ Մերօրյա ՀՀ իշխանությունները ճանաչում են ժողովրդի այս հուզական կետերը և առնվազն մինչև հիմա բարեհաջող բանեցրել են դրանք հօգուտ իրենց։ 

Խոսքը չէ, բարեհունչ հայտարարությունները չեն, որ ազդում են մարդկանց վրա։ Նրանց վրա ազդում են մարդիկ։ 

Իհարկե ամեն պահ իրավիճակը կարող է փոխվել, կարող են ի հայտ գալ անկանխատեսելի գործոններ, որոնք կնվազեցնեն գործադրված ջանքերի արդյունավետությունը։ Այդուհանդերձ այս պահին իշխանության ձեռնարկած «մարդամոտ» քարոզչությունը նրանց պահում է իշխանության ղեկին։ Հետևաբար` կարելի է եզրակացնել, որ նրանք իրենց գլխավոր նպատակին հասնում են ամեն օր` կարճ հոլովակների միջից իրենց ընտրողին ժպտալով։ 

Հաշվի առնելով կոռուպցիոն սկանդալները, ձախողումները արտաքին և ներքին դաշտերում և չլուծված անվտանգային հարցերը, հավանաբար սա տրամաբանական մոտեցում է: Ո՞ւմ են պետք ներկայացված բուն արդյունքները, եթե հուզական ազդեցությունը շատ ավելի խորն է: 

Ու մինչ շատերը զարմանում են, թե ինչպես կարելի է նման անլուրջ հոլովակներ տարածել, Նիկոլ Փաշինյանն ու տիկին Հակոբյանը like առ like փորձում են հավաքել ընտրողների ձայները: 

Լիանա Խաչատրյան 

MediaLab.am

The post Like առ like, սմայլիկ առ սմայլիկ. Տիկ-Տոկից ընտրախցիկ տանող ճանապարհը first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

Читайте на 123ru.net