Հպարտություն է տեսնել Ձեզ՝ Հայաստանը ներկայացնելիս. Ժաննա Անդրեասյանն ընդունել է թենիսիստուհի Էլինա Ավանեսյանին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է թենիսիստուհի Էլինա Ավանեսյանին, որը Կանանց թենիսի ասոցիացիայի (WTA) վարկանիշային աղյուսակում զբաղեցնում է 49-րդ տեղն ու արդեն մի քանի միջազգային մրցաշարերի է մասնակցել ՀՀ դրոշի ներքո:

Ինչպես հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից, հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, Հայաստանի թենիսի ֆեդերացիայի գործադիր տնօրեն Գևորգ Կարամանուկյանը, «Կերոն» զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Վանանե Արարքցյանը:

Ժաննա Անդրեասյանը ողջունել է Էլինա Ավանեսյանի՝ ՀՀ դրոշի ներքո հանդես գալու որոշումը: Նախարարը նաև շնորհավորել է հայ մարզուհուն, որն այսօր նշում է ծննդյան 22-ամյակը:

«Մեզ համար մեծ պատիվ և հպարտություն է տեսնել Ձեզ՝ Հայաստանը ներկայացնելիս: Վստահ եմ, որ Ձեր օրինակը կոգեշնչի ու կմոտիվացնի մեր երեխաներին՝ զբաղվելու թենիսով և ավելի ակտիվորեն ներգրավվելու սպորտում: Հավատացած եմ, որ դեռ մեծ հաջողություններ եք ունենալու, ինչը կնպաստի նաև մեր երկրում թենիսի մասսայականացմանն ու զարգացմանը: Ոգևորությամբ և հուզմունքով ենք հետևում Ձեր մրցելույթներին: Համոզված եմ՝ բոլորիս դրական էներգիան Ձեզ կմղի նոր հաղթանակների»,- նշել է Ժաննա Անդրեասյանը:

Էլինա Ավանեսյանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և խոստովանել՝ շատ հպարտ է հանդես գալ Հայաստանի Հանրապետության դրոշի ներքո: Նա հույս է հայտնել, որ կկարողանա նպաստել մեր երկրում մարզաձևի զարգացմանն ու մասսայականացմանը: Թենիսիստուհին պատմել է՝ երեկ Երևանում հանդիպել է նաև 100-ից ավելի երեխաների հետ, վարպետության դաս անցկացրել նրանց հետ, կիսվել խորհուրդներով: Ավանեսյանը նաև ինքնագրեր է բաժանել և լուսանկարվել նրանց հետ:

«Տպավորություններս աննկարագրելի են: Հիանալի փորձառություն էր: Շատ մեծ աջակցություն եմ ստանում այստեղ, ինչը շատ ոգևորիչ է ինձ համար»,- խոստովանել է 22-ամյա մարզուհին:

ԿԳՄՍ նախարարը տեղեկացրել է՝ ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտների 2024-2030 թվականների ռազմավարությամբ մեծ տեղ է հատկացվում նաև թենիսի զարգացմանը, և պրոֆեսիոնալ մարզիկների հետ համագործակցությունը և նրանց ներուժի օգտագործումը շատ կարևոր է:

«Կերոն» զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Վանանե Արարքցյանի նշմամբ՝ հիմնադրամն իր գործունեության հինգ ամիսների ընթացքում արդեն հասցրել է իրագործել է մի քանի հաջողված նախագծեր ԿԳՄՍ նախարարության հետ համագործակցությամբ: Նրա խոսքով՝ իրենց համար մեծ պատիվ է աջակցել սպորտային ու մշակութային գործիչներին, ինչպես նաև այն նախագծերին, որոնք կնպաստեն Հայաստանի զարգացմանն ու հեղինակության բարձրացմանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Էլինա Ավանեսյանի՝ առաջիկա մրցաշարերի մասնակցությանը, ինչպես նաև թենիսի զարգացման ուղղությամբ մեր երկրում անհրաժեշտ քայլերի իրականացմանը վերաբերող հարցեր:

The post Հպարտություն է տեսնել Ձեզ՝ Հայաստանը ներկայացնելիս. Ժաննա Անդրեասյանն ընդունել է թենիսիստուհի Էլինա Ավանեսյանին first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

Читайте на 123ru.net